Հովիկ Աֆյան. «Մի գավաթ ռոմ»

- in Մշակույթ
Konyak Makallan

Կիրակնօրյա ընթերցումներ.

Գնացքի ձայնը գիշերային լռության մեջ պարտադիր ինչ-որ ազդեցություն թողնում է: Դա հին սովետական սառնարանի ձայն չէ` ժամանակ առ ժամանակ լսողությունը տաշող, դա անգամ նորածին երեխայի ձայն չէ, որը ևս, ով զարմանք, հաճախ կարող է քայքայել լսողությունը ու ոչ միայն լսողությունը: Գիշերային գնացքի ձայնը պարտադիր հիշողություններ է արթնացնում, անգամ նրանց մոտ, ովքեր երբեք գնացք չեն նստել:

Մաս Առաջին

Սարոն վաճառում էր տունը: Շատ մեծ չէր, ավելինմեկ հարկանի տունն իրականում շատ փոքր էր, ընդամենը երկու սենյակ, խոհանոց, սանհանգույց, և պատշգամբ: Սարոն վաճառում էր տունը ոչ թե, որովհետև նա փողի կարիք ուներ, այլ որովհետև նա հոգնել էր մենակ մնալուց, իսկ մարդկանց, այդ թվում Սարոյին թվում էր, որ մենակ լինելը պայմանավորված է ոչ թե սեփական էությամբ, այլ տվյալ բնակավայրով: Ասենք լեհական Լոձ քաղաքում բնակվող և իրեն միայնակ զգացող Գժեգոժին թվում է, որ ինքը միայնակ է Լոձում և գերմանական Քյոլն տեղափոխվելուն պես ինքն այլևս միայնակ չի լինի: Իրականում մենակությունը պայմանավորված չէ բնակավայրով. դա բնավորություն է, ապրելակերպ: Սարոն չգիտեր այս մասին, դրա համար էր վաճառում էր իր փոքրիկ տունը, որը գտնվում էր երկաթգծի հարևանությամբ, կարելի է ասել անգամ երկաթգծի վրա:

Սարոն երբեք գնացք չէր նստել, չնայած ողջ կյանքում ապրել էր իր փոքրիկ տանը, որը գտնվում էր երկաթգծի հարևանությամբ, կարելի է ասելերկաթգծի վրա: Սարոն երկաթգծի դիսպետչեր էր. նրա պարտավորությունն էր գնացքի ժամանման ժամերին բարձրացնել ազդանշանային դրոշակները և փակել ավտոճանապարհը մեքենաների համար, որպեսզի գնանցքն անարգել անցնի: Սարոն հրաշալի էր կատարում իր պարտավորությունը, թերևս այդ պատճառով էլ հոգնել էր: Մարդիկ միշտ հոգնում են իրենց պարտավորություններից դրանք հրաշալի անելով:

Սարոն երբեք ամուսնացած չէր եղել, թերևս այդ պատճառով էլ, երբ նրա տուն եկան “անշարժ գույք գնահատողները” ոչ ոք չարտասվեց, ոչ ոք արցունքոտ աչքերով չնայեց Սարոյին` լուռ խնդրելով չվաճառել տունը: Սարոն վաճառեց իր տունը, որը իրականում “անշարժ գույք” էր, ոչ ավելին: Գնահատողներն այն գնահատեցին 30 հազար ամերիկյան դոլար, Սարոն սակայն տունը վաճառեց 23 հազարով. նրան փող պետք չէր, նրան տունը վաճառել էր պետք, որը ինչպես իրեն էր թվում, վերջ էր տալու իր մենակությանը:

23 հազար դոլարով շատ բան կարելի է անել, օրինակբիզնես դնել, ասենք տաքսի սերվիս կամ կարի արտադրամաս, արագ սննդի կետեր, կարելի է նաև ճանապարհորդել կամ խաղատուն գնալ, խմել, վայելել աշխարհի բոլոր ս կանանց անսեր մարմինը, կարելի է ուղղակի մեքենա գնել ու սլանալ, քանի դեռ չես հոգնել մեքենայից: Կարելի է նաև նվիրաբերել համայնքի եկեղեցուն ու կիրակի օրվա պատարագներից մեկում լսել քո անունը վստահ լինելով, որ դրանից հետո, հենց այդ պահից երկնքի արքայության դարպասը բաց է քո առջև, եթե անգամ այդ գումարը խլել ես մի այրի կնոջից` խաբելով նրան: Վերջապես այդ գումարը կարելի է ի վերջո նվիրել չքավորներին, որ ի՞նչ, ինքդ էլ չհասկանալով: Սարոն որոշեց ճանապարհորդել: Եւ սա պատակահան չէր.աշխարհի ճանապարհորդների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, միայնակ մարդիկ են:

Չգիտես ինչու բոլորը ձգտում են նստել պատուհանի մոտ, մեքենաներում, ավտոբուսներում, գնացքներում, անգամ ինքնաթիռներում, որի պատուհանից ոչինչ չի երևում ըստ էության: Սարոն դիտում էր, թե ինչպես երկու փոքրիկքույր ու եղբայր, վիճում էին, թե իրենցից ով պետք է պատուհանի մոտ նստի: "Տեսնես ինչո՞ւ", մտածում էր Սարոն, "Գուցե որովհետև մարդիկ, անգամ ընտանիքներում ապրող մարդիկ, անգամ փոքրիկ մարդիկ միայնակ են ու հույս ունեն թեկուզ անգիտակցական, որ պատուհանից իրենք տեսնելու են մեկին կամ մի բան, ում կամ ինչը չկա, փնտրել են, ձգտում են, որ տեսնեն, գտնեն”:

Շուրջբոլորը մարդիկ էին, Սարոն դեռ երբեք այսքան շատ մարդ չէր տեսել միաժամանակ: Սարոն վայելում էր բազմաթիվ մարդկանց ներկայությունն իր կողքին, բայց և գիտակցում, որ ինքը շարունակում է մենակ մնալ, որովհետև այդ մարդկանցից ոչ մեկի հետ չի խոսում, և նրանք էլ իր հետ չեն խոսում: Սարոն նայեց պատուհանից ու հասկացավ, որ ինքը փաստորեն, ոչ թե մարդկանց էր փնտրում, այլ դեռևս իրեն էլ անհայտ մեկին, մի բան, որը կամ ով գուցե երևա պատուհանից, ինքը հույս ուներ, որ կերևա:

Երբ վայելում էր պատվիրած հնդկական կանաչ թեյը, ու երբ անձրև էր գալիս, և ինքն իր պատուհանից տեսնում ու լսում էր դրա կաթիլները, Սարոն տեսավ նրանդիսպետչերին, ով փակել էր ճանապարհը, որպեսզի գնացքն անարգել անցնի: Սարոն ոչինչ չասաց ու ոչինչ չարեց, նա կյանքում առաջին անգամ գնացք էր նստել ու կյանքում առաջին անգամ գնացքի դիսպետչեր էր տեսնում: "Ահա թե ինչ է տալիս մարդուն փողը", - մտածեց Սարոն շարունակելով, սակայն նայել պատուհանից` ինչ- որ մեկին կամ մի բան փնտրելու, հետևաբար գտնելու ենթագիտակցությամբ:

Մաս Երկրորդ

Այլ բան է ծովը, երբ ապրում ես նրա ափին ու ամեն առավոտ դուրս ես գալիս ձկնորսությանմ հետևաբարաշխատելու, այլ բան է, երբ նայում ես ծովին ու հեռանում սիրելիիդ մոտ պատմելու նրան, թե ինչ տեսար ծովում, այլ բան է, երբ անհոգ լողում ես նրա ջրերում, անհոգ և ագահորեն, քանի որ գիտես` շուտով վերադառնալու ես քաղաքդ, որտեղ ծով չկա, այլ բան է, երբ ապրում ես ծովի ափին գտնվող քաղաքում, ու ամեն երեկո հենց ծովի ափով ես վերադառնում աշխատանքից, և վերջապես ծովն այլ բան էր Սարոյի համար, քանի որ նա, իջնելով գնացքից, առաջին անգամ ծով տեսավ: Մարդն, ով ունի այն ամենը, ինչ ուզում է ունենալ, չի կարող անդադար, առանց կտրվելու նայել ինչ-որ մի բանի, անգամ, եթե այդ ինչ-որ բանը ծովն է: Սարոն նայում էր: Սարոն հասկացավ, թե ինչերից էր իրեն զրկած պահում իր տունը, դա հասկանալով, սակայն, նա չէր հասկանում ծովը: Օրինակ այն, թե ինչու են մարդիկ անդադար նայում ծովին, չկարողանալով կտրվել, ինչո՞ւ ինքը չի կարողանում կտրվել: “Գուցե մենակությունից”, – անցավ Սարոյի մտքով, “Եթե այո, ապա ինչո՞ւ են մարդիկ ծովի մոտ գալիս, որ ապացուցեն իրենց, որ իրենք միայնա՞կ են…”: Սարոն ոչինչ չէր հասկանում, Սարոն ծովը չէր հասկանում ու չէր կարողանում կտրել հայացքը ծովից:

Երեք շաբաթից Սարոն տեսավ, որ ինքն այլևս փող չունի: Նա նաեւ հասկացավ, որ եթե ծովն աշխարհի ամենագեղեցիկ երևույթն է, ուրեմն աշխարհի ամենագեղեցիկ երևույթն անգամ պահանջում է փող ու անվճար չէ:

Մարդիկ, ովքեր վաճառում են իրենց տունը, էլ վաճառելու բան չեն ունենում: Սարոն վաճառելու բան չուներ էլ: Նա նայում էր ծովին ու հենց այդ պահին էլ հասկացավ, որ ծովն ուրիշ է, երբ փող ունես, բոլորովին այլ բան, երբ չունես ոչինչ անգամ վաճառելու: Այս երեք շաբաթվա մեջ Սարոն ամեն օր լողացել էր ծովում, հինգ անգամ վարձակալել էր մոտորոնավակ, ամենամոտիկից ճանաչել էր տասնյոթ կնոջ, մինչև լույս խմել էր շուրջ հիսուն տղամարդու հետ, որոնցից երեքն այն տասնյոթ կանանցից երեքի ամուսիներն էին, և այս ամենը Սարոն արել էր իր հաշվին…

“Որքան մարդ կա ծովում…”, – մտածում էր Սարոն, առանց վայրկյան անգամ հայացքը թեքելու ծովից և մտածելու այդ բոլոր ծախսերի մասին: Սարոն հասկացավ, որ մարդիկ ծովում են, որովհետև նրանք սիրում են ծովը, իսկ դա նշանակում է, որ ծովը միայնակ չէ: “Ուրեմն, որպեսզի միայնակ չլինես, պետք է որ մարդիկ սիրեն քեզ, ոչ թե պետք է մարդկանց օգտակար լինես, իսկ դրանք ամենևին էլ նույն բանը չեն: Օրինակ, գնացքի դիսպետչերը, ով փակում է ճանապարհը մեքենաների համար, որպեսզի գնացքն անարգել անցնի, շատ ավելի օգտակար է մարդկանց համար, քան ծովը, բայց մարդիկ ծովն են սիրում”, – անցավ Սարոյի մտքով, նա հայացքը չէր կտրում ծովից:

Գիշերը նույնացրել էր ծովն ու երկինքը, և եթե լուսին չլիներ, անհնար կլիներ ասել, թե որտեղ է ավարտվում ծովն, ու որտեղից է սկսվում երկինքը: Աստղեր էլ կային, բայց ծովն էլ իր աստղերն ուներ. ալիքները սկզբում բերում, հետո շոյում էին ծովի հատակից եկած քարերը, որոնք հաջորդ օրն առավոտյան պետք է այլևս աստղեր չթվային, և որոնց պետք է հավաքեին զբոսաշրջիկներըիրենց տները տանելով ինչ-որ բան ծովի հատակից, որտեղ ոչ մի մարդ չի եղել: Ափին գտնվող փոքրիկ ժայռերին բախվելով ծովն ասես ցույց էր տալիս, որ ինքը կարող է և դրանց առնել իր տակ, բայց դրա կարիքը չունի, որովհետև ինքնաբավ է, հետևաբար` երջանիկ: Ոչ ոք չէր լողում էլ ծովում, բայց ափը դատարկ չէր. աղբահավաքներ, ալկոհոլիկներ, նրանց ճանապարհը բռնած լքյալ ու մենակ մարդիկ, սիրով զբաղվող զույգեր: Կային նաև ափին ուղղակի նստածներ, որոնցից մեկն էլ Սարոն էր: Նա ոչինչ չէր անում, անգամ չէր մտածում: Իսկ երբ մարդ ոչինչ չի անում ու ոչինչ չի մտածում, ուրեմն կա’մ քնած է, կա’մ ցանկանում է քնել, կա’մ խմած է, կա’մ ցանկանում է խմել: Սարոն ո’չ քնած էր, ո’չ էլ ցանկանում էր քնել: Նա խմած էլ չէր…

  • Հե~յ. այդ դո՞ւ ես”, – հանկարծ լսվեց հետևից:

Սարոն թեքվեց ու տեսավ ափին այս ժամերին թափառող լքված ալկոհոլիկներից մեկին, ու չնայած ինքն էլ մեծ հաճույքով հիմա կխմեր, շրջվեց կրկին դեպի ծովը:

  • Չե՞ս լսում, ինչ է, – շարունակեց ձայնը, մոտենում էր: Սարոն հիշեց եկվորին. նա այն շուրջ հիսուն տղամարդկանցից մեկն էր, ում հետ ինքը խմել էր, երբ դեռ փող ուներ: Սարոն ժպտաց: Նա հիշեց իր փիլիսոփայական եզրահանգումը ծովի ու գնացքի դիսպետչերի մասին, որ չնայած վերջինս ավելի օգտակար է մարդկանց, բայց մարդիկ ծովն են սիրում, “քանի որ ծովը մարդկանց հաճույք է տալիս”, նա հասկացավ, որ ինքն այդ մարդու համար ոչ թե դիսպետչեր է, այլ ծով ու էլի ժտաց:
  • Գուցե խմե՞նք, ես հյուրասիրում եմ, – ասաց մարդը: – Մի քավաթ ռոմը, կարծում եմ, չի խանգարի

Սարոն ռոմ սիրում էր, մանավանդ երբ հյուրասիրում էին. նա սովորական մարդ էր: “Ուրեմն ո՞ւմ ենք սպասում…”, ասաց Սարոն ու տղամարդիկ հեռացան ափից դեպի մոտակա բարը:

Իհարկե, խոսքը միայն մի բաժակ ռոմի մասին չէր: Տղամարդիկ շատ խմեցին, համենայնդեպս, երբ Սարոյի ընկերը ձեռքը տարավ դեպի դարչնագույն իտալական ոճով կոստյումից ներս ու հանեց դանակը, Սարոն այնքան էր խմած, որ ոչինչ չնկատեց: Նա ոչինչ չնկատեց անգամ այն ժամանակ, երբ ընկերը վեր թռավ տեղից ու դանակը մխրճեց ուղիղ իր սիրտը: Սարոն սկսեց զգալ միայն տղամարդու խոսքերից հետո. “Սատկի’ր, տակա’նք, գլխիս կոտոշներ տնկելու համար…”. թեև վերջին շնչում, բայց Սարոն հասկացավ, որ իր դիմացի տղամարդը ոչ միայն նրանցից մեկն էր, ում հետ ինքը խմել, երբ փող ուներ, այլև այն երեքից մեկն էր, ում կնոջ հետ ինքը քնել էր, երբ դեռ փող ուներ: Սարոն հասկացավ, որ մարդիկ մենակ չեն թողնում ոչ միայն նրանց, ովքեր իրենց հաճույք են պատճառում, այլև նրանց, ովքեր իրենց անասելի ցավ են պատճառում: Սարոն շշնջաց. “Ուրեմն ես մենակ չեմ”:

Վերջաբան

Սարոն մահացավ, նրան թաղեցին շուտափույթ, որ ոչ ոք չտեսնի: Թաղեցին երկաթգծի մոտ, կարելի է ասելերկաթգծի տակ, որտեղից էլ այս վայրերը եկել էր նա: Սարոյի թաղմանը ներկա էին երկու հոգի միայն նա, ով սպանեց և վերջինիս կինը: Կինը արտասվում էր: Կինը հետո էլ, ամեն անգամ, երբ անցնող ու եկող գնացքի ձայն էր լսում, արտասվում էր: