Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

- in Իրավունք
Dram

Այսօր՝ փետրվարի 16-ին Երեւանում ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում 2 անձ ներխուժել են Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն եւ կատարել ավազակային հարձակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին եւ դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաեւ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ բաժնի պետ Արա Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բաժնի պետ Ա․ Պողոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։ Խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից ժամանել են նաև Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանն ու դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղները եղել են առանց դիմակի և խանութ- պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...