Շենգավիթում նախկին օպերը զինված հարձակվել է գործարարի տան վրա և սպանվել տանտերերի կողմից

- in Իրավունք
Vostikan

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

25-ամյա Էդգարը մեղադրվում էր խմբի կազմում զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ավազակային հարձակման գործով ամբաստանյալները երկուսը պետք է լինեին, Էդգարի կողքին կարող էր նստած լինել նախկին ոստիկան Հ. Ֆալանջյանը, սակայն հարձակման ընթացքում տուժողները դիմադրել ու պաշտպանվել են, հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանները դեպքի վայր կհասնեին:

Հ. Ֆալանջյանը ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Ծանր վնասվածքներ են ստացել նաև տանտերերը:

Նախաքննական մարմինը տուժողների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել՝ եզրակացնելով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, կատարել են իրավաչափ գործողություններ՝ հանկարծակի ու վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելով իրենց և ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր հարևանի՝ ոստիկանության ծառայող Հ. Ֆալանջյանի հետ՝ գործարարի համբավ ունեցող Լևոն Ավետիսյանի ու նրա ընտանիքի անդամների գույքը ավազակությամբ հափշտակելու վերաբերյալ:

Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը, ըստ մեղադրանքի, զինվել են 9 մմ տրամաչափի ատրճանակով, փամփուշտներով,  խլացուցիչով, դանակով,  ինչպես նաև՝ փականներ բացելու համար նախատեսված պտուտակահանով, տուժողներին կապելու համար նախատեսված կպչուն ժապավենով, դիմակներով, լապտերներով, ձեռնոցներով:

2016 թվականի մայիսի 13-ին, գիշերվա ժամը  4-ի սահմաններում նրանք Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» մեքենայով մեկնել են տուժողի թաղամաս՝ նախապես իրենց բջջային հեռախոսները թողնելով Էդգար Մանուկյանի վարած «Սամանդ» մեքենայի մեջ, որը կայանված էր Մանուկյանի բնակության վայրում:

Հասնելով տուժողների տան մերձակայքը, հանել են «Մերսեդեսի» հաշվառման համարանիշը, մեքենան կայանել են տուժողների տանը հարակից շենքերի բակում:

«Մերսեդեսը» գործի գցելու բանալին թողել են փականի մեջ, իսկ հեռակառավարման վահանակը՝ մեքենայի անվադողի վրա՝ դեպքի վայրից արագ հեռանալու նպատակով:

Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը դարպասի վրայով մագլցել ու մուտք են գործել տուժողների բակ, հետո բաց պատուհանից մտել են տուն:

Նրանք՝ դիմակավորված, խլացուցիչ ունեցող ատրճանակով և դանակով զինված, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել են ննջասենյակում քնած Լևոն Ավետիսյանի ու նրա կնոջ վրա, պահանջել են տանը եղած արժեքավոր գույքն ու գումարները  հանձնել իրենց:

Հարձակվողները հանդիպել են ամուսինների ակտիվ դիմադրությանը, որը հաղթահարելու նպատակով, ըստ մեղադրանքի, Էդգար Մանուկյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Լևոն Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Նույն ժամանակ, ըստ մեղադրանքի, Հ. Ֆալանջյանն իր մոտ եղած խլացուցիչով ատրճանակից կրակել է Լևոնի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Հարևան ննջասենյակում մանկահասակ երեխաների հետ քնած էին Լևոնի դուստրն ու նրա ամուսին Սամվելը, երրորդ ննջասենյակում էր Լևոնի դեռահաս որդին՝ Դավիթը:

Աղմուկի ձայներից նրանք արթնացել ու շտապել են ծնողների ննջասենյակ և սկսել են համատեղ ուժերով պայքարել հարձակվողների դեմ:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը անչափահաս Դավիթի դաստակին դանակով հարվածել, պատճառել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:

Մանուկյանը դանակով հարվածել է նաև Սամվելի թիկունքային ու գոտկային հատվածներին՝ պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պայքարը ննջասենյակից տեղափոխվել է հյուրասենյակ, որտեղ Հ. Ֆալանջյանի դեմքը փակող դիմակը դուրս է եկել, դեմքը բացվել է: Լևոն Ավետիսյանը, լինելով ոստիկանության համակարգի նախկին աշխատող, ճանաչել է նրան՝ Ֆալանջյանը եղել է նրանց թաղամասի «օպերը»:

Ըստ մեղադրանքի՝ տեսնելով, որ տուժողներն իրեն ճանաչեցին, Ֆալանջյանը մտադրվել է հանցանքը թաքցնելու նպատակով սպանել նրանց: Այդ դիտավորությունը դուրս էր Էդգար Մանուկյանի ունեցած հանցավոր դիտավորությունից:

Ըստ մեղադրանքի՝ Հ. Ֆալանջյանը տեղում առաջացած սպանության դիտավորությամբ գործադրել է ատրճանակը, կրակել է անչափահաս Դավիթի ուղղությամբ՝ կրծքավանդակի շրջանում նրան պատճառելով միջանցիկ վնասվածք. գնդակը դուրս է եկել դեռահասի մարմնից ու դիպել է սենյակի պատին: Դավիթին պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Անչափահասի վրա արձակված կրակոցից հետո հարձակվողների ու տան բնակիչների միջև կենաց ու մահու կռիվ է ընթացել, որի ժամանակ հարձակվողները պարտվել են՝ Հ. Ֆալանջյանը գլխի ու մարմնի մյուս մասերում ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ոստիկանները տուժողների տուն էին գնացել գիշերային ահազանգով: Երբ տեղ էին հասել, հարձակվողները տանտերերի կողմից արդեն իսկ վնասազերծված էին՝ Հ. Ֆալանջյանն անշարժ ընկած էր հատակին՝ նա արդեն մահացել էր: Նրան՝ որպես իրենց բաժնի նախկին օպերի, ոստիկանները ճանաչել են:

Հատակին ընկած էր նաև ծանր վնասվածքներ ստացած Էդգարը: Շտապօգնության երկու մեքենա է ժամանել դեպքի վայր, հիվանդանոց են տարել վնասվածքներ ստացած տանտերերին, նրանց վրա հարձակված Էդգար Մանուկյանին, իսկ Հ. Ֆալանջյանի մարմինը տեղափոխել են դիահերձարան:

Դեպքի վայրում տիրող խառնաշփոթի մեջ հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, դիմակներ:

Հ. Ֆալանջյանի «Մերսեդես» մեքենայում հայտնաբերվել է նաև երրորդ դիմակը, ինչից ենթադրվում է, որ ավազակային հարձակմանը հնարավոր է՝ մասնակցել է նաև երրորդ անձ, ով տուժողների տուն չի մտել,  դրսում հսկողի դերում է եղել:  Երրորդ անձի ինքնությունը գործով բացահայտված չէ:

Քրեական գործի՝ Հ. Ֆալանջյանի մասը կարճված է՝ նրա մահվան հիմքով:

Ըստ գործի տվյալների՝ դեպքի օրը Հ. Ֆալանջյանը գնացել է Էդգար Մանուկյանի տուն, նրա տնեցիներին ասել է, թե գնում են «պանիխիդայի»:

Էդգարը գիշերը տուն չի վերադարձել: Հարազատները առավոտյան են իմացել, որ Էդգարը ծանր վնասվածքներով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Հ. Ֆալանջյանը մահացել է…

Մեղադրող դատախազը հաստատված գնահատելով Էդգար Մանուկյանին առաջադրված մեղադրանքը՝  միջնորդել էր նրան մեղավոր ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել 11 տարի ազատազրկման:

Դատարանը Էդգար Մանուկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ու դատապարտել է  9 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել գործով տուժող Լ. Ավետիսյանը և ամբաստանյալի շահերի պաշտպան Կ. Հակոբյանը:

Տուժողը պահանջել է բեկանել դատավճիռը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ Էդգար Մանուկյանի նկատմամբ նշանակելով արդարացի՝ ավելի խիստ պատիժ, և ամբողջությամբ բավարարել ներկայացված քաղաքացիական հայցերի պահանջները, կամ՝ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Ամբաստանյալի շահերի պաշպանը պահանջել է բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալին մեղավոր ճանաչել  մեղսագրված հոդվածի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի ոչ թե՝ 3-րդ, այլ ավելի մեղմ՝ 2-րդ մասով ու նշանակել արարքին համարժեք  մեղմ պատիժ: