diak

19-ամյա Ռուզաննա Ջ.-ն 1983 թվականին ամուսնացավ ծնողների կամքին հակառակ, առանց հարսանիքի, առանց քեֆ-ուրախության:

Կարծում էր՝ գտել է իր երջանկությունը: Սակայն համատեղ կյանքով ապրելուց կարճ ժամանակ անց նա խորապես հիասթափվեց սիրեցյալից, որը վերածվել էր խմող, ծեծող ամուսնու:

Ռուզաննայի ծնողները խորհուրդ տվեցին ամուսնալուծվել, բայց նա դարձյալ համառություն դրսևորեց, ու համատեղ կյանքը շարունակվեց 16 տարի:

Երեք երեխաներ ունեցան: Բայց ամուսինները ապրում էին անսեր ու անհաշտ:

Հերթական ներընտանեկան խոսակցությունը ամուսինների միջև վերաճեց վիճաբանության: Երեխաներն այդ օրը տանը չէին:

Խմած ամուսինը սկսեց հայհոյել ու ծեծել կնոջը: Վերջինս փորձեց փախչել, բայց տղամարդը հետապնդեց նրան, նույնիսկ ձեռքն առավ տան մի անկյունում ընկած մուրճը: Բայց խմած տղամարդը մուրճն անհաստատ ձեռով էր բռնել, ու Ռուզաննային հաջողվեց մուրճը խլել նրա ձեռքից…

1999 թվականի հուլիսի 18-ի ժամը 18-ն էր: Կինը մուրճի բազմաթիվ հարվածներով իրենց տանը սպանեց ամուսնուն: Երբ մոլեգին հարվածներ հասցնելուց մի պահ սթափվեց, ամուսինն արդեն անշնչացած էր: Կինը վազեց այգի, նստեց որոշ ժամանակ, հետո նորից տուն մտավ:

Սենյակի հատակն ամբողջովին արյան մեջ էր: Կինը նստեց սպանված ամուսնու կողքին ու սկսեց ելք փնտրել՝ ինչպե՞ս դուրս գա ստեղծված իրավիճակից, որ խուսափի սպանության համար պատասխանատվությունից:

Որոշումը կայացրեց կարճ ժամանակում՝ ամուսինը այդ օրն էր գյուղից վերադարձել՝ սպանությունից կարճ ժամանակ առաջ, նա գյուղում էր անցկացրել նախորդ գիշերը: Կինը մտածեց՝ կմաքրի արյան բոլոր հետքերը, կասի, թե ամուսինը գյուղից դեռ չի եկել…

Կինը արագ գործի անցավ՝ դիակը թաքցրեց բազմոցի տակ, սենյակը կարգի բերեց, լվաց-մաքրեց արյան հետքերը: Մնում էր, որ մութն ընկնի, և դիակը տանից աննկատ դուրս բերվի…

Իսկ մինչ այդ գորիսեցի 35-ամյա կինը բոլորին տեսանելի՝ սկսեց «փնտրել» ամուսնուն: Նա թակում էր հարևանների դռներն ու ասում էր. «Վանիկը գյուղից պիտի արդեն եկած լիներ, Վանիկին չե՞ք տեսել»:

Ժամը 23-ի սահմաններում Ռուզաննայի տուն եկավ հարևանությամբ բնակվող եղբոր կինը: Նա ուզում էր Ռուզաննայենց հեռախոսով զանգել Երևան: Ռուզաննան ցույց տվեց, թե ուրախացել է եղբոր կնոջ այցելությունից. «Ի՜նչ լավ ա, որ եկար, կարող ա՞ Վանիկը ձեր կողմերում լինի, գյուղից պիտի եկած լիներ արդեն»:

Եղբոր կինը Վանիկին չէր տեսել: Նա զանգեց, մի քիչ զրուցեց Ռուզաննայի հետ ու հեռացավ: Նրա գնալուց հետո Ռուզաննան իրենց տուն կանչեց հարևանին՝ խնդրելով փոխել պատշգամբի լամպը: Միաժամանակ անհանգիստ տոնով հարցրեց. «Էսօր Վանիկին չե՞ս տեսել»: Հարևանը չէր տեսել Վանիկին:

Համարյա բոլոր հարևաններին հարցուփորձ արած ու բացասական պատասխան ստացած կինը գոտեպնդվեց՝ ուրեմն ոչ ոք չէր տեսել Վանիկի՝ տուն վերադառնալը:

Երբ հարևանը լամպը փոխեց ու գնաց, Ռուզաննան դեռ որոշ ժամանակ նստած մնաց, հետո անցավ գործի: Համոզվելով, որ շուրջը բնակվող հարևաններն արդեն քնել են, նա գիշերվա ժամը 2-ի սահմաններում ամուսնու դիակը տեղափոխեց բակ, այնտեղից էլ՝ դարպասի մոտ: Հետո դիակը դուրս բերեց, գցեց իրենց դարպասի մոտ ու տուն մտավ: Սպասեց մինչև գիշերվա ժամը 4-ը: Հետո դրսի լույսը վառեց, մոտեցավ դարպասի կողքին ընկած ամուսնու դիակին և սկսեց գոռալ ու ողբալ՝ որպես անսփոփ մի այրի…

Կնոջ գոռոցներից հարևաններն արթնացան ու դուրս եկան: Ու վերջապես նրանք տեսան Վանիկին՝ նրան, պարզվում է՝ սպանել ու նետել էին տան դարպասի մոտ…

40-ը չբոլորած Վանիկին հաջորդ օրը տարան հայրական գյուղ, որ այնտեղ՝ պապական գերեզմանատանը հուղարկավորեն: Հարազատները աշխատում էին սփոփել երիտասարդ այրուն: Իսկ նա ողբում էր ու ողբում…

Բայց ի զարմանս գյուղացիների՝ հուղարկավորությունից կարճ ժամանակ առաջ գյուղում հայտնվեցին ոստիկանները: Սգավոր այրուն նրանք տարան իրենց հետ: Հուղարկավորությունը հետաձգվեց…

Կնոջը տարան Գորիսի տուն, մանրակրկիտ զննեցին տունը՝ սենյակ առ սենյակ: Ու այն սենյակում, որտեղ կատարվել էր սպանությունը, հատակի տախտակների արանքում ու բազմոցի տակ արյան առկայություն հայտնաբերվեց: Արյունը լիովին մաքրված չէր նաև հանցագործության գործիք մուրճի վրայից:

Կարճ ժամանակ անց Ռուզաննա Ջ.-ն խոստովանեց կատարածը:

Ռուզաննա Ջ.-ն դատապարտվեց 7 տարի ազատազրկման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...