Սփյուռքի ներուժի, այն Հայաստանի պետական զարգացման գործում լայնորեն ներգրավելու մասին

- in Կարծիք
Aram a

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է նախկինում սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրին, որի ընթացքում նշել է, որ հայկական սփյուռքի համար սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է:

«Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը,  որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում: «Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիների ընթացքում սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:

Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հայտնել է, թե նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն է հայտնել սփյուռքի նախարարությունը լուծարելու կապակցությամբ: Ըստ Արամ Առաջինի, դա կբերի Սփյուռքի դժգոհության: Նրա խոսքով, նախարարությունն անցնող տարիներին արել է բավականաչափ գործ, որը պետք է գնահատել:

Կառավարության հունվարի 10-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սփյուռքի նախարարության հարցին, այդպիսով փաստորեն անուղղակի պատասխանելով Արամ Առաջինին: Վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե կա թյուր տպավորություն, որ կառավարությունը պատրաստվում է խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա: Նրա խոսքով, իրականում կա հակառակ մտադրություն՝ ավելի սերտացնել կառավարության եւ սփյուռքի գործակցությունը, եւ այդ առումով պատրաստել են մոդելի առաջարկ, որը քննարկելու են նաեւ սփյուռքի հետ: Փաշինյանը հույս է հայտնել, որ կգան կոնսենսուսի:

Թե ինչ մոդելի մասին է խոսքը, վարչապետը չի մանրամասնել: Դա ենթադրու՞մ է նախարարության կարգավիճակի պահպանություն: Կամ, արդյոք կարող է շրջանառության մեջ դրվել խորհրդարանի այսպես ասած երկրորդ պալատի գաղափարը, որը շրջանառվեց դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Կամ արդյոք խոսքը պայմանական երկրորդ պալատի մասի է, իսկ ըստ էության՝ խորհրդակցական մեծ կառույցի:

Բոլոր դեպքերում, հատկանշական է մի բան, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունը տարիներ շարունակ դիտարկվել է այսպես ասած մոդելների շրջանակում, մինչդեռ գլխավոր հարցը թերեւս այն է, թե ի՞նչ բովանդակության համար են փնտրվում այդ մոդելները: Այդ իմաստով ավելի հետաքրքիր կլինի, որպեսզի նոր կառավարությունը Հայաստանի հանրությանն ու սփյուռքին ներկայացնի բովանդակությունը, որ պատկերացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերության ներքո:

Սփյուռքի ներուժի, այն Հայաստանի պետական զարգացման գործում լայնորեն ներգրավելու մասին խոսքերը կարեւոր են, բայց դրանք բովանդակություն չեն, որովհետեւ ինքնին ասելու համար չեն պահանջում առանձնակի ջանք: Իհարկե, սփյուռքն ունի ահռելի ներուժ, որը պետք է առավելագույնս ներգրավվի Հայաստանի պետական զարգացման գործին: Իհարկե, սփյուռքի ներուժ ասելով չպետք է պատկերացնել միայն ֆինանսական կամ նյութական ռեսուրս, այլ մարդկային-ստեղծագործական, այդ բնորոշման լայն իմաստով:

Բայց Հայաստան-Սփյուռք հարաբերությունը միայն ներգրավվածության հարցը չէ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունը անկախությունից ի վեր գործնականում գաղափարազուրկ հարաբերություն է: Եղած ռեսուրսի ավելի մեծ ու աշխույժ ներգրավումը շատ կարեւոր է եւ ողջունելի, եթե ստանա առարկայական ընթացք, բայց դա չափազանց քիչ ու անբավարար է այն խնդիրների ու մարտահրավերների համատեքստում, որ համաշխարհային կյանքում եւ աշխարհքաղաքական, աշխարհ-տնտեսական գործընթացներում ունի հայկական պետականությունն ու համաշխարհային հայկական գործոնն ընդհանրապես:

Ըստ այդմ, անհրաժեշտ է համահայկական գաղափարական դաշտի ձեւավորումը: Պետական զարգացումը նպատակ է, որը պետք է ծառայի համաշխարհային քաղաքականության համատեքստը ընդգրկող եւ դրանում հայկական գործոնի ռազմավարական նշանակության գնահատման վրա ձեւավորված լայն գաղափարին կամ գաղափարներին, ռազմավարություններին: Դրանք կա՞ն: Ու՞ր են դրանք:

Միեւնույն ժամանակ, Արամ Առաջինը, եւ սփյուռքի այլ երեւելիները, սփյուռքահայ հոգեւոր եւ այսպես ասած աշխարհիկ էլիտայի ներկայացուցիչները Հայաստանի վարչապետի, նոր իշխանության, Հայաստանի հանրության հետ պետք է թերեւս քննարկեն եւ երկխոսություն նախաձեռնեն այդ համատեքստում, ոչ թե կառուցվածքային՝ նախարարությունը պահե՞լ, թե՞ չպահել, Հայաստան-Սփյուռք հարաբերությունը պայմանավորելով մի նախարարության լինել-չլինելով:

Spread the love