Օլիգարխը նա է, ով որ պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել: Պաշտոնում լինելով՝ դառնում է միլիոնատեր

- in Տնտեսական
Gagik Tsarukyan

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, թե ԲՀԿ-ն դիրքավորվե՞լ է որպես ընդդիմություն՝ պատասխանեց, որ ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում:

«Մենք հետևողական ենք լինելու, որ այն խոստումները, ծրագրերը, որոնք մեր ժողովրդին ներկայացրել են, որոնց մեր ժողովուրդը սպասում ա՝ ժպիտը դեմքին, մենք այդ հարցերը բարձրաձայնել ենք, որ օգուտ տանք երկրին, ժողովրդին: Ժողովրդի ձայնն ենք լինելու, որը օգուտ է ժողովրդին: Որը հակառակն է լինելու, մենք դեմ ենք լինելու»,- ասաց նա:

Նա անդրադարձավ նաև հարցին, թե որպես գործարար՝ ինչո՞ւ է շահագրգռված լինել խորհդրարանում: «Ասենք թե գործարարը որն ա, ես գործարա՞ր եմ ձեր համար: Ես սեփականատեր եմ: Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր ա, այլ  կուսակցության ղեկավար ա, որը դաշտում երկրորդ քաղաքական ուժն ա»,- նշեց նա:

Հարցին, թե օլիգարխի իր սահմանումը որն է, նա պատասխանեց. «Օլիգարխը նա է, ով որ պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել: Պաշտոնում լինելով՝ դառնում է միլիոնատեր»:

Հարցին, թե ԱԺ երրորդ փոխնախագահի հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, ԲՀԿ թեկնածո՞ւն է լինելու, թե՞ Լուսավոր Հայաստանի, նա պատասխանեց. «Այսինքն՝ ես ոնց ասեմ, պատգամավորները կընտրեն, կտան ըստ օրենքի, ըստ կարգի: Ով ավելի շատ պատգամավոր ունի, մեծամասնությունը նրան ա հասնում»:

Գագկ Ծառուկյանն անդրադարձավ նաև իր թիկնազորի նախկին պետին պատգամավոր դարձնելու հարցին, ասաց, որ իր համաձայնությունը տվել է, որ նա ռեյտինգային ընտրակարգով առաջադվի, քանի որ ժողովրդի ցանկությունն է դա եղել, ժողովուրդը դիմել է իրեն: Այն, որ նա մարդ ծեծելու գործով կալանավորված էր, նա պատասխանեց. «Այսինքն՝ ինչ քրեական գործ: Հիմա էսօր եթե ձեր վրա մի հատ բողոք գրեն, վաղը ձեզ կկալանավորեն: Էսօր այնպիսի կարգ է դրված, որ ցանկացած բողոքների հետևից գնում են, քննություն է կատարվում: Անհիմն չեն կալանավորում, հիմա եթե մեկը քո հետ չունի, մի բան կարա ասի, տանելու են»:

Նա հերքեց նաև, որ այդ գործով ինքն էր հարվածել տուժողին: «Եղբար, ես որ հարվածեմ, Վյաչեսլավը ոտի վրա կարա՞ր կանգնած մնար, որ դուք տեսնեիք»,- հավելեց Ծառուկյանը:

Լրագրողները նաև հարց հնչեցրին, թե Մարտի մեկի գործով իրեն կանչե՞լ են հարցաքննության: Նա հարցրադրում արեց՝ ես ինչ կապ ունեմ դրա հետ: Նա հիշեցրեց, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի թերթում գրված էր, որ միակ մարդը, ով ժողովրդի կողքին է եղել, Ծառուկյանն է եղել: Այն, որ փաստահավաք խմբի զեկույցում գրված էր, որ իր թիկնազորը համազգեստ էր ստացել, նա պատասխանեց. «Թիկնազորը ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք: Հիմա ես պահանջում եմ՝ ով որ այդպիսի ցուցմունք տվել ա, ապացուցի, թող ինձ կալանավորեն, չապացուցի՝ ցուցմունք տվողին»:

Լրագրողների հարցին, թե իր անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանին խորհրդարան է բերել, որ նա խուսափի՞ քրեական պատասխանատվությունից, Ծառուկյանը պատասխանեց. «Պարոն Բաբայանին ես չեմ բերել խորհրդարան, ժողովուրդն ա բերել, որ ամենաշատ ձայնն ա հավաքել»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...