Նոր պայմանավորվածությունը կարող է հանգեցնել Գազպրոմ Արմենիա ընկերության մարժայի կրճատման

- in Հասարակություն

Ռուսական Կոմերսանտ պարբերականն անդրադարձել է Հայաստանի և Գազպրոմի բանակցություններին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ: 2018 թվականի դեկտեմբերի 31-ին ռուսական կողմը 15 դոլարով բարձրացրել է Հայաստան մատակարարվող գազը՝ դարձնելով 165 դոլար 1000 խմ համար:

Հայաստանը հայտարարել է, որ սպառողի համար գազը չի թանկանալու: ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ պետությունը չի սուբսիդավորելու թանկացումը, իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գազի գինը նույնը կմնա ներքին կարգավորումների շնորհիվ:

Ռայֆայզենբանկի փորձագետ Անդրեյ Պոլիշչուկը կարծում է, որ Գազպրոմի ու Հայաստանի իշխանությունների նոր պայմանավորվածությունը կարող է հանգեցնել Գազպրոմ Արմենիա ընկերության մարժայի կրճատման, սակայն դա կրիտիկական չի լինի: Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը նշել է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որով Գազպրոմը գազ է վաճառում Գազպրոմ Արմենիային ենթակառուցվածքային ներդրումների համար: Նոր պայմաններում, երբ Հայաստանի նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել Գազպրոմի դուստր ընկերության դեմ, տարօրինակ է ակնկալել, որ ռեսուրսը կպահվի Հայաստանում: Գրիվաչի խոսքով, սակայն, դա կարող է հետագա բանակցությունների թեմա դառնալ: