Բանակում սննդի հնարավոր մատակարարը ոլորտի հետ կապ չունի

- in Կարծիք

Պաշտպանության նախարարությունը մտադիր է փոփոխել զորամասեր սննդի մատակարարման կազմակերպման շղթան՝ այդ ծառայությունը պատվիրակելով մասնավոր ընկերությունների։ 

Պաշտպանության նախարարությունը բանակին սննդի մատակարարման գործող շղթան փոփոխելու համար իր հիմնավորումներում նշում է, որ «հաճախակի են դարձել խնդիրները՝ սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով»։

Պաշտպանության նախարարության՝ փետրվարի 21-ի կառավարության նիստին ներկայացված հիմնավորման մեջ նշվում է․

«Նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չի կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը, և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է Զինված ուժերում ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով»․

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է միասնականացնել սննդի ձեռքբերման, պատրաստման այս շղթաներն ու այն պատվիրակել մասնավորին։ Զորամասեր սննդի մատակարարման այս խոշոր ծրագրի համար նախարարությունը հայտեր է ընդունել։ Այս գործընթացով հետաքրքրության հայտեր են ներկայացրել երկու ընկերություն, որոնց հետ պաշտպանության նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքելու։

Կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը չներկայացրեց այն ընկերությունների անունները, որոնք մտադիր են իրականացնել Զինված ուժերում սննդի մատակարարման փորձնական այս գործընթացը։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նիստի ընթացքում փորձեց պարզել՝ որոնք են այդ երկու ընկերությունները, և արդյոք սննդի ոլորտում մասնագիտացած ընկերություններ են։ Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, որ «կազմակերպություններից մեկը սննդի ոլորտում պարենավորում չի իրականացրել, սակայն ներգրավել է պրոֆեսիոնալ անձնակազմ, որը Ռուսաստանում ապահովել է 60,000 զինծառայողի սննդի ապահովում»։ Երկրորդը, որ հայտ է ներկայացրել, «հայտնի անուն ունեցող կազմակերպություն է, որը սննդի մատուցման ծառայություններ է իրականացնում Հայաստանում»։

ՍիվիլՆեթը գրում է, որ դրանցից մեկը «Արտ լանչ» ՍՊԸ-ն է, որն այս շուկայում հայտնի է, իսկ երկրորդը «Մեդիտեք» ընկերությունն է։

«Մեդիտեքը»  բժշկական սարքավորումների ու գործիքների մեծածախ առևտրով զբաղվող հայտնի ընկերություն է։ Սննդի ոլորտում այս ընկերության գործունեության մասին տվյալներ չկան։ Ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի,  ունի երկու բաժնետեր՝ Անուշավան Խաչատրյանն ու նրա որդին՝ Սամվել Խաչատրյանը։ Անուշավան Խաչատրյանը մտերիմ է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

«Մեդիտեքը»  բժշկական սարքավորումների ու գործիքների մեծածախ առևտրով զբաղվող հայտնի ընկերություն է։ Սննդի ոլորտում այս ընկերության գործունեության մասին տվյալներ չկան։ Ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի,  ունի երկու բաժնետեր՝ Անուշավան Խաչատրյանն ու նրա որդին՝ Սամվել Խաչատրյանը։ Անուշավան Խաչատրյանը մտերիմ է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ մտադրված է եղել միանգամից, առանց որևէ հայտի ընդունման, այս ծառայությունը պատվիրակել «Մեդիտեք»-ին։ Կառավարությունում ներքին քննարկումների ժամանակ, սակայն, այս հարցում համաձայնություն չի եղել, ու պաշտպանության նախարարությանն առաջարկվել է կազմակերպել հետաքրքրության հայտերի ընդունման գործընթաց։

Պաշտպանության նախարարության  ու «Մեդիտեք»-ի ճանապարհները նախկինում նաև դատարանում են խաչվել։ Նախարարությունը «Մեդիտեք»-ի հետ 2012-ին 63 միլիոն դրամի բժշկական սարքավորումների մատակարարման պայմանագիր է կնքել։ Մի քանի ապրանքների մասով, սակայն, նախարարությունը նշել է, որ մատակարարումները սահմանված ժամկետից ուշ են կատարվել, խախտվել է ժամանակացույցը, իսկ «Մեդիտեքը» տույժեր չի վճարել։ «Մեդիտեքը» հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով նախարարությանը պարտավորեցնել ընդունել սարքավորումները։ Նաև նշել է, որ պաշտպանության նախարարությունը որոշ ապրանքների մասով վճարումներ չի կատարել և անօրինական կերպով միակողմանիորեն լուծել է գնման պայմանագիրը։

2018-ի ապրիլի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռել է մերժել պաշտպանության նախարարության հայցը ու նրանից հօգուտ «Մեդիտեք»-ի բռնագանձել 1,2 միլիոն դրամ։

Կառավարության փետրվարի 21-ի նիստում Զինված ուժերին սննդի մատակարարման այս խնդրի քննարկմանը միջամտեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ այն մասնավոր սուբյեկտը, որ կստորագրի պայմանագիրը պաշտպանության նախարարության հետ, պետք է ներկայացնի պարտավորությունների կատարման ապահովման բանկային երաշխիք.

«Ենթադրում եմ՝ որպեսզի այս պիլոտն իրականացվի, ներդրումներ են պահանջվում։ Ինչպե՞ս ենք վստահ լինելու, որ չի ստորագրվի մի պայմանագիր, հետո այդ պայմանագրով չեն թափառի բանկերով, որ վարկ հայթայթեն, պայմանագրի կետերը կատարեն։ Կազմակերպության կողմից գումար ունենալ-չունենալու ռիսկը մենք չենք ծածկում։ Մենք ունենք ինչ-որ պրոցես, որով հասցնում ենք սնունդ, հիմա մենք այդ պրոցեսը դադարեցնում ենք՝ հույս ունենալով, որ այդ պիլոտային կազմակերպությունը կանի։ Բա որ հանկարծ չանի՞։ Պետք է ունենանք երաշխիք, որ հետո էդ երաշխիքով հետ ստացած գումարով վերականգնենք մեր ենթակառուցվածքը:

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը վստահեցրեց, որ նման երաշխիքներ կան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ոլորտում ակնկալում է շրջադարձային փոփոխություն։

Մկրտիչ Կարապետյան; ՍիվիլՆեթ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...