Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

- in Կրթություն

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին ամրացված Երեւանի Աբովյան փողոցի 58 հասցեի անշարժ գույքի վարձակալ անհատ ձեռներեց Կարեն Հարությունյանը դիմել է ՀՀ կառավարության անդամներին՝ պատմելով, որ 2016 թվականի սեպտեմբերից աշխատեցրել է վերոնշյալ համալսարանի ճաշարանը, երկու անգամ վերանորոգել այն, եւ մինչեւ երկրում տեղի ունեցած հեղափոխությունը՝ պարբերաբար «նալոգ» վճարել բուհի պրոռեկտոր Արմեն Մինասյանին։

Հեղափոխությունից հետո, երբ հրաժարվել է ամեն ամիս գումար վճարել, ստացել է ծանուցում՝ համալսարանի հետ կնքած «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» պայմանագիր վաղաժամ լուծելու մասին՝ վերոնշյալ տարածքի հիմնական վերանորոգում իրականացնելու պատճառաբանությամբ։ Հարությունյանը նշել է, որ պրոռեկտորի հետ «հարկեր» չվճարելու վերաբերյալ խոսակցության ժամանակ վերջինս ասել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ պայմանագրի վաղաժամ լուծման եւ այն չերկարաձգելու համար։

Կարեն Հարությունյանի գրության մեջ մասնավորապես ասված է․

«Մեծարգո պարոն նախարար,

2016 թվականի սեպտեմբերից Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ կնքել եմ «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» պայմանագիր, աշխատեցրել եմ թիվ 1 համալսարանական կլինիկայի բուֆետը։ 2018 թվականի հունվարի 31-ին վերակնքել եմ պայմանագիր մեկ տարի ժամկետվ։ Նշված ժամանակահատվածում ամեն ամիս անձամբ վճարել եմ գումար Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Միքայելի Մինասյանին։

Հեղափոխական շարժման ընթացքում ունեցել եմ ակտիվ եւ բացահայտ մասնակցություն, հրաժարվել եմ Մինասյանին «նալոգ» վճարելուց։ Նրա հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պատրաստ է անել հնարավորը՝ պայմանագրի վաղաժամ լուծման եւ այն չերկարաձգելու համար։

Այս երկու տարիների ընթացքում երկու անգամ կատարել եմ բուֆետի կոսմետիկ եւ հիմնական վերանորոգում, խոհանոցը վերազինել եմ անհրաժեշտ սարքավորումներով եւ պարագաներով։ Վերջինը կատարելեմ մեկ ամիս առաջ՝ նախապես բանավոր տեղյակ պահելով ղեկավարությանը։ Մեր արտադրանքի գներից եւ որակից գոհ են եղել թե՛ ուսանողները, թե՛ բուժանձնակազմը, թե՛ համալսարանի ղեկավարությունը, որոնք մինչ այդ խոսակցությունը սնվել են մեզ մոտ։

2018 թվականի սեպտեմբերի 10-ին ստացել եմ ծանուցում՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ից պայմանագիրը վաղաժամ լուծելու վերաբերյալ՝ վերոնշյալ տարածքի հիմնական վերանորոգում իրականացնելու պատճառաբանությամբ։

Խնդրում եմ Ձեր միջնորդությունը վերոնշյալ խնդիրը անաչառ լուծելու եւ պայմանագիրը երկարաձգելու հարցում։

Նախկին ռեժիմի մնացորդները դեռ ակտիվ գործում եւ խոչընդոտում են զարգացմանն ու առաջընթացին։

Կանխավ շնորհակալ եմ, հարգանքով՝ Կարեն Ֆրունզեի Հարությունյան»,-ասված է դիմումի մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...