@bagramyan26 Տելեգրամ ալիքը տեղեկություն է տարածել, որ մարտի 1-ի մասին աղմկոտ ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի մեկնաբան Ռոման Բաբայանը 100 հազար դոլար հոնորար է ստացել Ռոբերտ Քոչարյանից, որը ֆիլմի պատվիրատուն է: Ֆիլմի վրա աշխատանքը սկսվել է 2018-ի ամռանից:

Փաստ, որ պատվիրատուն Ռոբերտ Քոչարյանն է՝ չկա: Փոխարենը կան փաստեր, որոնք տալիս են ենթադրության հիմք, որ ֆիլմի շահառուն Ռոբերտ Քոչարյանն է եւ հետեւաբար նա կարող էր լինել պատվիրատու:

Բայց, այս դեպքում դա արդեն գուցե էական էլ չէ, քանի որ ֆիլմը գնացել է՝ ի դեպ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող հեռուստաալիքի եթերով, ու արել իր գործը: Իհարկե բավական բարդ է ասել, թե հատկապես ո՞րն է եղել այդ գործը, սակայն մի գործ հստակ է՝ այն «արջի ծառայություն» է մատուցել Ռոբերտ Քոչարյանին, նրա հանդեպ բորբոքելով հանրային դժգոհության եւ մեղադրանքների նոր ալիք:

Պետք չէ բացառել իհարկե, որ եղել է նաեւ հակառակը, եւ կան մարդիկ, որոնք ֆիլմը դիտել են եւ համարել, որ ճիշտն այնտեղ ներկայացվածն է: Այդպիսի մարդիկ Հայաստանում եղել են նաեւ շատ առաջ, մինչեւ ֆիլմը՝ Մարտի 1-ից անմիջապես հետո: Եվ այդ առումով իհարկե հարց է, արդյոք ֆիլմը դիտելուց հետո որեւէ մեկը փոխել է իր կարծիքը եւ դարձել այնտեղ ներկայացվածի կրող: Կարող են լինել այդպիսի մարդիկ էլ, բայց արդյոք այնքան, որ ինչ որ «հակակշիռ» լինեն հանրային զայրույթի այն ալիքին, որ առաջացել է ֆիլմի ցուցադրությունից հետո:

Հնարավոր է, որ զայրույթն էլ հաշվարկ է, բայց ու՞մ հաշվարկը՝ Ռոբերտ Քոչարյանի՞, թե ֆիլմը պարունակել է մի շարք այսպես ասած տողատակային հաշվարկներ, որոնց բոլորի համար սակայն հնարավոր է վճարել է Ռոբերտ Քոչարյանը:

Համենայն դեպս, առայժմ տեսանելի է, որ մատուցվածը «արջի ծառայություն» է, այս դեպքում՝ ռուսական արջի: Ընդ որում, այստեղ կա հետաքրքիր հանգամանք: Ռոբերտ Քոչարյանն իր պաշտպանական մարտավարության հենց սկզբից էլ բավական ակնառու կերպով շեշտադրել է ռուսական ուղղությունը, ընդհուպ՝ Պուտինին, նրա հետ ընկերությունը: Եվ Պուտինի հայտնի շնորհավորանքները՝ օգոստոսին ու դեկտեմբերին, դիտարկվել են իբրեւ այդ աջակցության զորեղ գործնականություն, մատուցվել այդպես:

Այդ դեպքում սակայն հարց է առաջանում՝ եթե օգնողը, աջակցողը անձամբ Պուտինն է, էլ ինչու՞ պետք է առաջանար Ռոման Բաբայանի կարիք: Կա՞ մեկը, որ կասկածում է՝ անմիջապես Պուտինի մի քանի տող շնորհավորանքը շատ ավելին արժե, քան Ռոման Բաբայանի մի քանի տասնյակ րոպե տեւողությամբ ֆիլմը, ինչպիսին էլ այն լիներ: Եվ եթե կա այդ ֆիլմը, ապա նշանակում է, որ չկա Պուտինի աջակցությունը:

Բայց դա խնդրի խորքային էությունն արտացոլող դրվագ է միան, բաղադրիչ, որը գործնականում բացահայտում է մտածողության, հոգեբանության, աշխարհընկալման մի ամբողջ համակարգ, որով կառավարվել է Հայաստանը տարիներ շարունակ:

Թավշյա հեղափոխությամբ այդ համակարգը հեռացված է իշխանության դիրքից, բայց կա դեռեւս այդ համակարգը հասարակական-քաղաքական անոթներից հեռացնելու խնդիրը, որի համար այն պետք է բացահայտվի իր ամբողջ խորքային բնույթով: Ռոման Բաբայանը փաստացի նպաստել է այդ գործին, արջի ծառայություն մատուցելով Ռոբերտ Քոչարյանին, եւ կամա թե ակամա ծառայություն մատուցելով հանրությանը եւ խորքային խնդրի լուծմանը:

Բանն այն է, որ հեռանալով իշխանությունից, մտածողության, պատկերացումների, բնույթի առումով համակարգը մի կողմից զրկվել է գեներատիվ կարողություններից, մյուս կողմից սակայն ստացել է «ընդհատակում» մնալու եւ նոր իրավիճակի անցումային բնույթի եւ առանձնահատկությունների վրա «մակաբուծելու» հնարավորություն, չերեւալով այսպես ասած իր դեմքով:

Բայց, փաստորեն միշտ չէ, որ ստացվում է, եւ ինչ որ ձեռք նախկին համակարգը պարբերաբար հանում է «բնից», փաստացի նաեւ հենց այդ համակարգի իսկ ձեռքով:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն անշուշտ ունի պաշտպանության իրավունք, ինչպես ցանկացած քաղաքացի: Ու ավելին, հանրության ու պետության շահից է բխում, որ նա ձգտի առավելագույնս իրացնել այդ իրավունքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...