Քոչարյան – Սարգսյան երկդեմն ու Արմեն Գևորգյանի պատմությունը

- in Վերլուծական
Serj Robert

Սերժ Սարգսյանի շո՞ւրջ է շրջանակը նեղանում, թե՝ Սերժ Սարգսյանն է կամաց – կամաց նեղացնում շրջանակը: Այս մասին դեռևս ամանորյա օրերից առաջ էի ուզում գրել, անընդհատ հետաձգվում էր, սակայն այսօր Արմեն Գևորգյանը՝ ոչ պատահական մեկը, հարմար պահ պարգևեց ասելիքի մի փոքրիկ հատվածը ներկայացնելու համար:

Մեր տպավորությամբ իրավիճակն ապրիլի 23-ից հետո այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը մի մեծ պարան է գցել բոլոր իր կառավարման ժամանակահատվածում թալանողների, կեղծողների, կաշառակերների շուրջը, բոլորին հույս է տալիս, թե սպասեք, դեռ կտեսնեք, թե երիտասարդ կառավարությունն ինչպես է սայթաքելու և վերադարձնելու իշխանությունը, սակայն իրականում, քանի որ միանգամից բոլորին բռնել ու պատշաճ կարգով գործեր հարուցել հնարավոր չէ, նա պարանում պահում է բոլորին, մինչև հերթը կհասնի յուրաքանչյուրին, վերջում միայն իրեն:

Դա թերևս լավ են հասկանում նրանք, ովքեր լափը կերել են միևնույն լափամանից ու գիտեն դրա ոչ միայն կիլորիաների ազդեցությունն ու հետևանքները հասարակության վրա, այլև լավ գիտեն ինչպես ու ինչ է մտածում իրենց բոսսը: Ու հիմա Արմեն Գևորգյանը հասկացնում է, թե այն մի կաշայի բաղադրության հարցում մասնակցություն է ունեցել կամ՝ բուն բաղադրության գաղտնիքներին ծանոթացել է բանալու անցքից: Արդյունքում գրեթե բոլոր, թերևս բացի ՀՀ վարչապետից, պաշտոնները զբաղեցնող ու Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան երկդեմի բոլոր կաշաներից փորձած Արմեն Գևորգյանը հասկացնում է իր վերևներին, թե ի՞նչ կարող է լինել նրանց հետ, երբ ինքը պատմի Սիլվա Համբարձումյանի փոխարեն: Պատահական չէ նրա այս հայտարարությունը. Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու:

Ի վերջո, դրա համար կա իրենից շատ ավելի խելոք ու իմաստուն Վանո Սիրադեղյանի օրինակը, որից հետո նա անհետ հեռացավ Հայաստանից: Իսկ մինչև այդ ժամանակը անչափելի ոչինչ չի թողնի նրա ու նրա նմանների համար ու գուցե կշռադատեն՝ ասելն է լավ, թե՝ հավիտյան լռելը:

Ես մի կարգավիճակում եմ, որ նման հարցերին ցավոք սրտի չեմ կարող պատասխանել: Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ, հունվարի 11-ին լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Արմեն Գևորգյանը:

Նա Հայաստանում եղել է փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, տարածքային կառավարման նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ բարձր պաշտոնները նա զբաղեցրել է սկսած Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից՝ շարունակելով Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամանակաշրջանում:

Արմեն Գևորգյանն այժմ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու ու արդարադատությանը խոչընդոտելու համար: Դատարանը մի անգամ մերժեց նրա խափանման միջոց կալանքն ընտրելու քննչական մարմնի որոշումը, դատախազությունն այժմ բողոքարկել է այդ վճիռը:

Արմեն Գևորգյանի դեմ ցուցմունք է տվել հայտնի Սիլվա Համբարձումյանը, ով կարծես թե կաշառատվությամբ է զբաղվել նախկին բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ: Համենայն դեպս նա նաև այլ պաշտոնյաներին կաշառք տալու մասին է հայտարարել:

Ու պատահական չէ նաև, որ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու վերաբերյալ հարցին Արմեն Գևորգյանը չի պատասխանել, իակ այդ համատեքստում էլ ասել է, որ շատ բան ունի ասելու, բայց այժմ դեռ ժամանակը չէ:

Ի՞նչ ունի ասելու և պատմելու Արմեն Գեւորգյանը, և ինչու՞ ժամանակը չէ: Դա միայն գործով կարգավիճակի՞ց է բխում՝ լռությունը, թե՞ պարզապես Արմեն Գևորգյանի պաշտպանական մարտավարությունից: Որովհետև նրա հայտարարությունը կարծես թե հնչում է նաև իբրեւ զգուշացում, իսկ գուցե սպառնալիք՝ ինչ որ բան պատմելու: Ու՞մ է դա ուղղված:

Այսօր առավոտյան հրապարակված հոդվածում ասվում է. Սերժ Սարգսյանին ստիպում են փոխհատուցել իշխանությունը հանձնելու և իրենց դուրս թողնելու համար, մի քանի ժամ անց Արմեն Գևորգյանը խորհրդավորություն է հաղորդում իր մտքերին: Ահա և վերընշված մեր կանխատեսումների իրականացման կծիկի թելերի ծայրերից մեկը: Ցավոք, կծիկում մի քանի գուցե նույնագույն  թելեր են հատվում, այն չունի մեկ սկիզբ ու մեկ ավարտ:

Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, թե՛ այսպես ասած սահմանադրական կարգի տապալման կամ Մարտի 1-ի գործով, թե՛ փողերի լվացման ու կաշառքի: Հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ առնչությամբ է նրա պատմելիքը, ու ե՞րբ է գալու դրա ժամանակը:

Հայաստանում իշխանության նախկին համակարգի ներկայացուցիչները ներկայումս հայտնվել են բավական առանձնահատուկ իրավիճակում, որտեղ հին խնդիրները հայտնվում են նոր միջավայրում և ստանում ավելի լուրջ բնույթ:

Համակարգը փոխադարձ հարաբերությունների պարզաբանման փուլում է վաղուց, և Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակից սկսած այդ խնդիրը հայտնվեց ներքին էլ ավելի մեծ լարվածության շրջափուլում: Բոլորի համար ակնառու էր, որ համակարգը սպառվում է, սկսում է աշխատել ավելի ու ավելի ծանր, ավելի ու ավելի գերջանք է պահանջվում ժամանակի փոփոխություններին ու մարտահրավերներին արձագանքելու համար, պահանջում էր լրջագույն ռեֆորմներ:

Սակայն բանն այն է, որ չէր ձևավորվում կոնսենսուս ռեֆորմների ֆինանսավորման հարցում: Իսկ հատկապես լեգիտիմություն չունեցող համակարգի համար առանց լուրջ ֆինանսավորման ռեֆորմացիայի ռիսկը դառնում էր մահացու, հատկապես այն սուբյեկտի համար, որ կրելու էր դրա պատասխանատվությունը: Իսկ դա Սերժ Սարգսյանն էր: Ոչ ոք չէր համաձայնում «վճարել» Սերժ Սարգսյանին ռեֆորմների համար, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը, պահանջելով դրա դիմաց իշխանության համարժեք բաժին: Սերժ Սարգսյանը չէր տալիս, համարելով, որ ռեֆորմացիայի շահառուները բոլորն են՝ ոչ միայն ինքը, ըստ այդմ՝ պետք է վճարվի ոչ թե ըստ իշխանության, այլ ըստ կապիտալի հարաբերակցության, այսինքն՝ ով ավելի շատ է կուտակել համակարգի ամբողջական գործունեության արդյունքում:

Ներքին այդ անհամաձայնությունը շարունակվեց մինչև վերջ՝ համակարգի այսպես ասած իշխանության շրջանի վախճան: Բայց հետիշխանական շրջանում խնդիրը ոչ միայն չի փակվել, այլ ստացել է նոր դրսևորում՝ այժմ էլ կուտակածը վերադարձնելու հարցն է օրակարգում, որ դրել է հանրությունը՝ նոր իշխանության գլխավորությամբ:

Դա ըստ էության նոր թափ է հաղորդել նախկին համակարգի սուբյեկտների միջև ներքին լարվածությանը: Պարզապես այժմ խոսքը ոչ թե համակարգի, այլ ամեն սուբյեկտի անձնական փրկագնի հարցն է: Արմեն Գևորգյանի պատմությունը նաև այդ համատեքստո՞ւմ է:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ