«Տոկոսի տակ ընկած» 40-ամյա կինը նավթավառով հարվածներ է հասցրել մոր գլխին ու սպանել

- in Իրավունք
axjik

1997 թվականի փետրվարին 39-ամյա Անուշ Խ.-ն ամուսնացավ Գարիի հետ: Մինչ ամուսնությունը Անուշը մոր՝ Աղավնի Խ.-ի հետ ապրում էր Կոմիտասի պողոտայում գտնվող հայրական բնակարանում:

Անուշի հայրը վաղուց էր մահացել: Երեք երեխաներին առանց ամուսնու մեծացրել, ընտանիքի բոլոր հոգսերը հոգացել էր Աղավնին:

Երկու ավագներին՝ որդուն և դստերը, ամուսնացրել էր ու տևական ժամանակ կրտսերի՝ Անուշի հետ էր բնակվել մայրը:

Երբ Անուշն էլ ամուսնացավ, բնակարան չունեցող ամուսնու՝ Գարիի հետ բնակություն հաստատեց Օրբելի փողոցում՝ իր հորաքրոջ բնակարանում: Հորաքույրն ապրում էր Գյումրիում:

Աղավնին մտածեց, թե բոլոր երեխաներին արդեն ամուսնացրել է, հիմնական հոգսերը կարողացել է հոգալ: Մտածեց՝ կարող է հոգսերից փոքր-ինչ թեթևացած համարել իրեն…

Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում միայն Անուշն իմացավ, որ ամուսինը՝ Գարին, դեռ մինչև ամուսնությունը մեծ պարտքեր էր կուտակել: Հիմա պարտատերերը չոքեցին նորաստեղծ ընտանիքի վզին:

Գարին կնոջը «սփոփեց» «շահավետ բիզնես-ծրագրով», որը, նրա կարծիքով, իրենց ընտանեկան վերելքի հիմքն էր դառնալու: Սակայն պարտատերերից ազատվելու և երազանքների բիզնեսը սկսելու համար Գարիին գումար էր պետք: Ըստ Գարիի՝ միակ ելքը զոքանչի՝ Կոմիտասում գտնվող բնակարանը գրավ դնելն ու «տոկոսով փող վերցնելն էր»:

Անուշը ամուսնու բիզնես-ծրագրով ոգևորվեց ու կարողացավ մորը համոզել բնակարանը գրավ դնել՝ երաշխավորելով, թե բնակարանը չեն կորցնի…

1997 թվականի հունիսին Կոմիտասի պողոտայի բնակարանը ձևակերպեցին մի քաղաքացու անունով՝ նրանից որոշակի տոկոսներով պարտք վերցնելով 1780 դոլար՝ մի քանի ամսում պարտքը մարելու, բնակարանը վերաձևակերպելու պայմանով:

Մի քանի ամիսը դարձավ տարի: Գարին ու Անուշը վերցրած պարտքը մարել չկարողացան:

1998 թվականի մայիսին նրանց պարտքը տոկոսների հետ միասին արդեն դարձել էր 3400 դոլար: Պարտատերը պահանջում էր իր գումարը:

Անուշն ու ամուսինը տենդագին փնտրում էին նոր աղբյուր՝ դարձյալ տոկոսով փող վերցնելու համար:

«Աղբյուրը» շուտով գտնվեց: Կոմիտասի պողոտայի բնակարանը վերաձևակերպվեց նոր պարտատիրոջ անունով: Այս անգամ ամուսինները տոկոսով 5 հազար դոլար վերցրին: 3400 դոլարով փակեցին նախկին պարտքը, մնացածն էլ այլ պարտատերերի տվեցին: Որոշ գումար մնաց, դրանով փորձեցին առևտուր անել՝ առևտրի սրահ վարձակալեցին, բայց չկարողացան շահավետ առևտուր անել, շուտով նորից «տակ տվեցին»: Իսկ պարտքը վերստին աճում էր, այն արդեն դարձել էր 7800 դոլար:

Այս պարտատերը հարցը շատ կտրուկ դրեց՝ կամ ամբողջ գումարը պետք է փակեն կամ ազատեն Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարանը, որտեղ ֆինանսական աղետից անտեղյակ՝ ապրում էր Աղավնին՝ Անուշի մայրը:

Երբ պարտատերը ամուսիններին լրիվ նեղը գցեց, Անուշը գնաց մոր տուն ու խոստովանեց, որ 7800 դոլար պարտքի դիմաց ստիպված են ազատել բնակարանը ու հանձնել պարտատիրոջը, ում անունով էլ բնակարանը ձևակերպված է արդեն:

72-ամյա Աղավնին ծանր տարավ դստեր հաղորդած լուրը, բայց շուտով համակերպվեց՝ ի՞նչ աներ, դստեր ընտանիքին օգնել էր պետք… Մանավանդ, որ Անուշը մորը խոստացավ, թե բնակարանը կազատեն միայն մոր համար նոր բնակարան գտնելուց հետո:

Աղավնու հարևանները, որ նույն հարթակում էին ապրում, իմանալով ստեղծված իրավիճակի մասին, պատրաստակամություն հայտնեցին 11 հազար դոլարով գնել բնակարանը: Անուշին այդ գործարքը ձեռք էր տալիս՝ կարող էին փակել նախորդ պարտատիրոջն ունեցած ամբողջ պարտքը, դեռ գումար էլ մնում էր՝ մոր համար մի ավելի փոքր բնակարան ձեռք բերելու համար:

Գործարքը կայացավ: Հարևանը պայմանավորված գումարից անմիջապես վճարեց 7500 դոլարը: Մնացած 3500 դոլարը պիտի վճարեին՝ բնակարանը Աղավնու կողմից ազատելուց անմիջապես հետո:

Նախորդ պարտատիրոջ պարտքը փակելով՝ Անուշը սկսեց մոր համար բնակարան փնտրել, բայց ավելորդ համարելով տարեց մոր համար առանձին բնակարան գնելը, Անուշը սկսեց վարձով բնակարան փնտրել, այն էլ՝ քաղաքի ծայրամասերում: Ի վերջո՝ 16-րդ թաղամասի բարձրահարկերից մեկի 7-րդ հարկում վարձով մեկսենյականոց գտավ մոր համար: Մնում էր Կոմիտասի պողոտայից Աղավնուն տեղափոխել 16-րդ թաղամասում վարձակալված բնակարան:

Անուշը գնաց մոր տուն և պահանջեց արագ հավաքել իրերը, պատրաստվել տեղափոխության: Աղավնին վիրավորվեց: Առաջին անգամ համարձակվեց ընդդիմանալ դստերը, նեղացավ, որ իր կարծիքը հաշվի չէր առել ի սկզբանե, ու հիմա էլ իրեն տանում է չգիտես թե՝ ուր…

Անուշը սկսեց վիրավորել մորը, քանի գնաց՝ բորբոքվեց, անցավ ծեծի: 72-ամյա կինը չէր սպասում դստեր այդպիսի արարքի՝ կուչ եկավ, խնդրեց չհարվածել , բայց Անուշը չհանգստացավ… Նա ձեռքն առավ այդ պահին տեսադաշտում հայտված նավթավառն ու ծանր հարված հասցրեց մոր գլխին…

Ստացած վնասվածքներից Աղավնին հիվանդանոցում մահացավ…

Անուշ Խ.-ն մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 7 տարի ազատազրկման:

Ժամանակին մանկավարժական և տնտեսագիտական համալսարաններում ուսանած Անուշը պատիժը կրելու ընթացքում որոշեց, որ ազատվելուց հետո պիտի ավարտի նաև իրավաբանականը…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...