Միգուցե զարմանալի հնչի՝ Արամ Սիմոնյան անձի, մարդու հետ խնդիր չկա, այլ խնդիր կա համալսարանի ապագայի, կրթության որակի, համալսարանում տեղ գտած արատավոր երեւույթների վերացման վերաբերյալ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցություն-ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռկտոր Արամ Սիմոնյանի անվան շուրջ պտտվող լուրերին ու բուհում տեղի ունեցող իրադարձություններին։

Պատգամավորն ասաց, որ եթե հեղափոխությունից հետո ժամանակին սկսվեր բարենորոգումների գործընթաց, ապա այսօր այս խնդիրները չէին առաջանա։ Հովհաննիսյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք ԿԳ փոխնախարար եղած ժամանակ էլ է բարձրացրել։

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը վստահ չէր պնդի, որ որոշում կա, թե Արամ Սիմոնյանը չպիտի պաշտոնավարի․

«Խորհրդի կազմը գիտեք, 50-50 հարաբերակցույթամբ է, չէի պնդիր, որ միանշանակ գիտենք, որ խորհուրդը անվստահություն է հայտնելու»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ԵՊՀ-ն, բացի կրթական հաստատություն լինելուց, միշտ եղել է քաղաքական իրադարձությունների կիզակետում, դրա համար սլաքները միշտ ուղղվում են դեպի ԵՊՀ-ն․

«Ես, լինելով համալսարանական եւ դասավանդելով այնտեղ, չէի ցանկանա, որ համալսարանի շուրջ այսքան աղմուկ բարձրացվեր եւ քաղաքականցվեր, որովհետեւ դա ուղղակիորեն ազդում է դասախոսների աշխատունակության վրա, ուսանողների գիտելիքներ ստանալու վրա եւ այլն։ Համալսարանում շատ-շատ են լավ կադրերը, նույնիսկ դեկանների, ամբիոնների վարիչների մեջ կան շատ լավ մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում ինքնադրսեւորվելու տեղ չեն ունեցել»։

Պատգամավորը հույս հայտնեց, որ ապագայում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությամբ իշխանությունը շատ քիչ մասնակցություն է ունենալու բուհերի կառավարման խորհուրդների վրա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...