Պատգամավորները մնացել են առանց գույքի՞. նախորդները տարել են իրենցը

- in Սոցիալական

Ազգային ժողովի աշխատակազմում եւս փոփոխություններ են սպասվում, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ղեկավարի եւ տեղակալների: Աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն արդեն աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել, քանի որ իրեն համարում է նախկին իշխանությունների թիմի անդամ:

Այս մասին երեկ ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: «Ես համարում եմ, որ մեր երկրում քաղաքական կուլտուրան դեռ չի հասել այն մակարդակին, որ ինչպես Շվեյցարիայում կամ Գերմանիայում, տարբեր թիմերի հետ դու մնաս ու աշխատես խորհրդարանի աշխատակազմի ղեկավար: Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ։ Պետք է ադեկվատ ընդունել դիմումի պահը. դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ, եւ ես կարծում եմ՝ պիտի գնամ այն թիմի հետ, որի հետ եկել եմ եւ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ»:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է այլեւս նախկին առաջին փոխվաչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Ի դեպ, Ազգային ժողովի ապագա նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի մի քանի թեկնածուներ կան: Նա այլ մանրամասներ չնշեց: Երեկ փորձեցինք տեղեկություններ ստանալ Վահան Կոստանյանից, սակայն նա մեր հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ հանդիպման է:

Բացի կադրային վերադասավորումներից, այս օրերին խորհրդարանում տեղեկություններ են շրջանառվում, որ նորընտիր պատգամավորների համար գույք չկա: Պատճառն այն է, որ մինչ այս պատգամավորներն իրենց ճաշակով իրենց համար կահույք են բերել ԱԺ, իսկ գնալիս էլ տարել են: «Գույքի խնդիր կար, երբ ես եկա։ Ես խնդրել, բերել եմ իմ սենյակի գույքն իմ ընկերների գրասենյակներից։ Ընդհանրապես գույք բերելը տվյալ մարդու որոշումն է, քանի որ պետությունը չի կարող գնել իտալական կահույք, քանի որ այն ձեռք է բերվում տենդերով, որի ընթացքում պետք է գնել ողջամիտ էժանը։ Գույք բերելը եղել է անձի նախասիրությունը, պետությունը չի կարող ապահովել յուրաքաչյուր սենյակում հեռուստացույց, միաժամանակ պետությունը կարող է տալ 40 դրամանոց գրիչ: Մասնավորապես, իմ բազկաթոռը, որի վրա ես աշխատել եմ, դա Բաբլոյանի հին բազկաթոռն է եղել, որի վրա ինքն աշխատել է եւս հինգ տարի, որպես ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ: Ես դա չես քշում սենյակում, ոտքերդ չես դնում սեղանին, նորմալ է»:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, խոսելով 2018 թվականին կատարված տնտեսումների մասին, նշեց, որ 2017-ին ներդրված տնտեսվարման համակարգերը թույլ տվեցին, որ մենք ավելի արդյունավետ օգտագործենք միջոցները 2018-ին:

Հիշեցնենք, որ վառելիքի գծով 2018թ-ին ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, այն պահեստավորվել է 2019 թվականի համար, իսկ ընդհանուր առմամբ, Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։

Սաղաթելյանն ասաց՝  չի ցանկանում թվարկել, բայց թողնում են մեծ քանակությամբ գույք, որ կարող է սպառել հաջորդ աշխատակազմը։ «Երբ ես եկա աշխատակազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություն։ Ես ստիպված էի նախագահի աշխատակազմից ու Կենտրոնական բանկից այստեղ բերել 5-6 տասնյակ օգտագործված համակարգիչներ, որը հիմնարկի կառավարման տեսանկյունից այնքան էլ նորմալ չէ, իսկ այդ համակարգիչները պետք էին»,- նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե նախորդ տարիներին ԱԺ աշխատակազմի կողմից միջոցների տնտեսման մասին չեն լսել, Սաղաթելյանն ընդգծեց՝ դեմ է նախորդների կատարած աշխատանքի հաշվին դիվիդենտներ հավաքելուն։

«Ես կարող եմ ազնիվ ասել մի բան։ Մենք կանոնակարգել ենք աշխատանքները, խիստ ու պատշաճ անցկացրել ենք բոլոր միջոցառումները ձեռքբերումների գծով, այդ դեպքում լինում է ինչ-որ շահած գումար։ Ֆինանսների նախարարության հետ երկար քննարկումներից հետո մենք ստացանք անհրաժեշտ ծավալի գումարը, նաեւ ընթացիկ վերանորոգման գումարը։ Արդյունավետ կառավարման արդյունքում մենք տնտեսեցինք»,- նկատեց աշխատակազմի ղեկավարը։

Ինչ վերաբերվում է այն մեկնաբանություններին, թե տնտեսումը պայմանավորված է հեղափոխությամբ, Սաղաթելյանը հակադարձեց, ԱԺ աշխատակազմը գործում է նաեւ այս պահին եւ պարտավոր է ապահովել եւ ուղեկցել խորհրդարանի բնականոն գործունեությունը։

«Ծախսերի հիմնական մասը շենքի պահպանման համար են, անկախ այն բանից, թե քանի մարդ է մտնում շենք ու դուրս գալիս, այդ ծախսերն իրականացվում են։ Երկրորդ խումբը ներկայացուցչական ծախսերն են ու գործուղումները։ Ներկայացուցչականի մասով ես արդեն ասացի, մենք պահեստներում թողնում ենք զգալի ծավալի ապրանք։ Այն՝ ինչ կրճատվել է, արվել է ողջամիտ։ Բայց կան գործուղումներ, որոնք չենք կարող չգնալ, օրինակ, եթե ալարում ես, կամ հիասթափված ես ու որոշում ես չգնալ, ապա այդ քննարկումներում կարող են հակահայկական բազմաթիվ բանաձեւեր ընդունվել»,-մանրամասնեց նա։

ԱԺ աշխատակազմն ունի 726 աշխատակից, այդ թվում նաեւ պատգամավորներն են։ Լրագրողները հարցրեցին՝ արդարացվա՞ծ է նման թիվը։ Սաղաթելյանը կարծիք հայտնեց՝ կառավարման փիլիսոփայության խնդիր է։

«Ես կարծում եմ՝ երբ խոսում ենք պետական լուրջ կառույցների աշխատակազմերի մասին, դա համակարգված արտադրություն չէ։ Օրինակ, մեր ղեկավարման օրոք շատ մարդիկ՝ ոչ միայն ստորաբաժանումների ղեկավարները, մնում էին, աշխատում էին նաեւ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ մինչեւ ժամը յոթը, ութը»,- մանրամասնեց աշխատակազմի ղեկավարը՝ օրինակ բերելով այլ երկրների խորհրդարանները, երբ ուսումնասիրություններն ու հետազոտությունները պատվիրում են այլ կենտրոններին: