Տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունը հասունացել է հենց տնտեսության մասնակիցների համար

- in Տնտեսական
Hashvark

2019 թվականը վարչապետի մակարդակով դե ֆակտո հռչակվել է տնտեսական հեղափոխության տարի: Սա դեռևս միայն կարգախոս է, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ այս կարգախոսը չէր կարող չլինել, քանի որ բոլորի համար է թերևս ակնհայտ, որ Հայաստանում չի կարող չդրվել տնտեսական հեղափոխության հարց:

Իրավիճակն այս առումով իհարկե նուրբ է՝ հաշվի առնելով այն, որ տնտեսությունը և հեղափոխությունը ըստ էության «գենետիկորեն անհամատեղելի» իրողություններ են. տնտեսությունը սիրում է հանգիստ և կանխատեսելիություն:

Մյուս կողմից, սակայն, մենք պետք է ելնենք Հայաստանի կառավարման նախկին բնույթից և տրամաբանությունից, որտեղ կանխատեսելիություն ապահովում էր կոռուպցիոն քրեաօլիգարխիկ բուրգի առկայությունը: Ըստ այդմ՝ եթե այդ բուրգը ապամոնտաժվում է, իսկ դրա ապամոնտաժումը չուներ այլընտրանք, քանի որ բուրգն արդեն նույնիսկ ոչ թե պետության ու հանրության, այլ ինքնամսխման և ինքնախժռման ռեժիմում էր, տնտեսությունը հայտնվում է նոր իրավիճակում, և այդ իրավիճակում՝ իր ներկայիս կամ, այսպես ասած, նախկինից եկող բնույթով, Հայաստանի տնտեսությունը հեռանկար, ապագա չունի: Ըստ այդմ՝ տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունը թերևս ամենից ավելի հասունացել է հենց տնտեսության մասնակիցների համար:

Մյուս կողմից՝ հասկանալի է, որ ինչպես թավշյա հեղափոխության դեպքում, տնտեսական հեղափոխությունն էլ հեղափոխություն է զգալիորեն պայմանականորեն, քանի որ այն ևս պետք է զերծ մնա սեփականության վերաբաշխումից, կուլակաթափությունից և այլն: Եվ այդ առումով ողջունելի է, որ նոր կառավարությունը չի դրել այդպիսի հարց թե՛ հեղափոխության սաղմնային վիճակում, թե՛ անցած ամիսների ընթացքում, թե՛ չի դնում առաջիկայի համար: Այդ դեպքում հարց է ծագում, սակայն՝ իսկ ո՞րն է ուրեմն հեղափոխությունը, զուտ բնորոշո՞ւմ, բառակապակցությո՞ւն, թե՞ լինելու են հեղափոխական լուծումներ: Այստեղ, իհարկե, ամեն ինչ մի փոքր մեկնաբանության դաշտում է, ինչպես բաժակի հայտնի կեսի պարագայում՝ մեկի համար որևէ լուծում հեղափոխական կլինի, մյուսի համար՝ ոչ: Պարզ է, որ միայն բիզնեսը կոռուպցիոն պարտավորություններից զերծ պահելը դեռ տնտեսական հեղափոխություն չէ, թեև իհարկե ահռելի նշանակություն ունեցող քայլ է:

Ի վերջո, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ պարտավորությունների մեջ եղել է հիմնականում խոշոր բիզնեսը, որը նաև ներթափանցել է քաղաքականություն, և որի ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ քաղաքականության մեջ դեռ շարունակում են մնալ: Այդ կոռուպցիոն պարտավորություններից ազատումը բիզնեսի, թեկուզ խոշոր բիզնեսի համար լավ և կարևոր քայլ է, առողջացնող քայլ է տնտեսության համար, սակայն միաժամանակ ակնառու է, որ այդ քայլը ուժեղացնում է խոշոր տնտեսվարողներին: Իսկ Հայաստանի տնտեսական կառուցվածքում կա այդ խնդիրը՝ մի քանի խոշոր, կայացած տնտեսվարողներ, որոնք ունեն մի շարք տնտեսական լծակներով նաև փոքր ու միջին տիրույթում եղանակ թելադրելու հնարավորություն: Եվ երբ նրանք ազատվում են նաև կոռուպցիոն բեռից, նրանց հնարավորություններն ավելի են մեծանում: Քավ լիցի, որևէ կերպ խոսք չի կարող գնալ այն մասին, որ կա՛մ պետք է վերականգնել կոռուպցիոն բեռը, կա՛մ ինչ-որ այլ բեռ դնել նրանց վրա, այսպես ասած՝ հնարավորության առանց այդ էլ մեծ ներուժը ավելի չմեծացնելու համար:

Խնդիրն այն է, որ տնտեսական հեղափոխությունը պետք է ենթադրի քայլեր, մեխանիզմների ստեղծում, որոնք կկարգավորեն, կչեզոքացնեն կամ կնվազեցնեն փոքր ու միջին բիզնեսի տիրույթում խոշորների ազդեցության ուժը: Այդ ազդեցությունը ամենևին էլ խոշորների վատը լինելու խնդիր չէ, այլ պարզապես տնտեսության բնույթի օբյեկտիվ դրսևորում, որը պետք է կառավարվի պետության սահմանած մեխանիզմներով: Դրանք, ընդ որում, իրենց մեջ կարող են ներառել նաև ներուժ, որը թույլ կտա զուգահեռ, անուղղակի զսպել նաև խոշորների, այսպես ասած, քաղաքականության մեջ ներկայացվածության հավակնությունները կամ ցանկությունները:

Անշուշտ տնտեսական հեղափոխությունը ենթադրելու է բազմաթիվ քայլեր մի շարք համակարգային վերափոխումների ուղղությամբ, սակայն դրանցից մեկը անխուսափելի պետք է լինի հենց փոքր ու միջին տիրույթում խոշորների բաց կամ լատենտ խաղը զսպելուն, սահմանափակելուն ուղղված քայլը: Ի վերջո, այստեղ հստակ է, որ այդ դաշտում կա՛մ իրավիճակը կկառավարի պետությունը, կա՛մ կկառավարեն խոշորները, ընդ որում՝ միանգամայն օրինական տիրույթում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...