Չկա Պուտինի կնիքի քաղաքական կարիքը, թե Հայաստանի ներսում, թե դրանից դուրս

- in Հրապարակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: ՌԴ նախագահը փաստորեն այս անգամ չտվեց որեւէ ինտրիգի առիթ, ինչպես խորհրդարանի ընտրությանը:

Այդ ժամանակ ռուսական կողմը դեսպանի մակարդակով հայտարարեց, թե Պուտինը չի շնորհավորել խորհրդարանի ընտրության առիթով, որովհետեւ արարողակարգը չի ենթադրում այդպիսի բան: Իհարկե, շնորհավորելու դեպքում որեւէ մեկի Պուտինին չէր մեղադրելու, բայց այստեղ իհարկե փոքր առիթով դրսեւորվեց այն մեծ գործընթացը, որ մեկնարկել է հայ-ռուսական հարաբերության տիրույթում Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:

Պուտինը շնորհավորում էր նախկինում, արարողակարգը նրան չէր կաշկանդում այդպիսի դեպքերում, սակայն դրանով նա իհարկե մատնացույց էր անում այլ բան: Նրա շնորհավորանքը գործնականում պարունակում էր կնիքի իմաստ, որովհետեւ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում Հայաստանի իշխանության ձեւավորումը հենվում էր ամբողջապես արտաքին լեգիտիմության վրա, որի հիմնարար աղբյուրն էլ բնականաբար Ռուսաստանն էր:

Նոր իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, հետեւաբար չկա Պուտինի կնիքի քաղաքական կարիքը, թե Հայաստանի ներսում, թե դրանից դուրս: Որովհետեւ նախկինում ՌԴ նախագահը «կնքում» էր նաեւ արտաքին ուժային կենտրոնների համար, արձանագրելով ստատուս-քվոյի վերարտադրությունը:

Այժմ Հայաստանում նոր ստատուս-քվո է, ըստ այդմ նոր է իրավիճակը բոլոր, այդ թվում հայ-ռուսական ուղղությամբ: Եվ այդ առումով հատկանշական է բառամթերքը, որ ՌԴ նախագահը կիրառում է Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքում: Պուտինը խոսում է «մեր երկխոսության» եւ համատեղ աշխատանքի մասին:

Երկխոսություն տեղի է ունենում երկու սուբյեկտների միջեւ, իսկ հայ-ռուսական հարաբերությունը նախորդ համակարգի բնույթի եւ տրամաբանության ծիրում ստացել էր ավելի շատ «մենախոսության» բնութագիր:

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է վարժվեն «երկխոսության» ռեժիմին, եւ խոշոր հաշվով տեղի է ունենում հենց այդ գործընթացը, որի առանցքում վերջին օրերին հայտնվեց գազի խնդիրը: Ընդ որում, շատերն այդ առումով հակված էին մտածել, որ դա ՌԴ նախագահի վրեժն է իր ընկեր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար: Այդ տրամաբանությունը սակայն թե հայ-ռուսական, եւ թե ընդհանրապես միջպետական հարաբերությունների բնույթի բավական պարզունակացում է, ինչի մասին կարող են վկայել թե հայ-ռուսական հարաբերության ոչ վաղ անցյալի մի շարք էջեր, թե նաեւ միջազգային քաղաքականության տարբեր օրինակներ ու դրվագներ:

Խորքային առումով, վերափոխման է ենթակա ոչ միայն երկկողմ հարաբերության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում ամրացած ու բյուրեղացած մի ստատուս-քվո, այլ նաեւ տասնամյակների, իսկ գուցե հարյուրամյակների ընթացքում հանրության գիտակցության մեջ ամրացած մտածողություն ու կարծրատիպերի ու միֆերի մի ամբողջ համակարգ:

Այդ ամենը հաղթահարելը պահանջելու է տեւական ջանք, աշխատանք, նաեւ բավական դժվարամարս իրավիճակներ: Հատկապես որ ցանկացած այդպիսի իրավիճակում դարձյալ գլուխ է բարձրացնելու մտածողության քայքայիչ բնույթը, փորձելով վերականգնել իր դիրքը:

Իսկ այդ քայքայիչ բնույթի խնդիրն ամենեւին Հայաստանի դաշտում չէ միայն, ու դա էլ միֆականության մի մասն է՝ թե խնդիրը միայն Հայաստանի համար է: Յուրաքանչյուր կողմում այն արտահայտվում է միջավայրին ու մի շարք այլ գործոններին բնորոշ տարբերությամբ, սակայն խորքային զգացողության մակարդակում այն վաղուց հասանելի է ոչ միայն Հայաստանին, այլ առնվազն Ռուսաստանի քաղաքական որոշումների կայացման համար պատասխանատու նեղ շրջանակին:

«Երկխոսությունն» այդ տեսանկյունից հատկանշական «ռեֆլեկցիա» է, որովհետեւ խորքային խնդրի լուծումը ոչ միայն պահանջում է երկկողմ ջանք, այլ փոփոխություն երկու կողմում էլ: Ի դեպ, այդ իմաստով հայկական կողմը թավշյա հեղափոխությամբ զգալիորեն անցել է առաջ: