ԵՊՀ-ում կատարած բացահայտումների ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում

- in Կրթություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Ոստիկանության հաղորդագրության վերաբերյալ պարզաբանում է տարածել` անդրադառնալով ԵՊՀ-ում արձանագրված չարաշահումներին:

«ՀՀ ոստիկանության տարածած երեկվա հաղորդագրության՝ ԵՊՀ-ում հնարավոր չարաշահումների մասին տվյալները ստուգելու նպատակով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրությունների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ ներկայացված տվյալները հետաքննության փուլում անհրաժեշտ, հրապարակման ենթակա մասն է միայն։

Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության, այսինքն՝ նյութերի նախապատրաստման այս փուլում։

Հիշեցնենք, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Դեպքերի հանգամանքները պարզվելու են նախաքննությամբ»,-ասված է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը ԵՊՀ-ում ապօրինությունների վերաբերյալ հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ նշված էր, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլեւ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետեւանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:

Պարզվել է նաեւ, որ Երեւանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին:

Այս ապօրինության հետեւանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:

ԵՊՀ-ն էլ իր հերթին էր հաղորդագրություն տարածել, որտեղ նշված էր. «Պաշտոնապես հայտարարում ենք, որ համալսարանի որեւէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է եւ մանիպուլյատիվ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...