Ռուսաստանի ներկա ու Հայաստանի նախկին նախագահներն են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հիմնական շահառուները

- in Կեղտոտ լվացք

Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումների ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահի հարցը քննարկվում է, կամ առնվազն՝ Հայաստանի վարչապետին չի հաջողվում միջպետական հարաբերությունները դուրս բերել Քոչարյանի ստվերից։

Իհարկե, ամենևին այն կարծիքին չենք, որ Ռոբերտ Քոչարյանի հարցը կենտրոնական տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում, սակայն նկատելի է, որ Մոսկվան այն օգտագործում է Երևանի վրա իր ստվերային ազդեցությունը բանեցնելու նպատակով։

Բացի դրանից՝ Ռոբերտ Քոչարյանը հայկական քրեաօլիգարխիայի հիմնադիրն է, նույնիսկ խորհրդանիշը, իսկ նրա անազատությունը նշանային իրադարձություն է, որը բացահայտում է հին համակարգի վախճանը։ Ավելորդ է ասել, որ այսօրվա Ռուսաստանը չունի գործընկերների հետ աշխատելու ռացիոնալ ծրագրեր ու իր ազդեցությունը բանեցնում է քրեաօլիգարխիկ համակարգի միջոցով։ Այլ խոսքով՝ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան Քոչարյանի անձն է, որքան համակարգը, որի չգոյությունը մեծապես վտանգելու է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում։

Մյուս կողմից՝ Քոչարյանը Պուտինի համար կարևոր ֆիգուր է, որովհետև Ռուսաստանի ներկա ու Հայաստանի նախկին նախագահներն են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հիմնական շահառուները։ Հենց այս իրադարձությունը դարձավ այն նշանային սահմանագիծը, որից անդին Հայաստանում հաստատվեց ռուսական վասալության ռեժիմը ու ամրապնդվեց Ռոբերտ Քոչարյանի միահեծան իշխանությունը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ դատական նիստն անցած տարեվերջին հետաձգվեց՝ ակնհայտորեն դատախազության նախաձեռնությամբ։ Այսօր տեղի ունեցավ նույնը, որովհետև դատախազը բացարկ է հայտնել դատավորին։

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու բոլոր իրավական հիմքերը կան, ավելին՝ նման ծանր մեղադրանքով մեղադրյալներն ազատության մեջ հայտնվում են հազվադեպ՝ նույնիսկ արևմտյան երկրներում, որտեղ կալանքը կիրառվում է հույժ անհրաժեշտ դեպքերում։

Ասել կուզի, որ զուտ իրավական հարթության վրա ամեն բան կարծես հստակ է, մյուս կողմից՝ եթե դատավորը վաղն ինքնաբացարկ հայտնի, ապա դատական նիստը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել։ Սա, ըստ ամենայնի, ամենահավանական սցենարն է, ինչը ստիպում է մտածել, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ժամանակ շահել՝ Քոչարյանի մասով Մոսկվայի պահանջը կատարելու, կամ՝ երկրորդ նախագահի խնդրից հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատելու համար։

Մեծ հաշվով, վաղ թե ուշ, Ռոբերտ Քոչարյանը կանգնելու է դատարանի առաջ ու պատասխան է տալու Մարտի 1-ի ու նաև այլ հանցագործությունների համար, սակայն գոնե այս պահին երկրորդ նախագահի թիմը կարողացել է մարտավարական խնդիր լուծել՝ առավելագույնս քաղաքականացնելով նրա գործը։ Ավելին՝ Քոչարյանի գործոնը էապես կաշկանդում է Նիկոլ Փաշինյանին հայ-ռուսական հարաբերություններում, ինչը տեսանելի է դարձնում երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը։

Spread the love