Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս

Mishik

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները լուրջ չեն վերաբերվում Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մինասյանը հարցազրույց է տվել կայքերից մեկին եւ ասել, որ Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել ԱԺ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետեւ մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ «Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել ԱԺ-ից դուրս»,- ասել է նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Միքայել Մինասյանն այն մարդը չի, որ կարողանա Հայաստանում ներքաղաքական խնդիրների վերաբերյալ գնահատականներ տալ: «Նախկին իշխանությունների գնացքը վաղուց գնացել է եւ Միքայել Մինասյանն էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչ է: Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է նա ասում»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ բոլոր այն փորձերը, որոնք կարվեն խորհրդարանից դուրս ընդդիմություն ձեւավորելու համար, դատապարտված են: «ԼՀԿ-ն, որպես խորհրդարանական ուժ, ամեն ինչ անելու է, որ որեւէ հարց խորհրդարանից դուրս չմնա եւ բոլորը բերվելու են ԱԺ հարթակ: Ես հորդորում եմ սիզիփոսյան աշխատանքով չզբաղվել»:

Էդմոն Մարուքյանն ասում է, որ հասարակությունն արդեն իսկ իր համար ընտրել է ընդդիմություն: Հարցին՝ արդյո՞ք Միքայել Մինասյանի ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ նա ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, Մարուքյանը պատասխանեց. «Նման կենդանության նշաններ է ցույց տալիս, բայց որեւէ շանս չկա»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ ԱԺ-ում մեկնաբանելով Սերժ Միքայել Մինասյանի հայտարարույթունը, թե ԱԺ-ում իրական ընդդիմություն չկա, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն «Իմ քայլին» կից ուժեր են, ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Ով ինչ ասում է՝ իրա համար է ասում, դու ուզում ես, որ ես երկու բառ ասեմ, բայց Ծառուկյանին հունից չեք կարող ասել: Եթե անվանական Ծառուկյանին, ԲՀԿ-ին ասի, դա՝ ուրիշ»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ խորհրդարանում երկու ուժ կա, որից մեկն էլ ԲՀԿ-ն է եւ ըստ էության Մինասյանի խոսքն ուղղված էր նաեւ ԲՀԿ-ին, Ծառուկյանը մեկնաբանեց. «Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եղբայր, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի…»:

ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավոր էլ՝ Նաիրա Զոհրաբյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Մինասյանի հայտարարությանն ասաց, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում նաեւ Միքայել Մինասյանը, իրավունք ունի ունենալ կարծիք: «Այսօր «Իմ քայլը» իշխանություն է, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն էլ ընդդիմություն են՝ որքան էլ, որ առանձին գործիչներ ցանկացած այլ ձեւակերպումներ տան: Իսկ ինչպիսի ընդդիմություն կլինեն, կաշխատենք, կտեսնենք: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն ԱԺ-ում որպես ընդդիմություն կատարելու է իր լիազորությունները»:

Դիտարկմանը, որ Միքայել Մինասյանը հայտարարել է, թե այս պահին հասարակությանն ընդդիմություն անհրաժեշտ չէ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանն առաջիկայում կունենա մամուլի խոսնակ, որը կպարզաբանի նրա խոսքերը: Ես Միքայել Մինասյանի խոսնակը չեմ»:

ԼՀԿ-ից Արման Բաբաջանյանն էլ հայտարարում է, որ Միքայել Մինասյանը փորացավ ունի, որը բոլորին է հայտնի: «Ես ինչու պետք է մեկնաբանեմ Միքայել Մինասյանի խոսքերը: Ես նրա փորացավն էլ եմ հասկանում: Լուսանցք նետված քաղաքական գործիչներ, նախկին պաշտոնյաներ, ՀՀԿ-ական նախկին գործիչներ միմյանց հերթ չտալով խոսում են ԱԺ-ում ԼՀԿ-ի կատարած գործողությունների մասին: Չենք հայտարարում մեզ ընդդիմություն, մենք այդպիսին ենք եւ մեր գործունեությունը եւ մեր անելիքը դրա վկայությունն է: Մենք պատվիրակված ենք մեր ներկայությամբ ԱԺ-ում լինենք ընդդիմություն եւ մեր աշխատանքը կատարելու ենք սրբորեն:

Յուրաքանչյուր մարդու իրավունք է՝ փորձեր անել քաղաքականություն վերադառնալու եւ դրսեւորվելու: Ես համոզված եմ, որ ժողովրդի ընտրությունը պետք է հարգել, մենք էլ, որպես քաղաքական դիրքավորված ուժ, ամենի ինչ անելու ենք, որ քաղաքական օրակարգը պահենք ԱԺ-ում եւ այդ օրակարգը բացառապես տեղի ունենա խորհրդարանում, որովհետեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերը կարող են ոչ քաղաքական դրսեւորումներ բերեն, որոնք չեն բացառում զենքով իշխանության գալու փորձերը»,- ասաց նա: