Tavush gyux

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այսօր՝ ժամը 11:00-ին, հանքի շահագործման լսումներ պետք է կայանային, բայց գյուղացիներն ու ակտիվիստները խոչընդոտել են, և լսումները չեղարկվել են:

Իջևանից և մարզի այլ բնակավայրերից բնակիչներ ու ակտիվիստներ են հավաքվել Վազաշենի գյուղապետարանի մոտ՝ պաստառներով կոչ անելով համայնքապետարանին չգնալ նման ծրագրերի իրագործմանը:

Ձևավորվել է նաև «Տավուշն առանց հանքի» նախաձեռնություն, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Տավուշը բացառիկ մաքուր էկոլոգիական միջավայր ունեցող մարզ է, հետևաբար իրենք անընդունելի են համարում մարզի որևէ համայնքում մետաղական հանքի շահագործումը: Նախաձեռնությունն իր հայտարարությամբ Վազաշենի և հարակից համայնքների բնակիչներին կոչ էր արել ամեն գնով խոչընդոտել փետրվարի 27-ին հանրային լսումների անցկացմանը:

Հիշեցնենք, որ «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ն Վազաշենի Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել: Գյուղի բնակիչների մի մասը, սակայն, կողմ են, որ հանք բացվի: Գյուղացիներից ոմանք այսօր լրագրողներին ասել են, որ հանքի գործարկումը հնարավորություն կտա, որպեսզի համայնքի երկտասարդները տեղում աշխատեն, չմեկնեն արտագնա աշխատանքի:

Վազաշենի գյուղապետը տեղի ունեցածի մասին հրաժարվել է լրագրողներին մեկնաբանություններ տալ:

Գյուղացիների խոսքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս կողմ չէ, որ այս փուլում հանրային լսումներ լինեն:

«Մարզպետի ասածն այն էր, որ Բնապահպանության նախարարությունն ամեն ինչ արել է օրենքի սահմաններում, բայց դեռ վաղ է լսումներ անցկացնելը, իրազեկման խնդիր կա: Նա ասաց՝ այս ամենը սկսվել է նրանից, որ համայնքապետարանը ավագանու հետ միասին որոշում է կայացրել ու սկսել այս գործընթացը, ինչը հակասում է գյուղի ռազմավարությանը: Մեր տեսլականն այն է, որ այս մարզում հանք չշահագործվի, զարգանան այն ոլորտները, որոնք մարզի կայուն զարգացումը կապահովեն»,- ասում են մարզի բնակիչները:

Spread the love