Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նաագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ Ռուսաստանցի որոշ գործընկերներ, նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է, երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։

«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են». քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալով պատգամավորների առջև հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։

Հայտնի է, որ Բաքուն այդ իրադարձությունները որակում է իբրեւ «ցեղասպանություն», հայկական կողմի վրա բարդելով Ադրբեջանի ներքին հարցերով պայմանավորված խաղաղ բնակիչների գնդակահարությունը, որոնց հեռանալու համար հայկական կողմը թողել էր մարդասիրական միջանցք:

Ադրբեջանն իր այդ գնահատականը դարձրել է քարոզչական հիմնական ուղղություններից մեկը, որին էլ մասնավորապես նախօրեին Բաքվում մասնակցել են ռուսաստանցի փորձագետներ եւ Պետդումայի պատգամավորներ, փաստացի դառնալով Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի քարոզչական գործիք:

«Հարգելի բարեկամներ, ստիպված եմ ափսոսանքով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջեւ գործակցության բարձր եւ դաշնակցային մակարդակին, եւ չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի ջանքին, մեր ռուսաստանցի գործընկերներից ոմանք բառացիորեն նախօրեին դարձել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի մասնակից, որը տեղի է ունեցել Բաքվում եւ ուղղված է եղել ռեգիոնի կայունության եւ խաղաղության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում տվյալ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամների մասնակցությունը», հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահը Ռուսաստանի Պետդումայի վերին պալատում ելույթի ընթացքում:

Հայաստանի խորհրդարանի նախագահի անդրադարձն անշուշտ ունի մի քանի շերտ, այդ թվում այն իրողությանն առնչվող, որին Հայաստանի հանրությունը ականատես եղավ անցնող օրերին: Խոսքը Հայաստանում թավշյա հեղափոխության «գունավորմանն» ուղղված ռուսական մեդիա-փորձագիտական արշավի մասին է, որը դրսեւորվեց նաեւ հայկական մամուլի որոշ միջոցներում: Ավելին, հատկանշական է, որ Հայաստանի հասցեին դրա հետ կապված մեղադրանքներ հայկական մամուլում հնչեցնողներից մեկը ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկովն էր,  որը եւս նախօրեին ներկա է եղել Բաքվում Խոջալուի քարոզչական առիթով անցկացվող հակահայկական միջոցառումներին: Ի դեպ, այդ առումով ուշագրավ է, թե ում են հարթակ տրամադրում հայկական որոշ զլմ-ներ Հայաստանի նոր իրավիճակի դեմ խոսելու համար:

Գործնականում, Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայաստանի նոր իրավիճակի դեմ օրերս ծավալված ռուս-հայաստանյան մեդիաարշավի անուղղակի, սակայն բավական թափանցիկ հակադարձումն է, պատասխանը, որտեղ կոնկրետ եւ թարմ օրինակով մատնացույց է արվում ռուսական քաղաքականության որոշակի շրջանակների հակահայկական գործունեության բնույթը:

Մյուս կողմից, հարց է առաջանում, կամ վերստին հնչում՝ այդ շրջանակների համար ի՞նչ պատասխանատվություն ունի պաշտոնական Մոսկվան:

Օրերս Երեւանում ՌԴ դեսպանը հայտարարել էր, թե հայերը մեծ դեր են ունեցել ռուսական զինված ուժերի կայացման գործում: Ինչպես են բաշխված ռուսական քաղաքականության դերերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ ինչ սկզբունքով, որ պատմականորեն դրանցում հայերին բաժին է ընկել արյունը:

Գործնականում, երբ խոսվում է Արցախի հարցի արդարացի լուծման մասին, խոշոր հաշվով խոսքն այդ պատմական «օրինաչափության» խախտման մասին է, դրանում առանցքային նշանակություն ունեցած ռուսական քաղաքականության տրամաբանության խախտման:

Կամ այդ տրամաբանությունը կխախտվի, կամ կխախտվի ռեգիոնալ ստատուս-քվոն, վերադարձնելով իրողությունները «պատմական օրինաչափության» շրջանակ, որոնք գծված են ռուս-թուրքական մի շարք պայմանագրային պայմանավորվածություններով:

Այդ իմաստով, հայկական կողմին վաղուց ժամանակն է սկսել անցումը առանձին պատգամավորական մասնակցություններից, ռուսական կողմի առաջ ռուս-թուրքական այդ պայմանագրային պարտավորությունների հարցի բարձրաձայնմանը, դրանց շուրջ ռուսական արդիական հանրության շրջանում քննարկումների ծավալմանը, գործընկեր շրջանակների ուրվագծմանը: Բաքվում միջոցառումներն ու դրանց ռուսական մասնակցությունն ընդամենը ռուս-թուրքական պայմանագրային մետաստազներն են:

Spread the love