Քաղաքապետը գոհ է իր աշխատանքից

- in Կարծիք
Garnik Vagharshakyan

Ցանկացած պետական այր, ով կոչված է ծառայելու ժողովրդին, իր աշխատանքի գնահատականը պետք է ակնկալի և ստանա հենց ժողովրդից:

Հակառակ պարագայում իր գոհ լինելը չի արժանանա քաղաքացիների գոհունակությանը: Երևանը ոչ միայն մայրաքաղաք է և բնակության վայր, այլև այն ներկայանում է իբրև Հայաստանի Հանրապետության հայելի` բոլոր առումներով:

Մեր երկիր այցելողները տպավորություն ստանում են ոչ միայն քաղաքում պտտվող թանկարժեք մեքենաների կամ ռեստորանների առատությունից: Քաղաքի մաքրությունը, տրանսպորտի անմխիթար վիճակը, վերելակների ասնարք լինելը մարդկանց մոտ թողնում են ոչ միայն տպավորություն, այլ նաև հետք…

Ցավոք, պետք է նշենք, որ Երևանի քաղաքապետն այս իրավիճակում նոր տարվա առաջին աշխատանքային օրը իր գործառնական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գոհ է աղբահանության հարցում կատարված աշխատանքից:

Կարծում եմ առավել գնահատելի կլիներ, եթե քաղաքապետ Հայկ Մարությանը բարձրաձայներ, որ կատարվել է որոշակի աշխատանք, սակայն անհրաժեշտ է չբավարարվել կատարվածով և փորձել իրավիճակը օբյեկտիվ գնահատել ու շարունակել աշխատանքները, որպեսզի մեր քաղաքացիների համար տեսանելի լինի քաղաքի մաքրությունը:

Անհրաժեշտ է քաղաքի մաքրությանը հետևել նաև սանիտարահիգիենիկ իրավիճակի գնահատման առումով:

Բոլոր դեպքերում քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատանքի գնահատականը պետք է տան քաղաքացիները, և ոչ թե պետական այրերը:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ