Հիվանդը դու ես, չի կարելի մարդուն վիրավորել, ես երբեք բժշկի թուղթ չեմ ներկայացրել

Gagik Carukyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ իր անձնական մեքենայի վրա կտեղադրի խմբակցության ղեկավարի մեքենայի համարանիշները ու դա կօգտագործի: «Իմ մեքենայի վրա կդնեմ ԱԺ համարները, իսկ մեքենան կթողնեմ համապատասխան ասենք թե ԱԺ տրամադրության տակ: ԱԺ ֆրակցիայի ղեկավարն այդ իրավունքն ունի»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը ԱԺ այսօրվա նիստին մինչև աշխատանքային օրվա վերջ ներկա էր, ինչը եզակի դեպք էր: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ այսուհետ բոլոր նիստերին գալու է խորհրդարան ու մասնակցելո՞ւ է նիստերին:

«Բայց ես ասացի՝ երբ որ անհրաժեշտ ա, խնդիր կա, գալու եմ, ըստեղ եմ»,- ասաց նա: Հարցին, թե վաղն էլ է գալո՞ւ, նա պատասխանեց՝ «կիսատ ա մնացել, ոնց չգամ»: «Շատ հաճելի էր նստած, չեմ էլ ուզում հելնեմ»,- ասաց նա:

Ծառուկյանն ասաց, որ բացակայությունների համար երբեք բժշկի թուղթ չի ներկայացրել: Լրագրողի դիտարկմանը, թե միգուցե բժշկի թուղթ կներկայացնի հետագա բացակայությունների համար, նա պատասխանեց. «Հիվանդը դու ես, չի կարելի մարդուն վիրավորել, ես երբեք բժշկի թուղթ չեմ ներկայացրել»: