Արթուր Վանեցյանը Սեդրակ Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի ու նրա եղբայրների, ուրիշների մասին

- in Հրապարակ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք աղմկահարուց գործերով տարվող քննությանը և հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին:

Նա ասաց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել, այդ լուրերը ժամանակավրեպ են: Հարցին, թե Խաչատրյանի դեմ գործ հարուցվա՞ծ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. Ես հիմա, եթե ձեզ ասեմ, այդ ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացնում, կստեմ: Այո, աշխատանքներ իրականացվում են, բայց դեռևս չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և հրավերներ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 50-50 փայ մտնելու հարցին, ինչի մասին նաև կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարեց, ԱԱԾ տնօրենն ասաց, որ Սարգսյանի նկատմամբ ԱԱԾ-ում քննվող գործի ավարտից հետո ամբողջական տեղեկություն կհրապարակեն:

Ըստ նրա՝ Ալեքսանդր Սարգսյանի խնդրահարույց 30 մլն դոլարը վերադարձվել է պետությանը. Նա 18.5 մլն դոլար է փոխանցել, բայց այն մնացած 11.5 մլն դոլարը եղել են հարկային պարտավորություններ և այլն, որոնք գանձվել են կոնկրետ ակտերով: Քրեական գործով քննությունը շարունակվում է, և արդյունքները կլինեն:

Ըստ Վանեցյանի՝ 30 մլն դոլարը բավական մեծ գումար է, պետք չէ թերագնահատել: Նա չպատասխանեց հարցին, թե ինչ պայմանով է Ալեքսանդր Սարգսյանը վերադարձրել գումարը:

Հետախուզման մեջ գտնվող նախկին  պատգամավոր Արամ Հարությունյանին անդրադառնալով՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ նա Հայաստանի սահմանը չի հատել: Ամեն դեպքում, օրինական ճանապարհը չի հատել: Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ու խնամի Արա Մինասյանը, նրա խոսքով,  օրինական ճանապարհով հատել ե ն ՀՀ սահմանը. Այդ ժամանակ որևէ խափանման միջոց չի կիրառվել, ես իրավունք չունեի որևէ մարդու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակել:

Լևոն Սարգսյանի գտնվելու վայրը, Վաեցյանի խոսքով, գիտեն, արաբական երկրներից մեկում է: Պարզապես, նրա խոսքով, այդ մարդկանց հետ բերելու մեխանիզմները պետք է գտնել, հեշտ չէ այլ երկրից մարդ բերելը:

Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ով գտնվում է Պրահայում, Արթուր Վանեցյանն ասաց, որ տեղյակ չէ մանրամասներին՝ նա ապաստան ստացել է այնտեղ, թե ոչ: Քաղաքական ապաստան, ըստ Վանեցյանի, հետախուզվողներից որևէ մեկը չի ստացել:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության հարցին:

Կառավարության նիստից հետո լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է ՀՀ առաջին նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելը. Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ: Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ՝ մենք կհարուցենք քրեական գործեր:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն աշխատում է տարբեր ուղղություններով և եթե լինեն փաստեր՝ իրենք կհրապարակեն:

Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ուզում է շեշտել՝ ԱԱԾ կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չունեն. Այսինքն՝ եթե մենք ինչ-որ գործ հարուցում ենք, քննում ենք, ավարտում ենք, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին մենք սկզբնական խոսում ենք, ստանում ենք իրենց 100 տոկոսանոց ապացույցը: Երբ գործերը արդեն հասնում են դատարան, ընդունվում են դատաքննության բոլոր կողմերի կողմից: Կարող է մի քիչ թվալ, որ մենք դանդաղ ենք գործում, տպավորություն ստեղծվի, որ հասարակությունն ավելի շատ բան գիտի կոռուպցիոն հանցագործությունների մասին, որոնք մեր կողմից չեն բացահայտվում: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորիդ, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց կա շատ կարևոր հանգամանք՝ մենք պետք է ունենանք 100 տոկոսանոց ապացույցներ, առաջնորդվենք միայն օրենքներով: Եվ եթե մենք չկարողանանք պահպանել օրենքի պահանջները, եթե չլինեն այն հիմքերը, որով մենք կարող ենք մարդուն մեղադրանք առաջադրել և հետագայում մեղադրական եզրակացությունն ուղարկել դատարան, մենք երբեք գործողություն չենք անի:

Վանեցյանը հավելեց, որ չի հերքում՝ կոռուպցիոն հանցագործություններ այսօր էլ են կատարվում երկրում, և ԱԱԾ-ն դրան ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում: Օրինակ՝ օրերս ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա՝ կաշառք վերցնելու փաստով. Այսինքն՝ քաղաքացիների բոլոր մտահոգությունները, թե՝ սա թալանեց, դրան չբռնին, նրան չբռնին, տարբերություն են դնում մարդկանց մեջ, ոչ: Մենք անում ենք էն, ինչը հաստատվում է:

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հարկային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված գործին. Նախաքննության ընթացքոմ պարոն Ավետիսյանի ընտանիքը, եթե չեմ սխալվում, որդին դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը նվիրաբերելու ցանկություն է հայտնել: Նվիրել է պետությանը, քրեական գործը իր հունով շարունակվում է քննվել:

Արթուր Վանեցյանը նշեց, որ դեռ չգիտի՝ հյուրանոցն արդեն անցել է պետությանը, թե ոչ: Ըստ նրա՝ կա օրենսդրւթյուն՝ եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, քրեական գործի հետագա ընթացքը կարճվում է:

Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը ծավալուն գործ է, ներգրավված են նաև այլ անձինք,- լրագրողներիս ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. Այո, շատ ծավալուն քրեական գործ է, որի վերաբերյալ չեմ կարող մանրամասներ ասել: Բայց դուք մի սևեռվեք Քոչարյանների ընտանիքի վրա: Ես Քոչարյանների ընտանիքի հետ որևէ անձնական խնդիր չունեմ: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր, ներդրում ունեցել է, եղել է  Արցախի առաջին նախագահը, և ես՝ որպես սպա, ազգային անվտանգության ծառայության աշխատող, որը նաև այդ տարիներին է ծառայել, չեմ կարոող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ:

Հարուցված քրեական գործը, նրա խոսքով, արդյունք է ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի, ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց ամփոփումը եկել է նրան, որ կա հանցակազմ: Եվ, ըստ Արթուր Վանեցյանի, հարուցվել է քրեական գործ:  ԱԱԾ-ում, նրա խոսքով, քննվում է Քոչարյանների վերաբերյալ ընդամենը մեկ գործ:

Դավիթ Լորենց

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...