Mikayel Melkumyan

ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլիմովը Մոսկվայում ստորագրել են երկու կուսակցությունների գործակցության հուշագիր, որը 2009 թվականին ստորագրված հուշագրի վերահաստատումն է:

Այլ կերպ ասած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գործնականում վերահաստատում է, թե քաղաքական ինչպիսի դիապազոնում է գործելու Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մեծ հաշվով, իհարկե, այդ իմաստով առանձնապես դիրքավորման փոփոխության ակնկալելու հիմքեր ԲՀԿ-ն չի էլ դրսևորել, սակայն «Եդինայա Ռոսիայի» հետ գործակցության հուշագրի փաստացի վերահաստատումը, անշուշտ, խորհրդանշական է: Խորհրդանշական է հատկապես այն առումով, որ Միքայել Մելքումյանը Մոսկվա մեկնել է Հայաստանի ԱԺ պատվիրակության կազմում, որ գլխավորում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան և, փաստորեն, դա առաջին պաշտոնական այցն է, որ արտերկիր կատարում է Հայաստանի ԱԺ նախագահը: Ահա այդ այցի շրջանակում էր ԲՀԿ-ի ու «Եդինայա Ռոսիայի» միջև գործակցության հուշագրի ստորագրումը, եղած հուշագրի փաստացի վերահաստատումը ստացվում է կամա, թե ակամա յուրօրինակ ազդակ Ազգային ժողովի նախագահին կամ այն քաղաքական ուժին, որ ներկայացնում է Արարատ Միրզոյանը: Այստեղ, իհարկե, արժե հիշել, թե 2009 թվականին ստորագրված հուշագրի քաղաքական համատեքստում ինչ դեր է ունեցել «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներքաղաքական կյանքում: Իշխող համակարգի տրամաբանության շրջանակում կատարելով բուֆերի, ՀՀԿ անվտանգության բարձիկի դեր հանրության հետ հարաբերությունում, արտաքին ուղղությամբ ԲՀԿ-ն փաստորեն կատարել է լիովին հակառակ դեր և փակել ՀՀԿ նահանջի ճանապարհը: Խոսքը հենց այն մասին է, որ կուսակցությունը գործնականում ՀՀԿ-ի հետ մրցակցել է Ռուսաստանի շահերը Հայաստանում ապահովելու ուղղությամբ, ինչի գագաթնակետը դարձավ ոչիշխանական բևեռի ձևավորումն ու նաև դրա մեծ օժանդակությամբ Հայաստանի եվրասիականացման ձևակերպումը՝ Եվրաասոցացման ընդհատման միջոցով:

Հետո արդեն եղավ 2015-ի փետրվարը, հայտնի զարգացումները, երբ Գագիկ Ծառուկյանի՝ Մոսկվա այցից հետո, երբ նա վերադարձավ Երևան, Սերժ Սարգսյանին Ռուսաստանից տրվեց ոչիշխանական բևեռը ցրելու հավանությունը, որովհետև ԲՀԿ առաջնորդությամբ այդ բևեռը կատարել էր իր դերը, փակել էր սեպտեմբերի 3-ի հեռանկարից Սերժ Սարգսյանի նահանջի ճանապարհը: Ինչ շրջափուլ է սկսելու նոր համաձայնագրով, որ ԲՀԿ-ն ստորագրում է «Եդինայա Ռոսիայի» հետ: Թեև, այս դեպքում իհարկե անհրաժեշտ է արձանագրել, որ խոսքն այլևս ոչ միայն բոլորովին այլ «Եդինայա Ռոսիայի», այլ ընդհանրապես բոլորովին այլ «Ռոսիայի»՝ Ռուսաստանի մասին է, որը հիմնավորապես այլ, ավելի ծանր ու բարդ վիճակում է: Վիճակ, որի հարցում, իհարկե, «եդինայա»՝ միասնական բնորոշումը, թերևս, ամենավերջինը կամ ամենահետինն է, որ կարող է համապատասխանել իրողություններին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •