Elections 2017

Երեկ ՏԻՄ ընտրություններ էին մի շարք մարզերում: Արմավիրի մարզում համայնքապետ էին ընտրում հինգ գյուղում: 

«Հետք»-ի փոխանցմամբ՝ նախնական հաշվարկներով բոլոր համայնքապետերը վերընտրվել են, այդ թվում` լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացրած Վարդանաշեն համայնքի ղեկավարը:

Մարզում ամենաինտրիգային ընտրությունը սպասվում էր Վարդանաշեն համայնքում: Համայնքապետ Արթուր Մանուկյանը 2018թ. նոյեմբերի 19-ին լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում էր ներկայացրել ավագանուն: Նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար, սակայն, արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն նախկին համայնքապետ Արթուր Մանուկյանը ևս ինքնառաջադրվել էր:

Ստացած քվեներով Արթուր Մանուկյանը դարձյալ ընտրվել է համայնքապետ: Նրա օգտին քվեարկել է 283 մարդ, իսկ միակ մրցակից Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 233 քվե: Վարդանաշենում ընտրելու իրավունք ուներ 822 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 528-ը:

Հայկավան համայնքում ընտրապայքար չի եղել: Թեկնածուն մեկն էր՝ գործող համայնքապետ Ռուբեն Ղազարյանը: 1093 ընտրող ունեցող գյուղում քվեարկությանը մասնակցել է 335 մարդ, որից 323 մարդ կողմ է քվեարկել համայնքապետի թեկնածուին, 9-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Հովտամեջում թեկնածուները երեքն էին: 218 քվեով վերընտրվել է գործող համայնքապետ Արմեն Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Սուրեն Նավասարդյանը, հավաքել է 186 ձայն:

Հովտամեջում ընտրելու իրավունք ունի 908 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 568-ը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...