Vostikan

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Մուհաննադ Ալթսուլթանի գործի դատական քննությունը:

Սիրիայի Հանրապետության 33-ամյա քաղաքացի Մուհաննադին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի հունիսի 12-ին, ծանոթանալով Իրաքի Հանրապետության քաղաքացի Յասեր Ֆարթուսի հետ, վերջինիս գույքը հափշտակելու վերաբերյալ համաձայնության է եկել գործով չպարզված երկու անձանց հետ:

Նախապես կատարվել է դերաբաշխում, համաձայն որի՝ Մուհաննադը պետք է խաբեությամբ Յասեր Ֆարթուսին հայաստանյան ժամանցի վայրերը ցուցադրելու նպատակով իր մեքենայով տաներ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող Բելաջիո ռստորանային համալիր, իսկ վերադարձի ճանապարհին Մուհաննադի հանցընկերները որպես ՀՀ ոստիկաններ պետք է կանգնեցնեին մեքենան, ներկայանային, այդ կերպ ձեռք բերեին Յասերի վստահությունը: Օտարերկացիների մոտ թմրանյութի առկայությունը ստուգելու պատրվակով «ոստիկանները» պետք է խուզարկեին մեքենան և ուղևորներին, ապա վերցնեին «առգրավված» փաստաթղթերն ու այլ առարկաները՝ «ոստիկանության բաժնում» ստուգելու պատրվակով:

Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում Մուհաննադը սիրիական համարանիշերով իր մեքենայով Յասերին տարել է Պտղնի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիր: Կարճ ժամանակ անց նրանք դուրս են եկել համալիրից: Մուհաննադը մեքենան վարել է Պտղնիից դեպի Երևան: Պտղնի գյուղի կենտրոնական ճանապարհին Մուհաննադի մեքենայի դեմ է դուրս եկել մի մեքենա ու լուսարձակները թարթելով՝ կանգնեցրել է Մուհաննադի մեքենան: Մի տղամարդ մոտեցել է Մուհաննադի մեքենային, ներկայացել է որպես ոստիկան, առաջարկել է իջնել մեքենայից ու հայտնել է, թե ազգությամբ արաբների մոտ թմրանյութի հայտնաբերման գործողություն են իրականացնում: Առաջարկել է կամովին ներկայացնել թմրանյութեր, եթե ունեն: Մուհաննադն ու Յասերն ասել են, թե թմրանյութ չունեն: Առաջարկվել է, որ նրանք իրենց գրպանների պարունակությունը դատարակեն:

Յասերը, հավատալով, որ իրական ոստիկաններ են անցկացնում «խուզարկությունը», դատարակել է գրպաններն ու ներկայացրել է երկու բջջային հեռախոսները՝ «Սամսունգ Գալաքսի Ս3» և «Սամսունգ Գալաքսի Ս5», իր իրաքյան անձնագիրը, 900 ԱՄՆ դոլար, 80 հազար իրաքյան դինար, 10 եվրո և 40 հազար ՀՀ դրամ: Մուհաննադը, Յասերի վստահությունը շահելու նպատակով, դատարկել է նաև իր գրպանները, ներկայացրել է իր հեռախոսներն ու մոտը եղած գումարը, ինչպես նաև մեքենայի փաստաթղթերը:

Կեղծ ոստիկանը, ներկայացված փաստաթղթերի ու թղթադրամների կեղծ լինելը ստուգելու պատրվակով, ասել է, թե դրանք տանում է ոստիկանության բաժին, իսկ «խուզարկվածներին» առաջարկել է ներկայանալ բաժին ու հետ ստանալ դրանք:

Հանցախումբը, այսպիսով, ըստ մեղադրանքի՝ հափշտակել է Յասեր Ֆարթուսի անձնագիրն ու ընդհանուրը՝ 950 հազար ՀՀ դրամին համարժեք գույքը:

Մուհաննադ Ալթսուլթանին մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ խոշոր չափի գույք և փաստաթուղթ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 324 հոդվածի 1-ին մասերով:

Ամբաստանյալ Մուհաննադ Ալթսուլթանն իրեն նախաքննության և դատաքննության ընթացքում մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Յասերի հետ ծանոթացել է Երևանի Հանրապետության հրապարակում՝ իր ծանոթ Արամի միջոցով: Հեռախոսահամարներ են փոխանակել: Յասերը հաջորդ օրը զանգել է իրեն, պայմանավորվել են հանդիպել: Հաջորդ օրը հանդիպել, միասին ճաշել են, հետո գնացել են սրճարան ու ֆուտբոլ են դիտել:

Յասերը կանգ էր առել «Մայամի» կոչվող հյուրանոցում, գոհ չէր այնտեղի սպասարկումից: Հարցրել է՝ ինքն ի՞նչ հյուրանոցներ գիտի: Ինքն էլ ասել է, թե ընկերուհիների հետ գնում է «Բելաջիո» անունով հյուրանոց: Նա խնդրել է իրեն էլ տանել այնտեղ: Ինքն ասել է, թե տվյալ օրը ժամանակ չունի, հաջորդ օրը կարող է տանել: Նա պնդել է, որ նույն օրը գնան, քանի որ շտապում է:

Միասին գնացել են «Բելաջիո» հյուրանոց, բայց ներս չեն մտել, միայն դրսից են նայել: Նա առաջարկել է վերադառնալ, ներս չմտնել:

Դրանից հետո վերադարձել են: Ճանապարհին իրենց կանգնեցրել են անծանոթ անձինք, ներկայացել են որպես ոստիկաններ, ցույց են տվել ինչ-որ քարտ, որի վրա գրված էր հայերեն: Նրանք հարցրել են՝ իրենք թմրամիջոցների առևտրո՞վ են զբաղվում: Ինքն ասել է՝ նման բան չկա: Իրենց մոտեցել է «ոստիկաններից» մեկը, մյուսը եղել է մոտ 100 մետր հեռավորության վրա: Նրանք հափշտակել են ոչ միայն Յասերի գույքն ու փաստաթուղթը, այլ նաև՝ իր հեռախոսը, գումարը, մեքենայի փաստաթղթերը:

Հետագայում իր ծանոթ Արամն իրեն է փոխանցել հեռախոսները, զգուշացրել է, որ ինքը ոչինչ չխոսի՝ ասելով, թե ոստիկանության հետ ամեն բան լուծել է: Ինքը չգիտի՝ ում կողմից են օգտագործվել իրենց հեռախոսները: Չի կարող ասել՝ տուժողի մոտ ինչի՞ց է համոզմունք առաջացել, որ ինքն էլ է խառը եղել հանցագործությանը: Նրա հետ իրեն ծանոթացրել էր Արամը, հավանաբար տուժողն էր Արամի հետ համաձայնության եկել: Արամն իրեն 1 միլիոն 200 հազար դրամ և 1400 դոլար է պարտք: Արամը դատարանում տվել է սուտ ցուցմունք…

Ինքը Յասերին ասել է՝ «ընդունված ձև կա»՝ եթե Հայաստանում անձնագիր կամ հեռախոս են կորցնում, ապա դիմում են «մաֆիոզներին», նրանք գտնում ու վերադարձնում են կորսվածը, բայց նաև «տոկոս» են վերցնում: Ինքն այդ մասին լսել էր… Ինքը Յասերին չի ասել, որ նա իրեն 1000 դոլար տա, այլ ասել է, որ նա «ինքնուրույն» պայմանավորվի «մաֆիոզների» հետ՝ ինչքան գումար ուզեն, այնքան տա նրանց… Ինչ վերաբերում է, որ ինքն ասել է, թե «մաֆիայի» մարդկանց հետ «խաղ անել» չի կարելի, ապա ինքը դա «ընդհանուր» է ասել…

Քրեական գործում առկա ձայնագրություններում ինքը տուժողի գումարի մասին չի խոսել, այլ մի ընկեր ունի, ում գումար է պարտք, այդ գումարը վերադարձնելու մասին է խոսել… Իր կարծիքով՝ իր ու Յասերի նկատմամբ ոտնձգությունը կատարել էր Արամը…

Դատարանը տուժող Յասերի հարցաքննությունը կատարել է տեսազանգի միջոցով: Տուժողը հայտնել է, թե ծանոթ է Մուհաննադին: Ծանոթացել է Երևանի հրապարակի սրճարանում՝ Արամի միջոցով: Արամին ճանաչել է որպես վարձով տուն գտնողի կամ տաքսի պատվիրողի, նա այդ ծառայությունները մատուցում էր որոշակի գումարի դիմաց:

Մուհաննադի հետ ծանոթության հաջորդ օրը նա իրեն «Մոլում» ընթրիքի է հրավիրել: Ինքն ասել է, թե դժգոհ է իր հյուրանոցի սպասարկումից: Մուհաննադն ասել է, թե Աբովյան անունով վայր կա, որտեղ լավ հյուրանոց կա՝ այնտեղ ծառայությունները լավ են մատուցում, տեղանքը գեղեցիկ է, գներն էլ մատչելի են՝ մի գիշերվա արժեքը 20 դոլար է:

Մուհաննադի առաջարկով գնացել են այդ վայրը տեսնելու: Այնտեղ գնալու ճանապարհին ինքը հաղորդագրություն է ուղարկել իր նշանածին: Իսկ երբ իրենք «Մոլում» ընթրում էին, Մուհաննադը զանգել է ինչ-որ ընկերոջ՝ կարծես՝ Ահմուդ անունով, ասել է, թե ընթրում են, հետո գնալու են Բելաջիո:

Երբ հասել են Բելաջիո, ինքը տեսել է, որ շքեղ հյուրանոց է, հարցրել է՝ ինչպե՞ս կարող է այնտեղ մի գիշերվա արժեքը 20 դոլար լինել: Մուհաննադն ասել է՝ ի՞նչ 20 դոլար, 70 դոլար արժե: Այդ հյուրանոցում մնացել են 5-6 րոպե, ծխել են ու դուրս են եկել: Վերադարձի ճանապարհին մի մեքենա էր կանգնած՝ «Օպել» կամ «Գոլֆ», նրա շարժիչի ծածկոցը բաց էր: Մուհաննադը կանգնեցրել է մեքենան: Ինքը չի նկատել՝ Մուհաննադին կանգնեցրե՞լ են, թե՞ նա ինքն է կանգնել: Մոտեցել է մի մորուքով տղա, ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ներկայացուցիչ: Նա ու Մուհամմադն իրեն անհասկանալի լեզվով են խոսել՝ չի հասկացել՝ դա հայերե՞ն է, թե՞ ռուսերեն: Ինքը գիտեր, որ Մուհաննադը խոսում է ռուսերեն: Մորուքովը հարցրել է՝ իրենք ազգությամբ արաբ են, իրենց մոտ կոկաին կա՞: Ինքն ասել է՝ չկա, ինքը չի օգտագործում: Իրենց իջեցրել են մեքենայից, վերցրել են իրենց մոտ եղած բոլոր իրերը, ասել են, որ ոստիկանության բաժնից դրանք կարող են հետ ստանալ:

Ինքն անգլերենով նրանց խնդրել է, որ ընդամենը տասն օրով է եկել Հայաստան՝ որպես տուրիստ, շատ ժամանակ չունի: Նրանք էլ ասել են՝ խնդիր չկա, գնան բաժին, հաստատեն, որ անձնագրում պատկերված անձն ինքն է, կվերադարձնեն… Վերցրել են նաև իր երկու հեռախոսները, դրամապանակը: Նրանք նստել են մեքենա ու շարժվել են, Մուհաննադն ասել է, թե կհասնի նրանց հետևից, բայց նրանք տեսադաշտից անհետացել են: Ճանապարհին հանդիպել են ճանապարհային ոստիկաններ, նրանց պատմել են եղածը, նրանք խորհուրդ են տվել դիմել ոստիկանության Աբովյանի բաժին, բայց Մուհաննադն իրեն տարել է Երևան, կանգնել է ինչ-որ շինության մոտ, ասել է՝ դա «վեցերորդ վարչություն» է կոչվում՝ ազգային անվտանգության կենտրոնն է, իրեն տարել է ներս: Այնտեղ աշխատողները վկայական են ցույց տվել, որը տարբերվել է ճանապարհին անծանոթի կողմից ցույց տրված վկայականից: Այդտեղից իրենց տարել են ոստիկանության Աբովյանի բաժին…

Հետագայում Մուհաննադի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերել են նրա մեքենայի փաստաթղթերը…

Մուհաննադն իրեն ասել է, թե Հայաստանում գտնվող «մաֆիայի» միջոցով հնարավոր է իր անձնագիրը գտնել, այդ առիթով հանդիպում կկազմակերպի: Ինքը համաձայնել է: Նման հանդիպում չի եղել, բայց Մուհաննադն ասել է, թե «մաֆիան» պահանջել է 1000 դոլար՝ իր անձնագիրը վերադարձնելու համար: Նա իրեն առաջարկել է, որ ինքը վաճառի իր ոսկե շղթան ու հետ գնի անձնագիրը…

Հետագայում ինքն իմացել է, որ Արամը դինարներ է վաճառում: Ինքը տեղեկացրել է ոստիկաններին: Նրանց գիտությամբ հանդիպում է կազմակերպվել իր, Մուհաննադի ու Արամի միջև, հետո մոտեցել են իսկական ոստիկաններ, իրենց տարել են ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ Արամը վախեցել ու խոստովանել է, որ դինարներն իրենը չեն, դրանք տվել է Մուհաննադը:

Մուհաննադն իրեն նախատել է, որ ինքը դիմել է ոստիկանություն: Հաջորդ օրը ինքը, Մուհաննադն ու Արամը վերջինիս մեքենայով գնացել են ոստիկանություն, Արամը ներկայացրել է իր անձնագիրն ու հեռախոսները, ասել է, թե դրանք իրեն տվել էր Մուհաննադը…

Վերջինիս հարազատները Թուրքիայից կապվել են իր հետ, խնդրել են բողոքը հետ վերցնել, խոստացել են իրեն 3 հազար դոլար ուղարկել… Հետագայում ինքը նրանց հեռախոսահամարը ջնջել է իր մոտից, այլևս նրանց հետ կապ չի ունեցել…

Տուժողը կարծիք է հայտնել, թե Մուհաննադը մենակ չի գործել, այլ գործել է խմբի կազմում: Ինքը համոզված է, որ Մուհաննադն է կատարել հանցագործությունը, այլապես նա որտեղի՞ց կբերեր-կներկայացներ իր անձնագիրն ու հեռախոսները: Իրեն ասել են, որ Հայաստանում ոչ մի «մաֆիա» չկա, իրեն կողոպտել է այն մարդը, ով իր հետ է եղել: Իրեն հենց առաջին օրը Աբովյանի ոստիկանությունում են առանձին ասել, թե կասկածում են Մուհաննադին…

Տուժողը պնդել է, որ Մուհաննադը կատարածի համար դատապարտվի:

Դատարանը Մուհաննադ Ալթսուլթանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 324 հոդվածի 1-ին մասով ու վերջնական պատիժ է սահմանել 2 տարի 3 ամիս ազատազրկումը: Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ Մուհաննադ Ալթսուլթանն ազատվել է պատժից:

Տուժող Յասերին իրավունք է վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...