Օրենսդրական նախաձեռնությունների համար կա մի քանի գաղափար, սակայն այս պահին չեմ ցանկանում փակագծերը բացել

- in Պաշտոնական

«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար արդեն ունի գաղափարներ, որոնք մշակման փուլում են: 

«Նախկինում ԱԺ-ում ներկայացված չեմ եղել, բայց առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ և կարծում եմ, որ շատ արագ հունի մեջ կընկնեմ: Օրենսդրական նախաձեռնությունների համար կա մի քանի գաղափար, սակայն այս պահին չեմ ցանկանում փակագծերը բացել: Դրանք մշակման փուլում են, գործընկերներիս հետ քննարկելուց հետո կխոսեմ այդ մասին»,-ասաց Եղոյանը:

Նա նշեց, որ նախաձեռնությունները միտված են լինելու հիմնականում կառավարությանն աջակցելուն, հայտարարած ծրագրերի իրականացմանը: Իսկ խորհրդարանում ընդդիմադիր թևի հետ աշխատանքը պատկերացնում է կառուցողական մթնոլորտում:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին: