Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև»,-նշեց Թորոսյանը:

Հարցին՝ արդյոք այն հավասարաչափ է բաշխվել՝ նախարարն ասաց՝ բաշխվել է ըստ ծրագրերի, հատուկ չափանիշներով:

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը։ Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքն էր խնդրել նման հանդիպում․

«Որ տեսա՝ իրենք չեն կանչում, խնդրեցի, որ հանդիպում լինի՝ հիմնականում պատմելու համար, թե մենք ինչ ենք անում, որպեսզի նույն էջի վրա լինեն կառավարությունն ու Ազգային ժողովը»,-մեկնաբանեց նախարարը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս տարի գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018 թվականին․

«Ընդամենը Երեւանում մի քանի կենտրոն ստացել են քիչ՝ դեռեւս, որովհետեւ գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություն են մատուցել անցյալ տարի՝ նաեւ վճարովի։ Աստղիկ, Էրեբունի, Արաբկիրի բ/կ-ներում բյուջեն աճել է, նույնիսկ Հանրապետական հիվանդանոցում է աճել՝ զարմանալիորեն, բոլորի մոտ եղել է բյուջեի աճ եւ էդ աճերը վերանայվելու են նաեւ տարվա ընթացքում, հնարավոր է լինեն իջեցումներ եւ բարձրացումներ տարբեր բժշկական հիմնարկներում»։

Առողջապահության նախարարն ասաց, որ բժշկական հիմնարկներում կան ծառայություններ, որոնք ստաբիլ են մնում՝ անկախ կատարված ծառայությունից, բայց օրինակ ծննդօգնությունը ուղղակիրորեն կապված է ծնունդների թվից, դրա համար բարձրացումներն ու իջեցումները շարունակական են լինելու, եւ արտառոց բան չկա․

«Ֆինանսական միջոցների մեծ իջեցում եղել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչում, մի փոքր՝ Նորք-Մարաշում, որտեղ, եթե կատարողականը փոխվի, հնարավոր է՝ տարվա մեջ վերանայվի»։

Ինչ վերբերում է հարցին, թե «ՄԻԲՍ» բ/կ-ն պատկանում է իրեն եւ դրան անցյալ տարվա համեմատ կրկնակի պետպատվեր է հատկացվել, նախարարն ասաց, որ այս բժշկական կենտրոնում ֆինանսավորումը նախկինում եղել է 25, դարձել է 50 մլն դրամ, եւ «ՄԻԲՍ»-ը 2017-ին պետպատվեր ընդհանրապես չի ստացել, 2018-ի մարտին էլ ստացել է 25 մլն դրամ ու բոլորի մեջ ամենաքիչ ստացողն է եղել․ «Հիմա մենք մեծ վերաբաշխում ենք արել, շատ ստացել են նաեւ դժվարամատչելի ծառայությունների համար Գյումրու եւ Գորիսի բժշկական կենտրոնները։ «ՄԻԲՍ»-ում ես ընդամենը վեց տարի տնօրեն եմ եղել»,-եզրափակեց Թորոսյանը։

Անդրադառնալով «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ այն կառավարությունում է, եթե ստացվի՝ կգա Ազգային ժողով, բուռն քննարկումներ կլինեն, նախագիծը կընդունվի, կկիրառվի, եւ, ինչպես նախարարն ասաց՝ «այդպես երջանիկ ու առողջ»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման նպատակն էր ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալն ու օրենսդիրի մակարդակում դրանց որոշակի լուծումներ գտնելը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մանրամասնելով, թե պատգամավորներն ինչ են քննարկել նախարարի հետ։

Մակունցը նշեց, որ երկու նախարարներ են նախաձեռնել նման հանդիպում՝ Արսեն Թորոսյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Ոլորտում առկա խնդիրներին, օրենսդրական նախաձեռնություններին ծանոթանալու այս նույն օրակարգը նախատեսվում է նաեւ Հակոբ Արշակյանի հետ հանդիպում-քննարկմանը։

Լիլիթ Մակունցն ասաց, որ Արսեն Թորոսյանը հանդիպմանը ներկայացրեց առողջապահության դաշտի խնդիրները, պատգամավորներն էլ հնչեցրին իրենց մտահոգությունները, նաեւ այն հարցերը, որոնք բարձրացվել են քաղաքացիների կողմից կամ տեղ են գտել մամուլում։

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ առաջիկայում էլի հանդիպումներ կլինեն, քանի որ այսօր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չհասցրին ավելի երկար քննարկում ունենալ։

Անդրադառնալով առողջապահության նախարարի բերած հակածխախոտային նախագծին՝ Մակունցն ասաց, որ դրա վերաբերյալ քննարկում եւս եղել է, եւ հանդիպմանը ներկա պատագամավորների կողմից բացասական կարծիք չի հնչել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...