Այսօր մեկնարկում է ձմեռային զորակոչը: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հարցին, թե կարո՞ղ է բացառել, որ հիվանդ երիտասարդները չեն ուղարկվի ծառայության, Դավթյանը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել բժշկական հանձնաժողովին. «Զինվորները, զինծառայողները բժշկական հետազոտություն չեն անցկացնում, անցկացնում են բժիշկները: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր պայմանները ստեղծենք, մասնագիտական իրենց կարողությամբ իրենք կարողանան գնահատական տալ ու որոշումներ կայացնել»:

Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» և «Ես»-եմ ծրագրերը շարունակվում են: ԳՇ խետն ասաց՝ դեռ վաղ է թվեր հնչեցնելը, բայց այս պահի դրությամբ նույն թվերն են, որոնք նախորդ տարի էին. «Այս պահին 72 մարդ դիմել է «Ես եմ» ծրագրով, 90-ից ավելի՝ «Պատիվ ունեմ» ծրագրով: Դեռ զորակոչի առաջին օրն է, կան դիմումներ, որոնք քննարկման փուլում են»:

Արտակ Դավթյանն անդրադարձավ նաև պաշտոնյաների որդիների ծառայության մասին հարցին. «Ես չեմ հետաքրքրվում՝ որևէ նախարարի որդի գնում է բանակ, թե չէ: Իմ ինչի՞ն է դա, որպես Գլխավոր շտաբի պետ՝ ինձ համար որևէ տարբերություն եթե չկա: Վիճակահանությանը մասնակցում են, գնում են, մանավանդ, եթե վարչապետի երեխան նույնպես ծառայում է Զինված ուժերում, պաշտպանության նախարարի երեխան ծառայում է, որևէ մեկին արտոնություն չենք տալիս, ինչո՞ւ պետք է հետաքրքրվենք որևէ մեկի երեխայի հարցով: Իսկ եթե կան դեպքեր, թե ինչու չեն գնում, դրանով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն: Ովքեր չեն գալիս զորակոչի, մենք իրավապահ մարմիններին հայտնում ենք, իրենք զբաղվում են»:

Նա նշեց, որ վիճակահանության այդ ձևն արդարացված է, այն կպահպանվի, իսկ ընթացքը կհեռարձակվի: Ծառայության մեկնելուց առաջ վիճակահանության գործող սկզբունքով, ըստ նրա, արդարությունը պահպանված է:

Ինչ վերաբերում է ծնողների կողմից բանակ ուղարկվող հագուստին, ինչը վերջին ամիսներին մշտապես քննարկվել է, ԳՇ պետն ասաց, որ չեն կարող դա լիարժեք արգելել. «Բերենք միասին այս հարցին լուծում տանք: Ինչ որ մենք տալիս ենք զինծառայողին, բավարար է իր կենցաղն ապահովելու, մարտական խնդիրը կատարելու համար: Եվ եթե մայրը գտնում է, որ լրացուցիչ իրեղեն ինչ-որ միջոցներ է ուղարկում, այլ խնդիր է: Մենք սոցիալական տարբեր շերտերի ու բնավորության տեր մարդիկ ենք զորակոչում բանակ, որոնք ունեն տարբեր պահանջներ ու մոտեցումներ: Կան, որ միշտ ուզում են, որ ծնողներն իրենց ուշադրության կենտրոնում պահեն, պահանջում են ծնողներից այս կամ այն առարկաները: Կան, որ մեր հայկական սովորության համաձայն մյուսից հետ չմնալու համար ասում են՝ մեկի ծնողն ուղարկեց, ինչո՞ւ իրենք չուղարկեն: Եթե խնդիր կա համազգեստի, ներքնաշորի, կոշիկի հետ կապված, պատրաստ ենք քննարկելու, որպեսզի վերացնենք խնդիրը: Թե չէ ընդհանրապես արգելելը, գտնում ենք, ճիշտ չէ, եթե ծնողն ինքն է ուղարկում»:

Արտակ Դավթյանն ասաց, որ այս զորակոչիկները դեռևս հին կոշիկներ կստանան, որոնք եղել են նախորդ զորակոչերի ընթացքում: «Նոր կոշիկները արդեն ավարտման փուլում են, ավարտվելուց հետո կհատկացվեն զորամասերին: Հագուստի որակակաան փոփոխություն կա, արդեն բոլոր ներքանաշորրեը փոխված են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք: Նաև կլինի փոփոխություն նոր համaզգեստի կտորի հետ կապված»:

Սահմանին էական փոփոխություն չկա, հրադադարի ռեժիմը հիմնականոմ պահպանվում է, այսօր լրագրողներին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը. «Եթե նախորդ տարիների հետ համեմատենք, կրակոցնեի քանակի նվազեցում կա»:

Դիտարկմանը, թե Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանը սահմանապահ ծառայության ուժեր է բերում, Դավթյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ դա Ադրբեջանի գործն է, Ադրբեջանն է նման աշխատանքներ կատարում. «Մենք մեր մասով կատարում ենք որոշակի խնդիրներ՝ առանց հայտարարելու»:

Ըստ նրա՝ սահմանային իրավիճակում Ադրբեջանը որևէ փոփոխություն չի մտցրել և չի էլ կարծում, թե կմտցնի. «Եվ իրավիճակի վրա այս պահի դրությամբ որևէ դրական կամ բացասական ազդեցություն այդ ուղղությամբ չի կատարվել: Հետագայում մենք ընդհանրապես կողջունենք մոտեցումը հայ-ադրբեջանական սահմանին, եթե մենք սկսենք բանակցությունները և սահմանի որոշման խնդրով, և ընդհանուր ծառայության կազմակերպման վերաբերյալ, ինչպես ընդունված է ասել, պետք է լինի պետական սահմանում»:

Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է նաև բանակում անսարք մեքենաների շահագործման ու դրանց հետևանքով դժբախտ պատահարների խնդրին: Նրա խոսքով՝ վերջին 4 տարիների ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով: Դրան զուգահեռ շահագործումից հանվում են բոլոր այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն տարիքային կամ անսարքության պատճառով: Այս տարի նոր մեքենաների ձեռքբերման գործընթացը շարունակվելու է:

Դավթյանն ասաց, որ ոչ ոք չի կարող բացառել դժբախտ դեպքերը. «Ցանկացած տեխնիկա, անգամ նորը ունի հնարավորություն տեխնիկապես անսարքանալու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման տեխնիկա չհայտնվի երթերի ընթացքում: Մանավանդ ուշադրություն ենք դարձնում ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին: Ցավալի դեպքը, որ ունեցանք, դրանից հետո ավելի խստացվեցին տվյալ հարցերը»:

Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Պաշտպանության նախարարության հավաքակայանում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը: Նա նշեց, որ այդ բջջային հեռախոսները պետք է չունենան տեսա և լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն: «Մեծամասնությունն արդեն ունի նման բջջային հեռախոսներ»,- ասաց Դավթյանը։ Հարցին, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, նա պատասխանեց. «Այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...