Մոսկվայի դեգերումները սպառնում են Հայաստանին – Ուշագրավ լուսանկարներ

- in Վերլուծական

Տեռորիզմից եւ պատերազմի արհավիրքից պաշտպանելու փաստարկով էր արդարացվում 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի եւ ուրիշ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը: Հայաստանի արեւմտյան հատվածի ու առհասարակ՝ Արեւելյան Անատոլիայի քաղաքակրթական ամայացումը իրականացվեց խաղաղ բնակչության փրկության դրոշի ներքո:

Հայության բնօրրաններից Սիրիայում թուրքական առաջխաղացումը այսուհետ իրականացվում է պարզ ծանուցմամբ՝ «հեռախոսային իրավունքով»: Յեդիոթ Ահրոնոթ իսրայելյան թերթի Ynetnews կայքը հայտնում է Ռեջեբ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Թրամպի զրույցի մասին, որի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել է Մանբիջի վրա «անհապաղ» գրոհելու եւ այնտեղ «տեռորիստներին ոչնչացնելու ու խաղաղ բնակչության անվտանգությունը ապահովելու» իր վճռականության մասին: Էրդողանը պնդել է ԱՄՆ զորքերը Սիրիայից հեռացնելու վրա եւ նշել, որ զորքերի էվակուացիայի Թրամպի որոշումը չպիտի հետաձգվի «սադրանքների պատճառով»: Թուրք առաջնորդը նկատի ունի ամերիկյան զինվորների վրա հարձակումները Մանբիջի շրջանում, որոնց հետեւանքով ամերիկյան կողմից սպանվածներ կան: Էրդողանի ակնարկած «սադրանքները» երկիմաստ են եւ նման են սպառնալիքի: Իսկ սպառնալիքը, իր հերթին, հարձակումներով թուրքական շահագրգռության կասկածների առիթ է տալիս:

2018 գարնանը Աֆրինի, Էլ-Բաբի, այնուհետեւ աշնանը Իդլիբի նահանգները ռուսական համաձայնությամբ Սիրիայից զավթելուց հետո Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ վրա Մանբիջը եւ ամբողջությամբ Եփրատի արեւելքը քրդական YPG զինյալներից մաքրելու նպատակով: Այդ նույն նպատակին հասնելու ճանապարհին Էրդողանը չորեքշաբթի ժամանելու է Ռուսաստան եւ հանդիպելու նախագահ Պուտինին:

Այս ընթացքում ռուսական պաշտոնական լրատվամիջոցները շարունակում են բարյացակամ եւ նույնիսկ շինծու վերելքով շարադրել թուրքական պաշտոնական տեսակետները, իսկ Առաջին հեռուստաալիքը ներկայացնում է «Իմ սրտի սուլթան» թուրքական քարոզչական սերիալը: Ռուսաստանում ահագնացող տնտեսական ճգնաժամը եւ գաղափարաբանական փակուղին առաջացրել են բնակչության նույիսկ սովորաբար անտարբեր շերտերի տարակուսանքը: Ռուս-թուրքական տարօրինակ սերը, հազարավոր սլավոնների կյանք խլած ռուս-ուկրաինական պատերազմը, սպառազինությունների ռուս-ամերիկյան տնտեսապես կործանարար մրցավազքը, չինական հեգեմոնիստական նկրտումների մասին տեղեկությունները զուգորդվում են նազագահ Պուտինի անձի աննախադեպ փառաբանումով: Գործը հասել է նրան, որ կիսապաշտոնական, սակայն բարձր մակարդակով հայտարարվում է կանոնական ուղղափառ եկեղեցիների հանդեպ… Հռոմի Պապի բացառիկ իրավասության մասին՝ ի հեճուկս Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի:

Պատկերին՝ ՌԴ ՊԴ պատգամավոր, գեներալ-գնդապետ, Ռուսաստանի հերոս Վլադիմիր Շամանովը: (Լուս. ՌԴ ՊԴ)

Ուշագրավ է ՌԻԱ-Նովոստի ռուսական պաշտոնական գործակալության անդրադարձը Մանբիջի վրա ակնկալվող թուրքական գրոհին: Մեջ են բերվում Էրդողանի խոսքերը. «Մենք Պուտինի հետ կքննարկենք, հուսով եմ, անվտանգության նոր գոտու ստեղծումը: Եթե մենք (թուրքերս – խմբ. Լրագիր) Իդլիբում չլինեինք, այնտեղ հարյուր հազարավոր զոհեր կլինեին: Մինչդեռ մենք այդ քայլն արեցինք ռուսների հետ միասին: Պրոցեսի շարունակությունը ընթանալու է նույն վճռականությամբ»: Ասվել է Անկարայում:

Պատկերին՝ 1938-ին Ֆրանսիայի կողմից թուրքերին հանձնված սիրիական Ալեքսանդրետ նահանգը: Այնտեղ է գտնվում 1915-ից հետո Կիլիկիայի թուրքահպատակ հայերի վերջին բեկորի հանգրվան՝ Միջերկրականի Հայոց Ծոցի ափի Մուսա լեռան շրջանը: Դեպի հարավ եւ արեւելք 80 տարի անց, 2018-ին ռուսների կողմից թուրքերին հանձնված սիրիական Աֆրին, Ել-Բաբ եւ Իդլիբ նահանգներն են, գրոհի նախանշված Մանբիջը: Կորուսյալ հողերը տրված են գորշ գույնով:

 

Հիշեցնենք, որ Էրդողանը Իդլիբի զավթման իր պարտադրանքը Պուտինի նկատմամբ իրականացրեց Սոչիում 2018-ի սեպտեմբերին: Ցնորքի մակարդակի մասին էր վկայում մինչեւ 2016–ը ռուսական դեսանտայինների հրամանատար, այժմ ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովի հայտարարությունը: Նա պնդել էր «Սիրիայում օրինական թուրքական շահերը ճանաչելու անհրաժեշտության» վրա: Քարտեզից պարզ երեւում է Թուրքիայի հեռագնա նպատակը եւս՝ շրջափակել հայաբնակ Հալեպը: Բնական հարց է առաջանում նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան պատառիկ՝ ՀՀ եւ ԱՀ հանդեպ թուրք-«ազերբայդժանական» իրավունքների մասին ռուս ղեկավարության ունեցած պատկերացումների վերաբերյալ: Արդյոք բավարա՞ր էն 1921 թվականից օկուպացիայի տակ գտնվող տարածքները Անդրկովկասում թուրքական իրավունքները ճանաչելու իմաստով:

Էրդողանի ախորժակը եւ Վլադիմիր Պուտինի՝ հունական ուղղապառ համարվող Աթոսի մենաստանից (ռուս. Աֆոն -խմբ.) մինչեւ կաթոլիկ Հռոմի Պապ եւ Անկարայի «իմպերատոր» տարածված գաղափարային դեգերումները բնավ լավատեսութուն չեն ներշնչում: Ի՞նչ նոր կիրառություն է ունենալու Սիրիայում մարտական մեծ փորձ ձեռք բերած եւ 80,000-ի հասնող թուրքական շարժունակ զորաբանակը: Այս պայմաններում անհասկանալի է ՀՀ հեղափոխական ղեկավարության լռությունը 1921 Մոսկովյան պայմանագրի հետեւանքով առաջացած սահմանի վերաբերյալ՝ Նախիջեւանը ներառյալ:

ՀՀ 1921-ի սահմանագիծը պաշտպանական առումով ծայրաստիճան աննպաստ է արեւմուտքից եւ հարավից: Համաձայն սովետական պաշտոնական վարկածի՝ ժամանակավոր հաստատված սահմանը ենթադրում էր Թուրքիայի ընդգրկումը Սովետական պետության մեջ: Այժմ ոչ Անկարան, ոչ էլ 1921-ի պայմանագրով Նախիջեւանում պրոտեկտորատ իրականացնող Բաքվի ռեժիմը սովետական կայսրության մաս չեն: 1991-ին դրությունը էապես փոխվել է: Հայաստանի լռությունը Մոսկվայի եւ Անկարայի առջեւ վատ տակտիկա է այս պարագային: Դատելով Էրդողանի սիրիական տակտիկայից, այն միայն ախորժակ կարող է գրգռել: Արցախյան խնդիրը արդեն իսկ լիովին բավարար հիմք է թուրքական ակտիվության համար, իսկ ռուսական պաշտպանական երաշխիքները, ձեւականորեն այդպիսիք կան, ինչպես համոզվում ենք Սիրիայի օրինակով, «երերուն» են եւ ակնհայտ անբավարար:

Սիրիական ողբերգության, ԱՄՆ-Թուրքիա լարվածության եւ Ռուսաստան-Թուրքիա միակողմանի սիրո պայմաններում ՀՀ համար հնարավորություն է առաջանում 1921-ի խնդրի, ինչպես ընդունված է ասել՝ հայտային դիրքերը ֆիքսելու համար: Սա կարեւոր է նաեւ Արցախյան հարցի ու «Ցյուրիխի» հնարավոր նոր հրատարակության համար բարենպաստ պայմաններ ապահովելու իմաստով:

Պավել ԴԱԼԼԱՔՅԱՆ

Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

Պատկերին՝ Արդեն լայնորեն «իմպերատոր» անվանվող Ռեջեբ Էրդողանը մինչեւ 1915թ. հայկական Այնթապ քաղաքում: Այնտեղ 2018-ին սիրիական Աֆրինի վրա գրոհից առաջ զորքերին տրվել է երգիչ Իբրահիմ Թատլիսեսի (ձախից) համերգը: Հայկական Անատոլիայի Ուրֆա քաղաքում հնարավոր է երգեն Մանբիջը գրոհելուց առաջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...