Վրաստանի կառավարությունը հունվար ամսից արգելելու է բեռնատարներով ապրանքների ներկրումը

- in Տնտեսական
Bernatarner

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ որոշակի պարզություն մտցվել է՝ չնայած երկկողմ գործարքը ակնհայտորեն հաջողված համարել չի կարելի։

Ըստ էության՝ Մոսկվան լուծել է իր նվազագույն խնդիրը ու լեգիտիմացրել է, այսպես կոչված, գազային շանտաժի քաղաքականությունը, որի քաղաքական ու տնտեսական հետևանքները տեսանելի կլինեն առաջիկա ամիսներին ու տարիներին։

Սակայն Մոսկվայի շանտաժին ու ճնշումներին զուգահեռ՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է Հայաստանի կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցությունների մեկնարկը տվել միայն վերջին շաբաթներին, նույնիսկ՝ օրերին, երբ պարզ էր, որ հին սակագինը կարգավորող պայմանագրի ժամկետը լրանում է արդեն դեկտեմբերի 31-ին։

Եթե Հայաստանի վարչապետն ու նրա թիմը հավատացել են Վլադիմիր Պուտինի «բարի ժպիտին», ապա դա խոսում է նրանց քաղաքական փորձառության ու նաև պրոֆեսիոնալիզմի, մեղմ ասած, բացակայության մասին։ Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը շատ ավելի խորքային է ու հընթացս փոխվել են խաղի կանոններ, որոնք էլ ստեղծել են ֆորս-մաժորային իրավիճակ։

Չի բացառվում, իհարկե, որ գործ ունենք համակարգային այն անհամարժեքության հետ, որը բնորոշ է հետհեղափոխական Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի թիմը հաջողությամբ լուծել է հին համակարգի կազմաքանդման խնդիրը։ Հայաստանում քրեաօլիգարխիան՝ որպես ինստիտուտ, ըստ էության՝ ոչնչացված է։ Սակայն հին համակարգին փոխարինելու չի եկել նորը, ինչն էլ, ըստ ամենայնի, խանգարում է արդյունավետ կառավարմանը։

Նոր համակարգի բացակայությունը ծածկվում է Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշով ու շատ խնդիրներ՝ նույնիսկ շատ պրիմիտիվ, լուծվում են միայն այն բանից հետո, երբ դրանով անմիջականորեն զբաղվում է Նիկոլ Փաշինյանը։ Ամենացայտուն օրինակը Չարենցավանի թիվ 3 դպրոցի տնօրենի ընտրությամբ պայմանավորված ճգնաժամն էր, որն իր հանգուցալուծումը գտավ միայն այն բանից հետո, երբ կրթական հաստատություն ժամանեց Նիկոլ Փաշինյանը։

Ակնհայտ է, սակայն, որ նույնիսկ հեղինակավոր ու բարձր լեգիտիմությամբ օժտված վարչապետը չի կարող փոխարինել արդյունավետ գործող համակարգին ու նույնքան տեսանելի է, որ առաջիկայում ֆորս-մաժորային իրավիճակներ են սպասվում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին հարաբերություններում։

Վրաստանի կառավարությունը հունվար ամսից արգելելու է բեռնատարներով ապրանքների ներկրումը, փոխարենն առաջարկել է օգտվել ծովային ճանապարհից (սա անխուսափելիորեն բերելու է թանկացումների): Այս խնդիրն առաջացել էր դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն այն ժամանակ Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես հետաձգեց իր մտադրության իրագործումը՝ հաշվի առնելով Երևանից հնչող մտահոգությունները։

Խնդրի հանգուցալուծումը հետաձգվել է մինչև հունվար, բայց դրա ելքը պարզ չէ, որովհետև պատկան մարմինները գտնվում են ամանորյա տրամադրությունների ռեժիմում ու մեծ է մտահոգությունը, որ կրկնվելու է գազի պատմությունը, այսինքն՝ խնդիրը ոչ լիարժեք ու թերի լուծում է ստանալու միայն վերջին պահին։

Մինչդեռ՝ եթե հացահատիկը, թռչնակերը թանկանան, Հայաստանում լուրջ թանկացումներ են լինելու։ Իսկ սա նոր մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...