Հունվար – նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները

- in Տնտեսական
Hashvark

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները:

Համաձայն վիճպետկոմի հրապարակման նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական ակտիության ցուցանիշն աճել է 5.7%-ով: 2017թ.-ի նոյեմբերի նկատմամբ՝ 3.6%-ով: Այս տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ աճը կազմել է 0.8%:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017թ. նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1%-ով: Մինչդեռ այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է 6.8%-ոց անկում: Արդյունաբերության ոլորտի վիճակագրությունը բավականին հետաքրքիր պատկեր է ստեղծում ոլորտում տեղի ունեցող զարգացումների առումով: Մասնավորապես. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղում մեծ հաշվով արձանագրվել է ամբողջ 25.5%-ոց անկում 2017թ. նոյեմբեր ամսվա համեմատությամբ: Այս տարվա հոկտեմբեր ամսվա համեմատությամբ անկումը կազմել է 9.8%:  Մետաղական հանքաքարի արդյունահանման առումով 2017թ. նոյեմբերի համեմատ անկման մակարդակը հասել է 35.6%-ի: Հոկտեմբերի համեմատությամբ գումարային ծավալները նվազել են 23%-ով: Այս ոլորտի հետ կապված մեկնաբանությունները ավելորդ են: Հեղափոխական իրավիճակում առաջացած հզոր բնապահպանական շարժման արդյունքում, «նախադեպը չունեցող խնդիրներ առաջացան» Թեղուտում  և Ամուլսարում, ընդ որում Թեղուտում նախկինների լուռ թույլտվությամբ  այլ խնդիրներ նույնպես կուտակվել էին և ստացանք  այն, ինչ ունենք:

Մշակող արդյունաբերությունում նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ  արձանագրվել  է  6.4%-ոց աճ: Հունվար-նոյեմբեր ժամանակային միջակայքում աճը գրեթե 10%-ոց է: Հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 7.8%-ոց անկում: Ընդ որում սննդամթերքի արտադրությունում 2017թ, նոյեմբերի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 17%: Խմիչքի արտադրությունում՝ 2.5%, ծխախոտի՝ 15%, մանածագործական արտադրատեսակների արտադրության ոլորտում՝ գրեթե 28%:  Հագուստի, քիմիական նյութերի, ռետինե արտադրատեսակների, պատրաստի մետաղի արտադրատռեսակների, կահույքի և էլի մի շարք արտադրություններում աճը եղել է 15-25 մինչև  60 տոկոս ու ավել: Անկում է արձանագրվել տնտեսության համար առաջատարների շարքում հանգրվանած դեղագործական արտադրությունում (ավելի քան 32%) և ոսկերչությունում (18.5%): Ինչպես նաև համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունում,  էլեկտրական սարքավորանքի, մեքենաների արտադրությունում:

Հոկտեմբեր ամսվա համեմատությամբ սննդամթերքի արտադրության ոլորտում անկումը կազմում է 5%, խմիչքի արտադրությունում՝ մոտ 10%: Մի շարք ճյուղերում հոկտեմբերի համեմատությամբ զգալի ետընթաց է գրանցվել: Ինչ վերաբերում է հունվար-նոյեմբեր ժամանակային կտրվածքով համեմատություններին, ապա այդ առումով ցուցանիշներն անհամեմատ ավելի դրական են քան  զուտ նոյեմբերի կտրվածքով:

Սննդամթերքի արտադրությունում հունվար-նոյեմբերի ամիսների համեմատությամբ անկում է գրանցվել կաթի, ալյուրի, սպիրտային խմիչքների, բուսական յուղի, հացի և աղի արտադրություններում: Մնացած ավելի քան 20 առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների արտադրությունում արձանագրվել է 0.2%-ից մինչև 50-60%-ոց աճ: Միասին վերցրած էլեկտրաէներգիայի արտադրության, գազի, գոլորշու ոլորտում 2017թ, նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է ավելի քան 19%-ոց աճ: Հունվար–նոյեմբերի նկատմամբ շուրջ 7%-ոց, իսկ հոկտեմբերի նպատմամբ մոտ 4%-ոց աճ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հոկտեմբերի համեմատությամբ ավելի քան 2%-ոց անկում է, մինչդեռ նոյեմբերի և հունվար–նոյեմբերի համեմատությամբ աճը կազմել է համապատասխանաբար  19.2 և 8.1 տոկոս:

Գյուղատնտեսության ոլորտում 7-8%-ոց անկում է: Ընդ որում եթե անասնաբուծությունում  անկումը  պակաս է քան 2%-ը, ապա բուսաբուծությունում այն հասնում է գրեթե 25%-ի:

2018թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակային միջակայքի համեմատությամբ շինարարության ծավալների ֆինանսական աճը կազմել է 5.5%: Ընդ որում պետական բյուջեից հատկացումների աճը կազմել է  16.5%:  Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունն աճել է ավելի քան 9%-ով:

2017թ. հունվար-նոյեմբերի ժամանակահատվածի համեմատությամբ 2018թ.-ի նույն ժամանակահատվածում առևտրաշրջանառությունը աճել է ավելի քաքն 9%-ով: Նոյեմբեր ամսվա համեմատությամբ մեծածախ առևտրաշրջանառությունը աճել է  12%-ով, մանրածախինը՝ պակաս քան 1%-ով: Այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ նոյեմբերին առևտրաշրջանառությունն աճել է 11.4%-ով: Ավելորդ չէ նշելը, որ ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ավտոմեքենաների առևտրի բաժինը կազմել է  4.6%:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2017թ.-ի նոյեմբերի համռմատությամբ աճել է 6.9%-ով: Ընդ որում արտահանումը նվազել է 5 և ներմուծումն աճել է ավելի քան 12%-ով: Եթե արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2017թ. հունվար-նոյեմբերին կազմել է  ընդհանուրի 28.2%,-ը, ապա այս տարվա համապատասխան ժամանակահատվածում այն հասել է 27%-ի: Նույն սկզբունքով ՌԴ-ի անցած տարվա 27.4-ից նվազել է 26.1%-ի:  ԵԱՏՄ մյուս գործընկերներից կրկնակի աճ է գրանցվել Ղազախստանի հետ ունեցած առևտրում: Հայաստանի ընդհանուր առևտրի 0.1%-ից այն հասել է 0.2%-ի:  Մյուս գործընկերներ Բելոռուսի  և Ղրղզստանի հետ եղած ցուցանիշները կայուն են մնացել. Առաջինի դեպքում 0.1% ընդհանուրի մեջ, երկրորդի դեպքում՝ զրոյական:

Ինչ վերաբռրում է ԵՄ երկրներին՝ անցած տարվա 24.9%-ոց ցուցանիշը հավասարվել է 25%-ի: ԱՄՆ-ի և Արաբական Էմիրաթների հետ ընդհանուրի մեջ ունեցած 3.1%-անոց ցուցանիշը նվազել է համապատասխանաբար 3.0 և 2.5%-ի: ԻԻՀ-ի հետ արտաքին առևտուրը որոշակիորեն աճել է մոտենալով 5%-ին, իսկ Վրաստանի հետ էապես նվազել է 3.8%-ից հասնելով 1.8%-ի:

Բայց քանի որ արտաքին առևտրի բավականին զգալի ծավալներ արձանագրվում են հենց դեկտեմբերին, ապա տարվա կտրվածքով որոշակի խմբագրումները չեն բացառվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...