Նախիջևանը՝ «ադրբեջանական» տարածք. Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը

- in Մամուլ
Adrbejan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար՝ յալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է ստանում միջազգային ասպարեզում Նախիջևանը հետագայում ներկայացնել որպես ադրբեջանական տարածք, իսկ որպես ապացույց բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, թե իբր դարեր շարունակ Նախիջևանի տարածքում եղել է ոչ թե հայկական քոչարի, այլ «յալլը» պարը:

Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն այդպես էլ չի փորձել կամ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը: Ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնության դեմ պետք էր պայքարել ոչ թե վերջին պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն որոշում էր կայացնում, այլ ավելի վաղ, երբ նրանք փորձում էին նման քայլեր անել:

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց  մենք ոչ մի քայլ չենք անում  առանց Արտաքին գործերի նախարարության  հետ համաձայնության»:

Մինչդեռ նախիջևանագետ Արգամ Այվազյանն իշխանություններին մեղադրել է անգործության մեջ. «Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջևանը «դարձնեն» ադրբեջանական»: