Որքան էլ զավեշտալի հնչի, բայց պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը նախկին ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ամենապինդ ու դիմադրողունակ կառույցն է։

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ռեժիմի կողմից տնօրինվող բոլոր ամրությունները մեկը մյուսի հետևից անձնատուր եղան՝ Երևանի քաղաքապետարանից մինչև պառլամենտ։ Բայց համալսարանն իր հին վարչակազմի հետ միասին դեռևս շարունակում է համառ դիմադրություն ցույց տալ, ինչը, կարծես թե, ստացվում է։ Փաստորեն ԵՊՀ-ն՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, հակահեղափոխության ու հին ռեժիմի վերջին բաստիոնն է։

Իրավիճակն այս, իհարկե, չի կարող երկար շարունակվել։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Արամ Սիմոնյանն այլևս որևէ առաքելություն չունի համալսարանում ու պետք է հեռանա։ Սրա մասին գիտի նաև հենց ինքը՝ ռեկտորը, բայց դեռևս դիմադրում է։ Դիմադրում է, քանի որ ռեկտորի պաշտոնը միակ միջոցն է քրեական պատասխանատվությունից ժամանակավորապես խուսափելու համար։ Այսինքն՝ պարոն Սիմոնյանը, ամենայն հնարամտությամբ ու ցինիզմով, իր դեմ կազմակերպվող ցանկացած գործընթաց ներկայացնում է որպես քաղաքական հետապնդում, ինչպես նաև միջամտություն բուհական ինքնավարությանը։

Սա իսկապես սուտ է, քանի որ, եթե իշխանությունները որոշեին միջամտել բուհի ինքնավարությանը, ապա պարոն Սիմոնյանը մեկ օր էլ չէր դիմանա ռեկտորի պաշտոնում։ Նա մինչ օրս պաշտոնավարում է, ու դա վկայությունն է այն բանի, որ հիմնախնդրի կարգավորման համար ընդունելի է բացառապես օրինական ճանապարհը։

Ակնհայտ է, որ շուտով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը անվստահություն է հայտնելու ռեկտոր Արամ Սիմոնյանին, ու վերջինս ստիպված է լինելու հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։ Ահա այս տեղեկությունն է սարսափեցրել պարոն Սիմոնյանին ու նրան աջակցություն հայտնած ՀՀԿ-ի քարոզիչներին։ Երբեմնի փառահեղ քարոզչական գվարդիան ստանձնել է ռեկտորին ու ԵՊՀ-ն քաղաքական ճնշումներից պաշտպանելու գործը՝ կազմակերպելով քննարկումներ ու բողոքի ակցիա։

Բայց բոլորի համար էլ պարզ է, որ քարոզիչներին ո՛չ ԵՊՀ-ն է հետաքրքիր և ո՛չ էլ Արամ Սիմոնյանի տխրահռչակ ճակատագիրը։ Նրանք փորձում են օգտվել ստեղծված խառնաշփոթ իրավիճակից ու ստեղծել այնպիսի տպավորություն, իբրև թե նոր իշխանությունները շարժվում են քաղաքական հետապնդումների ու ռեպրեսիաների ճանապարհով։ Քարոզիչները գիտեն նաև, որ պաշտոնից ազատվելուց հետո, ամենայն հավանականությամբ, ռեկտորը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, և ահա համանման մանիպուլյացիոն հնարքների միջոցով փորձ է արվում այդ իրավական գործընթացներին նույնպես քաղաքական ենթատեքստ հաղորդել։

Այսինքն՝ ո՛չ ԵՊՀ-ի և ո՛չ էլ Արամ Սիմոնյանի պաշտպանության հարց չկա, բոլոր այս գործողությունները ուղղված են իշխանությունների դեմ։

Քարոզչական հնարքներն այս, իհարկե, անպտուղ են ու անարդյունք և երբեք չեն գտնի հանրային լայն զանգվածների պաշտպանությունը։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ում Հանրապետական կուսակցության դրածոն է ու իր գործունեության ընթացքում սպասարկել է բացառապես կուսակցության ու Սերժ Սարգսյանի շահերը։ Սրանից ելնելով մարդիկ նաև հասկանում են, որ ՀՀԿ-ի դրածոն պետք է հեռացվի համալսարանից։

Վերջապես հեղափոխության արժեքները պետք է մտնեն ԵՊՀ, չէ՞ որ հեղափոխությունն էլ կյանքի կոչվեց հենց համալսարանականների համառ ու անզիջում պայքարի արդյունքում։ Եթե ուսանողները դուրս չգային փողոց, ապա դժվարանում եմ ասել, կլինե՞ր հեղափոխություն, թե՞ ոչ։

Ռեկտոր Արամ Սիմոնյանին հորդորում ենք խոհեմություն ու պարկեշտություն դրսևորել ու հեռանալ ռեկտորի պաշտոնից, մեկ րոպե շուտ հեռանալ ու փակել համալսարանի պատմության այդ տխրահռչակ էջը, երբ նրա պաշտոնավարման ընթացքում ԵՊՀ-ն կուսակցականացվել էր՝ վերածվելով ՀՀԿ-ական որջի, դասախոսներն ու ուսանողները ենթարկվում էին քաղաքական հետապնդումների, իսկ համալսարանն էլ ներքաշված էր կոռուպցիոն գործարքների ու տարատեսակ այլ գործընթացների մեջ։

Արամ Սիմոնյանը ռեկտոր լինելուց զատ նաև պատմագետ է։ Պետք է արձանագրենք, որ նա իսկապես տաղանդավոր գիտնական է ու սիրուն գրիչ ունի։ Ժամանակին առիթ եմ ունեցել կարդալ նրա մենագրություններն ու հոդվածները։ Սրանից ելնելով ակնկալում եմ, որ պարոն Սիմոնյանը կհեռանա արժանապատիվ ճանապարհով ու վերստին կզբաղվի պատմագիտությամբ ու հայագիտությամբ, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մնացել են արժանապատիվ բաժանման հնարավորություններ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...