Ձերբակալվել են Երեւանում մեքենան ջարդած 5 երիտասարդները

- in Հասարակություն
dzerbakalutyun

Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վճաբանության 5 մասնակիցները այսօր՝ հունվարի 21-ին ձերբակալվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հունվարի 17–ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն:

Մի խումբ երիտասարդներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն:

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին ենթարկել վիճաբանության մասնակիցներին:

Հունվարի 21–ին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ առերևույթ հանցանք կատարած 5 անձ ձերբակալվել է, ասված է հաղորդագրությունում:

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը:

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող 5 երիտասարդները ձերբակալվել են։

Մեր զրույցում նրանց փաստաբան էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր վստահորդերը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի կասկածանքով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։ Մեր զրույցում, սակայն, 5 երիտասարդի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ մինչ դեպքը վիճաբանություն է տեղի ունեցել իր վստահորդների եւ «Մերսեդեսի» վարորդի միջեւ՝ այլ վայրում: Ըստ պաշտպանի՝ վիճաբանության պատճառը եղել է իր վստահորդների հասցեին անձնական վիրավորանք հասցնելը, որն էլ պատճառ է հանդիսացել նման վարքի դրսեւորման:

Ալեքսանյանը նշեց, որ բոլոր ձերբակալվածներն այսօր հակիրճ ցուցմունq են տվել. «Իմ վստահորդները չեն ընդունել այն կասկածանքը, որը իրենց վերագրում են: Իրենք նշել են, որ խուլիգանական գործողություններ չեն կատարել, իրենց սեփական եսամոլությունը ընդգծելու եւ հասարակության անդորրը խախտելու որեւէ ցանկություն չեն ունեցել եւ իրենց այդ գործողութjունները ուղղված են եղել կոնկրետ անձի դեմ, որը պայմանավորված է եղել նրա կողմից վիրավորական արահայտություններ հնչեցնելու հետ: Իմ վստահորդները հայտնել են, որ պատրաստակամ են վաղը լրացուցիչ ցուցմունք տալ գործի իրական հանգամանքների վերաբերյալ: Նրանք չեն խուսափելու քննությունից եւ աջակցելու են քննությանը»,- ասաց էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը պատրաստվում է վաղը վիճարկել 5 երիտասրադներին ձերբակալելու՝ քննիչի որոշումը, քանի որ ըստ պաշտպանի՝ ձերբակալման հիմքը եւ նպատակը բացակայում է: «Ձերբակալման նպատակ նշվել է փախուստը կանխելը, այնինչ, մենք ինքնակամ ենք ներկայացել վարույթն իրականացնող մարմնին»,-հավելեց պաշտպանը:

Տեսանյութում երիտասարդներից մեկի ձեռքին եղած զենքի եւ մահակների մասին հարցին պաշտպանը չպատասխանեց՝ նշելով, որ այդ մասին քննության ընթացքում լրացուցիչ կտեղեկացնի:

Մեր հարցին ի պատասխան Ալեքսանյանը նշեց, որ գործով տուժող ճանաչված անձն ու ձերբակալվածները նախկինում իրար չեն ճանաչել, տեսել են դեպքի օրը:

Ձերբակալաված երիտասարդներն ընկերներ են՝ Երեւան քաղաքի բնակիչներ: