Պետական բյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն:

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ավագ դպրոցները, նրա խոսքով, դարձել են համակարգի ամենաանտեսված կառույցները:

Ամենավատ դպրոցներն են տվել ավագ դպրոցներին, ծրագիրը վատ են մշակել, և կրկնուսույցի ինստիտուտն ավելի սկսել է զարգանալ,- ասաց նա:

Նախորդ տարվա հունվարին, նախարարի խոսքով, դարձյալ ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար տնտեսել, և տարվա սկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է, ինչի արդյունքում զգալի նվազել են ավագ դպրոցներին տրվող գումարները: Եվ միայն կատարված խնայողությունների և բյուջեից հատկացված 350 մլն-ի շնորհիվ կարողացել են այնպես անել, որ աշխատավարձերը չիջնեն:

Հիմա տարվա սկզբից տնօրեններն ասում են, որ այլևս չեն կարող այնպես անել, որ ներկա ֆինանսավորման կարգով, որը հաստատվել է երկու տարի առաջ, չիջեցնեն աշխատավարձերը: Եվ մենք հիմա տնօրենների հետ քննարկում ենք, որպեսզի հասկանանք՝ որքան է այդ ֆինանսնավորումը կազմելու: Մոտավորապես 1 մլրդ դրամի չափով մենք հիմա պետք է տրամադրենք ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց նախարարությունում չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած բոլոր առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել: Այդ գյուղում կա տեր Դավիթ, և երբ որ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորականն է այնտեղ եկել: Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ինչ գործառույթ ունի: Տնօրենն ասել է՝ դասղեկական ժաներին նրան սովորաբար հրավիրել են: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, ինչը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար, ոչ թե հոգևոր քարոզի»,- նշեց նախարարը:

Այն, որ քահանաները սպասում են, որ տեղի ունեցած դեպքից հետո նախարարը պետք է իրենցից ներողությունը խնդրի, Արայիկ Հարությունյանը նման պատասխան տվեց. «Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն»:

Ադրադառնալով հարցին, թե  ընդունո՞ւմ է, որ նախորդ իշխանությունների քաղաքականության հետևանքով է եկեղեցին մտել դպրոց ու բանակ, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ-ում նախորդ իշխանության թողտվությամբ, և որոշ առումով իրենց շահերից է բխում, որ որոշ խմբեր չհարգեն ՀՀ սահմանադրությունը և օրենքները: «ՀՀ-ում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենքները»,- հավելեց նա:

ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Խստորեն դատապարտում եմ այս արարքը և հույս ունեմ, որ առաջիկայում իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն միջադեպի ամբողջական բացահայտմամբ և կբացառեն նման երևույթների կրկնությունն ապագայում։

Ես ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանից այդքան հեռու գործում են կրթական այնպիսի օջախներ, ինչպիսիք են՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները։ Վստահ եմ, որ նման մանր արարքները ոչ միայն չեն տխրեցնելու, այլև լրացուցիչ խթան են դառնալու ավելի մեծ եռանդով առաջ գնալու համար։ Մենք ձեզ հետ ենք»։

Դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակվի դասավանդվել դպրոցում, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ծնողների կողմից կան բողոքներ այս առումով ու քննարկվող առարկաների մեջ նաև շախմատը կլինի՝ բոլոր առարկաները կլինեն: Բոլորի ծրագրերը փոխվելու են», – ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ շախմատը հանվի դպրոցական ցանկից մասնագետների բացակայության պատճառով, նախարարն ասաց. «Ես նման բան չասացի»:

Խոսելով դպրոցում ուսուցիչների որակի մասին՝ նախարարը նշեց, որ կստեղծվեն մեխանիզմներ ու ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալները կմնան դպրոցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...