Երբ հայտնի դարձավ, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում, ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա սկսեցին։

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, իսկ մշակույթի նախարարությունը միանա կրթության եւ գիտության նախարարությանը։

Բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցները պնդում էին, որ իրենք նախապես տեղյակ չեն եղել սպասվող փոփոխության մասին, որ նախարարության լուծարումը կամ օպտիմալացումը անթույլատրելի է, որ իրենք դառնալու են գործազուրկ, եւ այլն։ Աշխատակիցները նշում էին նաեւ, որ պատրաստ են անգամ տոն օրերին նստացույց անել, քանի որ ժամանակը քիչ է՝ հունվարից օպտիմալացում է իրականացվելու։

Սակայն, ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ նախարարության լուծարման կամ օպտիմալացման դեպքում դրանց՝ քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատված քաղաքացիական ծառայողները գրանցվում են քաղծառայության կադրերի ռեզերվում եւ պետբյուջեից մի քանի ամիս շարունակ ստանում աշխատավարձ։ Բացի այս՝ նույն օրենքի հոդված 24-ի համաձայն՝ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը եւս համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ:

Սրան զուգահեռ՝ գործող իշխանության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ պետական համակարգից ազատվող մարդկանց նոր աշխատանք առաջարկելու տարբերակներ կան։ Մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր ընտրված, ՔՊ կուսակցության անդամ Լենա Նազարյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, կառավարության կողմից կան առաջարկվող մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան օպտիմալացման պրոցեսի պատճառով աշխատանքից դուրս մնացած աշխատակիցներին ունենալ նոր աշխատանք կամ որոշ ժամանակ գումար ստանալ, մինչեւ կկարողանան աշխատանք գտնել:

Բացի Նազարյանից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Վարազդատ Կարապետյանն էլ է նշում, որ կառավարությունը կարող է մեկ տարի անընդմեջ շարունակել վճարել այդ մարդկանց աշխատավարձը, բայց նրանց հորդորել՝ սկսել աշխատանք փնտրել, ձեռներեցության ծրագրերին մասնակցել եւ այլն։

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն էլ լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կարող է լինել դեպարտամենտ, որտեղ կներգրավվեն սփյուռքի նախարարության ներկա աշխատակիցները։

Սփյուռքի նախարարությունը կազմված է 12 վարչությունից եւ 4 բաժնից, հաստիքային միավորների թիվն 88 է, նախարարության աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է 19,619,969 ՀՀ դրամ։ Նախարարության լուծարման դեպքում դրա 39 աշխատակից 6 ամսով գնում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ, որից 3-ը՝ վճարովի։ 38 աշխատակցի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվում են, նրանք չեն գրանցվում կադրերի ռեզերվում։

Ի դեպ, նախարարության պաշտոնական կայքում դրված հաստիքացուցակը դեռեւս 2017 թվականինն է, որը հաստատել է նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, չնայած իշխանափոխությունից անցել է արդեն 8 ամիս։

Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ կառույցի լուծարման մասին նախապես չեն տեղեկացվել՝ չնայած այն հանգամանքին, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու մասին խոսվում էր դեռեւս ամիսներ առաջ։

Մշակույթի նախարարությունն էլ ունի 131 աշխատող, նախարարության աշխատավարձի ֆոնդն ամսական կազմում է 34,995,000 ՀՀ դրամ։ Նախարարությունն ունի 7 վարչություն, 5 բաժին, 2 գործակալություն։ Եւ, ըստ էության, եթե այս նախարարությունը միանալու է կրթության եւ գիտության նածարարությունը, ապա այստեղ կրճատումները ահռելի թիվ դժվար թե կազմեն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...