Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը փետրվարի 28-ին գումարելու է արտահերթ նիստ: Օրակարգում ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցն է:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում մասամբ հաստատելով՝ ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգարիտա Ապրեսյանն ասաց. «Էլեկտրոնային փոստով ծանուցում եմ ստացել, որ լինելու է արտահերթ նիստ: Բոլորին էլ ուղարկում են: Ճիշտն ասած՝ չեմ նայել՝ ումից է ծանուցումը, երեւի քարտուղարն է ուղարկել: Նիստի օրակարգը չկար»:

Նա ասաց, թե լրացուցիչ չի փորձել պարզել՝ ինչ պատճառով է նիստ հրավիրվում. «Մի քիչ զբաղված եմ, միջազգային քննությունների հարցն է, դրա համար խորամուխ չեմ եղել»: Իսկ եթե պարզվի, որ առաջիկա նիստում ռեկտորին անվստահություն հայտնելու հարցն է լինելու, ինչպե՞ս կվերաբերվի դրան: Ամբոնի վարիչը չի շտապում հարցին միանշանակ պատասխանել: «Ես չգիտեմ: Գիտե՞ք ինչ, նախօրոք կանխագուշակումներ անել չեմ կարող: Համենայնդեպս ես իմ մտավորականի եւ համալսարանականի կարծիքը պարտավոր եմ արտահայտել: Ես չգիտեմ՝ ինչ կլինի: Իմ կարծիքը չեմ կարծում այդքան կարեւոր լինի: Այսինքն՝ հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն եմ, բայց ժամանակը եւ իրադարձությունը ցույց կտան»,- ասաց Մարգարիտա Ապերսյանը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ն է: 8-ական անդամ ներկայացված է կառավարության, կրթության եւ գիտության նախարարության, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության կողմից: Մամուլում լուրեր էին հրապարակվել, թե խորհրդի այն անդամները, որոնք ընտրվել են բուհի կողմից, հրավիրվում են Ոստիկանություն եւ Ազգային ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրանց վախցնում են, թե պետք է քվեարկել ռեկտորի պաշտոնանկության օգտին: «Ինձ ոչ ոք չի վախեցրել: Զրույցներն ընդամենը համալսարանի, համալսարանի ապագայի մասին են եղել: Ես չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել, բայց անձամբ ինձ հետ եղել է նորմալ զրույց»,- ասաց ամբիոնի վարիչը՝ հրաժարվելով մանրամասնել, թե հատկապես ում հետ կամ որտեղ է եղել այդ զրույցը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից տեղեկացանք, որ փետրվարի 28-ին հրավիրված նիստի օրակարգում միայն մեկ հարց է՝ ռեկտորի լիազորությունների դադարեցումը: Նա առայժմ չի մեկնաբանում, թե ինչով է հիմնավորվում այդ անհրաժեշտությունը. դրա պատճառն Արամ Սիմոնյանին վերագրվող չարաշահումների դեպքի առիթով հարուցված քրեական գո՞րծն է, ուսանողական տարբեր նախաձեռնությունների պահա՞նջը, կրթության եւ գիտության նախարարի ցանկությո՞ւնը՝  ԵՊՀ 100-ամյակը դիմավորել առանց Արամ Սիմոնյանի, թե՞ մեկ այլ բան:

«Խորհուրդը նիստը կգումարի, վերջում կտա իր եզրակացությունը: Նիստից առաջ ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ իրավասու չեմ: Նախագահն այդ օրը հանդես կգա զեկույցով, եւ ամեն ինչ պարզ կլինի հանրությանը: Օրակարգը բաժանված է, բոլորին հասել է: Այսքանը կարող եմ ասել ձեզ»,- արձագանքեց Արթուր Իսրայելյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունը ցանկացողների ու դա նախաձեռնողների ընդդիմախոսներն ընդգծում են, որ նույն խորհուրդը ընդամենը կարճ ժամանակ առաջ միաձայն հաստատել էր ռեկտորի հաշվետվությունը: Հոգաբարձուների խորհրդի քարտուղարն առաջարկեց մնացած բոլոր հարցերի պատասխանն ակնկալել նիստի օրը:

Նա, անլուրջ համարելով խորհրդի անդամներին ուժային կառույցներ հրավիրելու մասին լուրերը, չհերքեց, որ ինքը հանդիպել եւ զրուցել է նրանց հետ: «Խորհուրդը ձեւավորվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Շատ մարդկանց ես ուղղակի չգիտեի, անձամբ ծանոթ չէի: Չծանոթանայի՞նք, իրար հետ չքննարկեի՞նք, հարցեր ենք որոշելու, ռազմավարության հետ կապված խնդիրներ են լինելու: Ուսանողներից մեկ կամ երկու հոգու էի ճանաչում: Աշխատանքային եւ ոչ աշխատանքային հանդիպումներ, իհարկե, պետք է լինեն: Չլինե՞ն այդ հանդիպումները: Մարդիկ իրար տեսնեն միայն խորհրդի նստի ժամանակ կամ դրանից տասը րոպե առա՞ջ»,- տարակուսեց Արթուր Իսրայելյանը:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: Երրորդ անգամ վերընտրվելու հնարավորություն ստեղծվել էր բուհի կարգավիճակի փոփոխությունից հետո, երբ համալսարանը պետական ոչ առեւտրային կազմակերպությունից դարձավ հիմնադրամ:

Հ.Գ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում բուհի կողմից ներկայացված անդամներից շատերըխուսափում էին խոսել առաջիկա նիստի վերաբերյալ հարցերի շուրջ: Խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանն էլ առաջարկեց բոլոր հարցերը հետաձգել մինչեւ նիստի օրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...