Պետությունը Կաթողիկոսի պաշտպա՞ն

- in Կեղտոտ լվացք
Garegin B

Պատկերացնենք մի պահ՝ «Արմենպրես» հայկական պետական գործակալությանը պատկանող եւ Մոսկովյում գործող մեդիախմբի Astera-Goddess-Russia.ru կայքը քննադատական նյութ է հրապարակում, հասցեագրած համենայն Ռուսիո պատրիարք Կյուրեղին:

Նյութը մանրամասն վերլուծում է ռուս ուղղափառաց առաջնորդի մի ելույթ եւ վերջինիս համար ոչ նպաստավոր համեմատություններ անում Ռուսիո մեկ ուրիշ՝ «իսկապես մեծ» պատրիարքի հետ: Մոսկովյան հայկական կայքի հեղինակը համարձակորեն հորդորում է ռուս Պատրիարքին կիրառել ավելի հարմար բառամթերք եւ տարակուսում՝ արդյոք ինչո՞ւ էր հովվապետը բերանը ջուր առած լռում մինչ ռուս հավատացյալները տենչում էին նրա բառն ու բանը: Հոդվածը բացվում է Հիսուս Ամենափրկիչ մոսկովյան տաճարի բեմից Սբ. Մարիամ Աստվածածնին նշավակող Pussy Riot աղջիկներին պատկերող՝ «Արմենպրեսի» գունագեղ լուսանկարով:

Այո, անհնար է նման ֆանտաստիկա պատկերացնել: Պատճառները բազմաթիվ են. նախ եւ առաջ սա հայկական մշակույթին հարիր վարվելակերպ չէ՝ օտար հոգեւոր կյանքը հայկական պետական լրատվական մարմնի մեկնաբանության առարկա լինել չի կարող: Նշենք նաեւ, որ ռուսաց ուղղափառ եկեղեցին, ռուսաց ազգային ինքնությունը, գիրը, առհասարակ քաղաքակրթությունը եւ պետության հիմունքները կայացել են բացառապես հայկական կայսերական եւ հովվապետական նախաձեռնությամբ, աշխարհի տիրակալ Նոր Հռոմի Բարսեղ Առաջին կայսեր, այնուհետեւ Աննա Ծիրանածնի հավատապաշտության, բայց դեռեւս ավելի վաղ՝ Կոստանդնուպոլսի հայ հոգեւորականության, արեւելյան եկեղեցու հիմնադիր հայր Ֆոտ Առաջին պատրիարքից սկսած՝ երեք դար եւ ավելին տեւած եկեղեցաշինական անխոնջ ռուսաստանյան ջանքերի շնորհիվ:

Ռուսների ուղղափառ ինքնության համար ուղեցույց աստղ է հանդիսացել Սբ. Էջմիածնի առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչի, Սբ. Գայանե մայրապետի, Սբ. Հռիփսիմեի ու նահատակ այլ կուսաց հավատո սխրանքը: Հայ պատմագրությունից հայտնի «ռուզ» եւ «վարանք» անգիր-անբարբառ ցեղերի համար դա բախտորոշ հանգամանք էր: Սակայն նույնիսկ դա չէր կարող մեզ իրավունք տալ երբեմնի բարբարոսների հանդեպ քամահրական վարմունքի: Այժմ, 1000 տարի անց, նման դրսեւորման համար խոչընդոտ պիտի լինեին նաեւ երկու երկրների ռազմա-քաղաքական դաշնակցային հարաբերության դեկլարացիաները: Եւ վերջապես. իրականում ոչ Astera-Goddess-Russia, ոչ էլ որեւէ այլ հայկական պետական գործակալություն Ռուսաստանում չի ծավալվել եւ չի հեռարձակում այնտեղ: Այս վերջին հանգամանքը, ընդհակառակը, խիստ ցավալի է եւ դրան դեռ կանդրադառնանք:

Մինչ մեր ակնարկի բուն առիթին անցնելը, նշենք, որ եթե նկարագրածը իրական լիներ, ապա Կյուրեղ պատրիարքի մասին երեւակայական հրապարակումից արդեն ժամեր անց ՀՀ դեսպանը կհայտնվեր ՌԴ ԱԳՆ բաժնի վարիչներից մեկի «գորգի» վրա՝ բողոքի նոտա ստանալու համար:

Հիմա նկատենք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջերս հայկական ԱԳՆ չի հրավիրվել: Մինչդեռ առիթ եղել է, եւ իրական առիթ: «Ռոսսիյա Սեգոդնյա» ՄԼԳ Ռուսաստանյան Պետական Ունիտար ձեռնարկությանը (ընդհանուր տնօրեն Դմիտրի Կիսելեւ, գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան) պատկանող Sputnik-Արմենիա գործակալության կայքը 2019 հունվար 8-ին հրապարակել է սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանի ռեպլիկը «Գրոհ բանից էության դեմ. Այդ ինչ պատահեց, որ կաթողիկոսը լեզու առավ» վերտառությամբ:

Արդեն վերնագրի անբռնազբոս ոճից կարելի էր ենթադրել բովանդակության եւ կերպի նախահարձակ երանգը: Ռուսական պետական գործակալության հայաստանյան լրատվամիջոցի սյունակագիրը հետզհետե ծավալվում է. «Հանկարծ պարզվեց, որ Գարեգին Երկրորդին խորթ չէ առողջ բանականությունը»: Այնուհետեւ. « <…> ով մեզնից տեսել է Վազգեն Ա, պետք է հիշի այդ իսկապես մեծ կաթողիկոսին: Հարկ չկա նրա հետ համեմատելու, <…> սակայն ակնհայտ բաների մասին հայոց կաթողիկոսը պարտավոր է խոսել»: Լավ է, որ «այս անգամ նա դավաճանել է իր «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ ասում» սկզբունքին»: Հիշեցնենք, որ Երեւանից հեռարձակող ռուսական պետական լրատվամիջոց Sputnik-ը բնութագրում է ոչ թե Կյուրեղ ռուսաց պատրիարքին, այլ օտարերկրյա եկեղեցու հովվապետ՝ ՀԱԵ կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Այն, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը չի մեկնաբանել «Ռոսսիյա Սեգոդնյա» ՄԼԳ՝ իրեն ավանդական արժեքների ջատագով հռչակած սյունակագրի զազրախոսությունը, վկայում է ռուսաստանյան հանրության, ռուս հավատացյալների հանդեպ մեր ուղղափառ եկեղեցու խորին հարգանքի մասին: Սակայն Sputnik-ի կոպիտ սադրանքը չի գտնվում զուտ եկեղեցական կամ հոգեւոր հարթության մեջ: Խնդիրը ավելի ընդգրկուն է եւ վերաբերում է ազգային ինքնիշխանության կարեւոր մաս կազմող տեղեկատվական անվտանգության կորիզին: Հարցը բարդանում է նրանով, որ ռուսական պետական գործակալության վարքը ամենեւին պատահական չէ, այլ լիովին ներգծվում է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հայտարարած «փափուկ ուժի» քաղաքականության ծիրի մեջ:

Լեզվական, հոգեւոր, մշակութային, կրթական, գաղափարաբանական ոլորտներ շոշափող «փափուկ ուժի» գործադրումը, ըստ տեսության հիմնադիր ամերիկացի Ջոզեֆ Նայի, ենթադրում է տեղեկատվական հզոր միջոցների կիրառում: Առանց տեղեկատվական ուղղորդված միջամտության, «փափուկ ուժի» ձեռքբերումները վերոհիշյալ ոլորտներում ժամանակավոր են եւ մակերեսային: Տեղեկատվությունը սոսնձում, ամրագրում է գրոհի օբյեկտի նոր յուրացրած պրակտիկաները եւ կապում դրանք «փափուկ ուժի» առաքիչ կենտրոնի ընդհանուր քարոզչական կարծրատիպերի համակարգին:

Օբյեկտը այս դեպքում հայ ժողովուրդն է, տեղեկատվական խողովակը «Ռոսսիյա Սեգոդնյա» ՄԼԳ-«Սպուտնիկը», իսկ գրոհի սուբյեկտը, համակարգողը՝ պաշտոնական Մոսկվան: Դեսպան Կոպիրկինը այնքան վստահ էր իր նախարարության ձեռնարկման հաջողությանը, որ 2018-ի տարեվերջին համարձակ կերպով շնորհանդես կազմակերպեց տեղական ԶԼՄ-ների համար: Այսպիսով փորձ կատարվեց հայկական ԶԼՄ-ները նույնպես վերածել օբյեկտի: Երբ տեղական ԶԼՄ դառնում է օբյեկտ, այն անխուսափելիորեն վերածվում է գործակցի:

Տարրական հետեւություն է սա, անշուշտ, սակայն տեղեկատվական ֆրոնտում իրադարձությունների ծավալումը հուշում է, որ դրա մասին պիտի ասվի: Տեղայնացած «Սպուտնիկը», գտնվելով բնիկների հետ միեւնույն ժուռնալիստական համքարության կազմում, երկակի դերակատարություն է ստանձնում. նախ ողղակի զանգվածային պրոպագանդան ըստ Ջոզեֆ Նայի, այնուհետեւ՝ տեղական ԶԼՄ հավաքագրումը: Դատելով այն բանից, որ ստիպված ենք սրա մասին գրել, երկուսում էլ Sputnik-ն ըստ ամենայնի հաջողում է:

Քարոզչական զինանոցների կիրառությունը Հայաստանում՝ լինի ռուսական, թե ամերիկյան կամ ֆրանսիական, անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանափակել նույնատիպ հայկական միջոցների կարողությանը համապատասխան: Եթե Մոսկվայում չի գործում «Արմենպրեսի» կամ այլ պետական մեդիախմբի լրահավաք եւ հեռարձակող կենտրոն, ապա «Սպուտնիկի» գործունեությունը Հայաստանում պիտի առկախվի: Սա է ինքնիշխանության պահանջը եւ այն որեւէ կապ չունի խոսքի ազատության հետ: Այն մտայնությունը, թե արեւմտյան միջոցների, առաջին հերթին RFE/RL, գործադրումով հնարավոր է հավասարակշռել ռուսական «փափուկ ուժը», խորին մոլորություն է եւ բնորոշ է գաղութային կապանքներից նոր-նոր ազատվող ազգերի համար:

Բեւեռային ազդեցությունները հավասարակշռելու «անվճար» թվացող մոտեցումը նույն արմատներն ունի, ինչ նախագահ Սերժ Սարգսյանի «պասիվ չեզոքության» կամ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի «միջբեւեռային կամրջակի» եւ նմանատիպ ռազմավարական հայեցակարգերը: Դրանցից ոչ մեկը, ավաղ, դեպի պետական ինքնիշխանություն չի տանում: Ավելին, ագրեսիվ շրջապատի պարագային, հենց այդ պարզունակ մոտեցումներն են եղել Հայաստանի՝ 1500 տարի տեւող ողբերգություների պատճառը:

Այո, տեղեկատվական անվտանգությունը, մեր դեպքում թեեւ ոչ շատ մեծ, բայց փող արժե, ներդրում է պահանջում: Բայց առավել պահանջվում է գոյություն ունեցող, առաջին հերթին պետական, լրատվամիջոցների արմատական վերափոխում, օտարին ծառայող կարող կադրերի նպատակային տեղաշարժ: Պալատական սազանդարների ինստիտուտի 25 տարի տեւող գործունեությունը պիտի կասեցվի: ԿՎՆ-ների, գավառական դուքանների կործանարար շրջանը շարունակելի չէ: Խնայողությունը եւ նմանակումը մամուլի «փափուկ» ոլորտում նույնն է, ինչ թալանն ու իմիտացիան ուժային ասպարեզում: Հարվածը դաժան է լինելու, եւ Sputnik-ը դրա առաջին ծիծեռնակն է:

Հեղափոխական գարունը շատ խնդիրներ արթնացրեց: Հայաստանում կրոնական բանավեճը, մասնավորապես, ցավալիորեն դուրս եկավ ներեկեղեցական շրջանակներից, ինչը առիթ հանդիսացավ շահառու զանազան շրջանակների աշխուժացման համար: Sputnik-Արմենիան առաջին շարքերում է: Հայ եկեղեցու առաջնորդի անունը հոլովող անպարկեշտ հրապարակումները տեղայնացված օտար լրատվամիջոցի կողմից պետք է համապատասխան գնահատականի արժանանա երկրի ԱԳՆ-ում: Շուրջ երեք տասնամյակ «միջբեւեռային կամրջակի» պատրանքային գործառույթով մասնագիտացած նախարարությունը լուրջ կորուստների տեղիք է տալու, եթե չհամապատասխանի «փափուկ ուժի» գործադրման նորագույն սպեցիֆիկային: Դիվանագիտական հրատապ ռեակցիան անհրաժեշտ է զուգորդել մամուլի ոլորտին վերաբերող սահմանափակիչ-կանոնակարգող օրենսդրական շտապ նախաձեռնության հետ:

Պավել ԴԱԼԼԱՔՅԱՆ

Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

Պատկերներն. Sputnik-Արմենիա գործակալության սյունակագիր, ավանդական հայացքների կողմնակից Ռուբեն Գյուլմիսարյան

«Sputnik»-ի հիմնադիր «Ռոսսիյա Սեգոդնյա» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը անհանգստացած է Հայաստանի՝ ԱՄՆ 51-րդ նահանգ դառնալու հեռանկարով: Կադր Ռոսիա-1 պետական ալիքով ելույթից: