Նոր խորհրդարանը պետք է ավարտի թավշյա հեղափոխությունը՝ նորը սկսելով

- in Վերլուծական
AJ

Հունվարի 14-ին մեկնարկեց Հայաստանի նոր խորհրդարանի աշխատանքը, որի առաքելությունը պետք է լինի թավշյա հեղափոխությունն ավարտելն ու տնտեսա-քաղաքական, արժե-մշակութային հեղափոխություն սկսելը:

Դա գործնականում լինելու է շատ ավելի բարդ, որովհետեւ ի տարբերություն այն հանգամանքի, որ հանրության մեջ կար թավշյա հեղափոխության գրեթե տոտալ նախադրյալ, պահանջարկ, շարժառիթ, տնտեսա-քաղաքական եւ առավել եւս արժե-մշակութային հեղափոխության հանրային նախադրյալները, պահանջարկը կամ շարժառիթը ամենեւին տոտալ չէ:

Ավելին, իրավիճակն այդ առումով այնպիսին է, որ բավական շոշափելի է անգամ դիմադրության օջախների առաջացման վտանգը: Մյուս կողմից, դրանք առաջանալու են անկախ այն հանգամանքից՝ կգնա՞ նոր խորհրդարանը խորքային ռեֆորմների, թե ոչ: Եվ էլ ավելին՝ այդ օջախների առաջացումն ու հատկապես դրանց քայքայիչ ազդեցությունն առավել մեծ է լինելու ռեֆորմների բացակայության կամ հապաղման պարագայում:

Մյուս կողմից, անշուշտ շատ կարեւոր է, թե ինչպիսին է ռեֆորմների վերաբերյալ պատկերացումն ու նաեւ դրանք հանրությանը մատուցելու կարողությունը: Մատուցելու այնպես, երբ հանրային շերտերի համար կլինի համոզիչ, որ անգամ որոշակի ցավային զգացողություններ պարունակող որեւէ ռեֆորմ խորքային ու երկարաժամկետ առումով պարունակում է հանրության համար լայն ու մեծ հնարավորություններ եւ ամենեւին նախատեսված չէ լոկ «էլիտար» շրջանակների համար:

Դա էլ իր հերթին առաջնային է դարձնում այն հարցը, թե ինչպիսի արժե-մշակութային կացութաձեւով հանրությանը կներկայանա այն նոր էլիտան, որը պետք է կրի խորքային տնտեսա-քաղաքական եւ արժե-մշակութային ռեֆորմների առաքելությունը: Իսկ այդտեղ ազնվությունը, անկեղծությունը, անձնական չկոռումպացվածությունը կարեւոր, սակայն պահանջվող հատկանիշների եւ բնութագրերի մի մասն են միայն:

Անհրաժեշտ հատկանիշները շատ են, եւ ակնառու է նաեւ, որ հասարակությունը թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորել է նոր իշխանություն, սակայն չի ձեւավորել նոր էլիտա: Եվ ավելին, նոր էլիտան հանրությունը չէ, որ ձեւավորելու է: Էլիտան ձեւավորում է ինքն իրեն, կերտում է ինքն իրեն, իսկ հետո արդեն իր «պատկերով ու նմանությամբ» ձեւավորում է հասարակություն:

Նոր խորհրդարանն այդ իմաստով ձեւավորված նոր իշխանությունն է, որը պետք է ձեւավորի ազգային-պետական նոր էլիտայի արմատավորման համար անհրաժեշտ միջավայրը:

Այլ կերպ ասած, նոր խորհրդարանը պետք է ավարտի թավշյա հեղափոխությունը, բայց նորը սկսելով: Այլապես թավշյա հեղափոխությունը ոչ թե կավարտվի, այլ կքայքայվի, ինչի դեպքում բավական բարդ կլինի ասել, թե ինչ կպարարտացնի այդ քայքայումը: Գործնականում, ապրիլ-մայիսին Հայաստանում սկսված գործընթացը ընթանում է իր տրամաբանական հունով, եւ խոշոր հաշվով հունվարի 14-ին մեկնարկեց այդ ճանապարհի անխուսափելի հանգրվանը, որը չէր կարող չլինել: Այժմ հարցն այն է, թե ինչպիսին են լինելու ընթացքի հաջորդ հանգրվանները, այն դեպքում, երբ դրական նախադրյալները պահպանվում են մինչ այժմ ընթացքի ընդհանուր տրամաբանության պահպանման պայմաններում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...