Վերսկսվել են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաները

- in Հասարակություն
Manvel Grigoryan

Էջմիածին քաղաքում այսօր առավոտվանից վերսկսվել են գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաները:

Մարդիկ պահանջում են, որպեսզի դատարանի որոշումը վերանայվի, և Մանվել Գրիգորյանը դարձյալ կալանավորվի: Ակցիայի մասնակիցները նախ հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածում, հետո նաև ավտոերթ են իրականացրել:

Նախորդ տարեվերջին ցուցարարները ակցիաներ էին արել քաղաքում, փակել էին մայրուղիներ, նաև եկել էին Երևան՝ Արդարադատության նախարարության ու Դատախազության շենքերի մոտ՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին, նաև քննություն իրականացնել այն դատավորի նկատմամբ, ով կալանքից ազատելու որոշում էր կայացրել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից: Նրա պաշտպանները ամիսներ շարունակ հայտարարում էին, որ Գրիգորյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ:

Մանվել Գրիգորյանը մեզադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար: Ինչպես նաև նրան մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: