Վաղ թե ուշ՝ Հայաստանը քննարկելու է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը

- in Կարծիք

ՀԱՊԿ-ի հարցում մենք շատ հստակ էինք, երբ ասացինք, որ մեր ներքին իրավական հարցերը պետք է տարանջատել ՀԱՊԿ-ին վերաբերող մնացած հարցերից․ նախօրեին Հանրային հեռուստատեսության «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այդ կառույցում  Հայաստանի առջև ստեղծված դժվարություններին։

«Դրա համար մենք նախաձեռնեցինք, որ վաղաժամ դադարեցվեն գլխավոր քարտուղարի լիազորությունները»,-ասել է նա։

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը մի ակումբ է, որտեղ երկրների ղեկավարները լրիվ այլ աշխարհայացք ունեն, ուրիշ մոդելի երկիր են կառուցում և հակադրվում են աշխարհին, իսկ ՀՀ գործող ղեկավարը մշակութաբանորեն չի տեղավորվում այդ մարդկանց ակումբում, Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է. «Մենք արել ու անելու ենք նույնը՝ սկսած վարչապետից. Ծառայեցնելու ենք արտաքին հարաբերությունները, տարբեր գործընկերների շահերը մեր երկրի շահերին։ Բոլոր գործիքները աշխատեցնում ենք։ Մենք չենք պատրաստվում անել այն, ինչ տարբեր վերլուծաբաններ ենթադրում կամ սպասում են»։

ՀԱՊԿ-ի մասին մեր բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտած կարծիքներն այսօր ավելի ակտուալ են՝ հաշվի առնելով այդ կառույցի շուրջ զարգացող իրադարձությունները։

Զոհրաբ Մնացականյանի խոսքի մեջ հատկապես ուշագրավ է այն հատվածը, որտեղ նա, ըստ էության, մերժում է մեղադրանքները, որ Յուրի Խաչատուրովի դրվագում Հայաստանի իշխանությունները ցուցաբերել են ավելորդ շտապողականություն, ինչի հետևանքով ՀԱՊԿ-ում խորացել է Հայաստանի մեկուսացումը։

Որևէ մեկը չի հերքում այն անհրաժեշտությունը, որ Խաչատուրովը պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե կան կոնկրետ ապացույցներ, որ նա մեղսակից է Մարտի 1-ի ոճրագործությանը։ Խաչատուրովի անհատական պատասխանատվության խնդրում երկու կարծիք լինել չի կարող ու այստեղ հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր պնդեն, թե գեներալն անձեռնմխելի է։

Իհարկե, ոչ ոք չի կարող պնդել, որ եթե Հայաստանի ղեկավարությունը պահպաներ անհրաժեշտ ընթացակարգերը, երաշխիքներ կային, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլիներ Հայաստանի ներկայացուցիչը։ Ավելի շուտ՝ նույնիսկ այդ պարագայում Հայաստանը կորցնելու էր այդ պաշտոնը, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է ՀԱՊԿ-ում՝ դա, ըստ էության, ավտորիտար, բռնապետական ռեժիմների կոնսոլիդացիան է՝ հեղափոխական Հայաստանի, նրա արժեքների դեմ։ Մյուս կողմից՝ եթե Խաչատուրովի պարագայում պաշտոնական Երևանը հավատարիմ մնար միջազգային պարկտիկայում ընդունված ընթացակարգերին, ապա այսպես կոչված՝ եվրասիական գործընկերներին կզրկեր Հայաստանին մեկուսացնելու, նրա դեմ դիվանագիտական դեմարշ իրականացնելու մարտավարություն բանեցնելու լեգիտմությունից։

Այս ամենը ճշմարտություն է՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ԱԳ նախարարը պնդում է, թե մեր իշխանությունը հենց սկզբից հստակ է գործել։ Մեր իշխանությունների մոտ ցավոք գործում է անսխալականության բարդույթը, ինչից մինչև պարտություն՝ մեկ քայլ է։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ գլոբալ հարթության վրա, ապա ակնհայտ է, գլխավոր քարտուղարի ընտրության հարցը դարձավ այն լակմուսի թուղթը, որը վերջնականապես բացահայտելու է, թե այս կառույցն որքանով է նպաստում մեր երկրի անվտանգությանը։

Վաղ թե ուշ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քննարկելու է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը, որովհետև՝ եթե նույնիսկ այս կառույցը ֆորմալ բնույթ ունի ու ընդամենը հայ-ռուսական համագործակցության հարթականերից մեկն է, ապա լրջորեն պետք է քննարկել այն հարցը, թե հենց ՀԱՊԿ ներսում բազմաշերտ շահերի բախումները չե՞ն խոչընդոտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կամ դրանք ավելի արդյունավետ զարգացնելու հեռանկարը։ Այլ խոսքով՝ կարող է պարզվել, որ ՀԱՊԿ-ը փակուղի է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլ նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...