Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը օրակարգում դնելու կամ չդնելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ օրակարգի հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել բարձրացնելու ԵՊՀ-ի գիտակրթական գործունեության արդյունավետությունը։

Նրա խոսքով` համալսարանում առկա են ուսանողների թվի բացասական դինամիկա,  ֆինանսական միջոցների կառավարման ցածր արդյունավետություն, ինովացիոն ոլորտում բացակայող քաղաքականություն, արտասահմանյան ուսանողների ներգրավման խնդիր և այլն։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը առաջարկեց օրակարգը փոխարինել կամ լրացնել՝ Երևանի պետական համալսարանի շուրջ  ստեղծված իրավիճակի հարցի քննարկում:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդում բուհի կողմից ներկայացված որոշ անդամներ կարծիք էին հայտնում, որ ռեկտորին անվստահություն հայտնելուց առաջ պետք է խորքային քննարկումներ անել, վերլուծություններ անել եւ փաստարկված ձեւով հիմնավորել, որ կան նրան անվստահություն հայտնելու հիմնավոր պատճառները:

Երկու օրակարգային հարցն էլ դրվեց քվեարկության, սակայն արդյունքում դրանք չհաստատվեցին, և նիստը հետաձգվեց: Թե երբ կլինի հաջորդ նիստը, առայժմ հայտնի չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...