Մարտի 1-ի հանրահավաքները չեն եղել խաղաղ և անզեն. Քոչարյանի պաշտպանները նոր տեսանյութ կներկայացնեն դատարանին

- in Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են վաղը դատարանին նոր տեսանյութեր ներկայացնել, որոնք առնչվում են Մարտի 1-ի իրադարձություններին:

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը հետաձգելուց հետո նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ այդ տեսանյութերը նախկինում չեն ներկայացվել ոչ Վերաքննիչ դատարանում ոչ էլ Վճռաբեկում:

Ներկայացվելիք տեսնյութերը վերաբերվում են Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներից որոշ դրվագներին, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ համացանցում տարածված վերջին ձայնագրությանը: «Մեղադրանքի մեջ կա այսպիսի կարեւոր դրույթ, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ եւ անզեն: Դրա վրա մեղադրանքի կողմը կառուցել է բավականին լուրջ մեղադրանք՝ հիմքում դնելով այն փաստարկը, որ Մարտի 1-ին նախորդող հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ եւ անզեն: Հանգամանքներից մեկը, որ պետք է քննվի՝ արդյո՞ք այդ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ եւ անզեն:

Ի թիվս այլ հանգամանքների, մենք ուզում ենք ամենայն հստակությամբ ցույց տալ, որ այդ հանրահավաքները, մասնավորապես Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած Մարտի 1-ի հանրահավաքը չի եղել խաղաղ եւ անզեն»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ ներկայացվելիք տեսանյութերից մեկն էլ վերաբերվում է համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ ըստ պաշտպանական կողմի, երեւում է, թե ինչպես է մի քաղաքացիական անձ ցուցարների կողմից կրակում ոստիկանական ուժերի ուղղությամբ:

Մեր հարցին, թե պաշտպանի համար այդ տեսանյութում կրակոց տեսանելի՞ էր, Ալումյանն ասաց. «Երբ որ լուսացիր փամփուշտներով է գնում այդ ամեն ինչը, ապա՝ հա, իհարկե, տեսանելի է, որովհետեւ լուսացիր փամփուշտներով ես չգիտեմ՝ ոնց կարելի է այլ կերպ մեկնաբանել, քան կրակոց»: Ալումյանն ասաց, որ երբ այս տեսանյութը ներկայացրել են քննիչին, պարզվել է, որ այն գործում առկա է, ավելին՝ քննիչն անգամ այդ տեսանյութը փորձաքննության է ուղարկել: «Փորձաքննության է ուղարկվել պարզելու՝ այդ տեսնայութը մոնտաժված է, թե՝ ոչ, ինչ է երեւում, արդյոք դա պետք է համարել, որ կրակոց է, թե՝ ոչ»,- հավելեց Ալումյանը՝ նշելով, որ փորձաքննության եզրակացությունները դեռ չեն ստացվել:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող 4 նախկին պաշտոնյաներից միայն Քոչարյանն է գտնվում կալանքի տակ, Ալումյանն ասաց. «Կալանավորում պետք է կիրառվի բացառապես այն դեպքում, եթե առկա են կալանավորման հիմքեր եւ պայմաններ, կարծում եմ, հավանաբար, մյուս մեղադրալների մասով դատարաններն օբյեկտիվ են եղել, կուզեի, որ այս դեպքում էլ դատարանը օբյեկտիվ լիներ: Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին եւ շատ ավելի մեծ պատվեր կա, որ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, հավանաբար դրանով է պայմանավորված, որ Քոչարյանը մինչ օրս կալանքի տակ է»: Հարցին, թե ու՞մ կողմից է պատվերը, Ալումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ներկա գործադիր իշխանության կողմից»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դեռ որոշում չի կայացվել: Մի քանի շաբաթ հետո այսօր դատարանն ի վերջո անցավ բուն միջնորդությունների քննությանը: Մասնավորապես քննվեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, որը կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին: