Arayik Harutyunyan

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։ Նա սկսում է կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել: Այս մասին Հարությունյանը տեղեկացրել է Facebook-ի իր պաշտոնական էջի միջոցով։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ստորագրել է Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:

Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով: Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նախագահ Սահակյանին, որը 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին:

Թե՛ վարչապետի, թե՛ պետական նախարարի և թե՛ նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում իմ առաքելությունն է եղել աշխատել և օգտակար լինել մեր հայրենիքի առաջընթացին: Ուրախ եմ, որ այսօր ձևավորված է արհեստավարժ թիմ, որն ի զորու է ապահովել Կառավարության ծրագրով նախատեսված բարձր ցուցանիշները:

Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման», – ասված է նրա հայտարարության մեջ:

Արայիկ Հարությունյանի պաշտոնից ազատվելու դիմումը հատկանշական է այն առումով, որ նա համարվում է 2020 թ-ին Արցախում սպասվող նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածուն։

Հիշեցնենք, ավելի վաղ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւս հայտարարեց Արցախի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին նշելով, որ շուտով սկսելու են ստորագրահավաք: Այնեւհետեւ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով:

Այսպիսով Արցախում 2020 թ-ի նախագահական ընտրություններին երեք հիմնական թեկնածու է նշմարվում: Մեկը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որին նախագահական ընտրությունների ֆավորիտ տեսնում են շատերը (Դաշնակցական Արթուր Աղաբեկյաննվերջերս դրա մասին բացահայտ հայտարարեց), երկրորդը՝ Վիտալի Բալասանյանը, իսկ երրորդը՝ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...