ԵՊՀ-ում կամ կորել, կամ գողացել են 30 հազար կտոր անգլերեն գրականություն։ Այս մասին հայտնում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս Յուլիա Անտոնյանը։

«Վերջերս ես ստացա նամակ Արիզոնայի համալսարանի հայազգի պրոֆեսոր Վիկտոր Փամբուկչյանից: Նա ուղղակի գտել է իմ և ԵՊՀ-ի մի քանի այլ դասախոսների հասցեները ու գրել, հույս ունենալով պատասխանի:

Նա վերջին 20 տարվա ընթացքում հավաքել ու ԵՊՀ-ի գրադարան է ուղարկել պատմության, մշակութային մարդաբանության, արվեստաբանության, գրականագիտության, մաթեմատիկայի ոլորտում հրատարակված անգլերեն լեզվով գիտական գրականություն: Ընդհանուր առմամբ, գրքերի և հանդեսների քանակը մոտավորապես 30 000 (!!!!) է:

Բայց Հայաստան իր վերջին այցի ժամանակ նա բացահայտել է, որ գրքերի մեծ մասը հասանելի չեն ուսանողներին: Առավելևս նա պատահական վերնագրերով փնտրեց կատալոգում ու չգտավ իր գրքերը: Փաստորեն, այդ գրքերը կամ գցած են մի տեղ և անտեսված /լավագույն դեպքում/ կամ գողացած, վաճառված ու կորցրած: Պրոֆեսոր Փամբուկչյանը շատ վշտացած է:

Ես պատրաստվում եմ պարզել,թե ուր են այդ գրքերը, բայց կարծում եմ, որ պետք է նաև այդ խնդրին հրավիրել ոլորտում ազդեցիկ մարդկանց ուշադրությունը, ինչպես նաև ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների:

Ժողովուրդ, 30000 կտոր անգլերեն լեզվով գիտական գրականություն, մի հատ երևակայեք», – ասված է նրա Facebook-յան էջում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...