Սվիտալսկին գուժում է գործնականում քաոսային մի իրավիճակ, երբ «շունը տիրոջը չի ճանաչում»

- in Կեղտոտ լվացք
Pyotr Svitalsky

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Մեդիամաքսի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում այսպես ասած «ատելության» քարոզին, ասելով, որ ատելությունն իհարկե խանգարում է ժողովրդավարության զարգացմանն ու ստեղծարարությանը:

Միաժամանակ, դեսպան Սվիտալսկին դիվանագիտորեն նուրբ նախազգուշացում է անում Հայաստանի իշխանությանը, ակնարկելով վտանգի մասին, որ կարող է ստանալ «միս ու արյուն»:

«Մենք խոսում ենք Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանությունից մեկ օր անց, ով Հայաստանի ընկերն էր եւ մի քանի անգամ եղել էր Հայաստանում: Նա ատելության զոհ դարձավ: Նրա մահը այն փաստի վկայությունն է, որ բռնության քարոզը կարող է հանգեցնել քաղաքական բռնության: Նրա մահը ապացուցում է, որ ատելության խոսքը պետք է լուծում ստանա ամենասկզբնական փուլում, քանի որ բանավոր ատելությունը հեշտորեն կարող է վերաճել ֆիզիկական բռնության», ասում է դեսպան Սվիտալսկին:

«Ատելության քարոզի» մասին Հայաստանում խոսվում է շատ: Ընդ որում, այդ հանգամանքը նոր իշխանության դեմ ընդդիմախոսության հիմնական թեմաներից է: Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն խրախուսում այդ քարոզը, այլ տարբեր առիթներով անում են դրան չտրվելու կոչեր: Դրան զուգահեռ, սոցցանցերում անշուշտ առկա է նոր իշխանության ընդդիմախոսների եւ մրցակիցների հանդեպ կոշտ եւ ագրեսիվ արձագանքների առատություն: Սակայն խնդիրն այն է, որ այդ երեւույթը բնորոշ է ոչ միայն Հայաստանի սոցցանցային տիրույթին, եւ Հայաստանի այդ տիրույթին էլ բնորոշ է ոչ միայն թավշյա հեղափոխությունից հետո:

Պարզապես փոխվում են թիրախային ուղղությունները եւ նրանք, ովքեր նոր են հայտնվում թիրախում, ոորոնց զգալի մասն էլ նախկինում թիրախավորողների դերում էին, այժմ լինելով թիրախի դերում՝ խոսում են երեւույթի մասին այնպես, կարծես այն նոր է: Մինչդեռ պարզապես իրենք են նոր հայտնվում թիրախի դերում:

Խնդիրն անշուշտ բավականին բարդ է, բազմաշերտ, իսկ պատճառները շատ ավելի խորքային են՝ քան թավշյա հեղափոխությունը, ու միաժամանակ նաեւ կա խնդրի հակառակ կողմը: Բանն այն է, որ տեղեկատվական նոր իրականությունն ու անընդհատ աճող տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս «ատելության քարոզը» առաջացնել, գեներացնել նաեւ այն սուբյեկտի անունից, որին հետո պատրաստվում ես մեղադրել այդ «քարոզը» խթանելու համար: Միեւնույն ժամանակ, կան նաեւ նուրբ տեղեկատվական տեխնոլոգիաներ, երբ հանրայնորեն բարձր լեգիտիմությամբ իշխանությանը վերագրվում է այնպիսի տեղեկատվություն, որն ակնհայտ անհիմն է, հերքվում է հեշտությամբ, սակայն վերագրման ցինիզմի հետեւանքով առաջացնում է հանրային նյարդայնություն՝ ինչն էլ այդ տեղեկատվության բուն նպատակն է՝ օգտագործել նախկին իշխանության հանդեպ հանրության հիմնավոր զայրույթը, գրգռել այն, նոր իշխանության դեմ «ատելության քարոզի» մեղադրանքի հիմք ստանալու համար:

Այլ կերպ ասած, տեղեկատվական ժամանակակից իրողությունները այդ առումով ստեղծել են լայն հնարավորություններ եւ գործնականում քաոսային մի իրավիճակ, երբ «շունը տիրոջը չի ճանաչում»:

Դեսպան Սվիտալսկին հարցը փաստացի դիտարկում է հենց այդ համատեքստում, ակնարկելով, որ խնդիրը կարող է գեներացվել նոր իշխանության համակիր շրջանակների «անունից» եւ հետո ուղղվել այդ իշխանության, իսկ ավելի լայն իմաստով պազապես նոր իրավիճակի ինստիտուցիոնալացման, արժեմակարգային հեղափոխության փուլի հասունացման դեմ: Այլ կերպ ասած, բերելով Գդանսկի քաղաքապետի օրինակը, Սվիտալսկին ակնարկում է, որ խնդրի նենգափոխված «գեներացիան» կարող է իքս պահին ստանալ արդեն ֆիզիկական բնույթ, երբ զուտ տեղեկատվա-քարոզչական մակարդակում այն սկսի կորցնել էֆեկտիվությունը որպես հարվածի գործիք ինքնին: Սվիտալսկին զգուշացնում է որեւէ ուղղությամբ «ֆիզիկական հարվածի» տեսքով նենգափոխման տեխնոլոգիայի կիրառման վտանգի մասին, դա կանխելու համար հարկ համարելով անցնել շատ կոնկրետ քայլերի:

Իհարկե, դրանք առաջին հերթին պահանջում են իրավապահ համակարգի օպերատիվ աչալրջություն, սակայն մյուս կողմից նաեւ տեղեկատվա-քարոզչական լայն միջավայրի համակարգային, ինստիտուցիոնալ կարգավորմանն ուղղված քայլեր:

«Հայաստանի կառավարության առաջարկում եմ վերանայել գործող օրենսդրությունը՝ դիտարկելով դրա կատարելագործման հնարավորությունները: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր, եւ մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի կառավարությանն եւ այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը եւ լրագրողները՝ պայքարելու ատելության քարոզի դեմ», ասում է դեսպանը: