Ժամանակին հեղափոխությանն իբր աջակցածները մի կողմ են նետում դիմակներն ու անցնում բացահայտ պայքարի

- in Կեղտոտ լվացք
AJ

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ նոր իշխանությունների դեմ ընդդիմության եւ ռեւանշիստների նախաձեռնած «սառը պատերազմը» թեւակոխում է թեժ փուլ:

Խնդիրը ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների առանձին վերցրած ելույթները չէին, ոչ էլ «Իմ քայլի» որոշ պատգամավորների մեղրածոր դիֆերամբները (որոնք հայտնի չէ՝ ավելի շատ օգո՞ւտ տվեցին կառավարությանը, թե վնաս), խնդիրը քննարկումների ընդհանուր մթնոլորտն էր: Իսկ ընդդիմադիրների բուն ասելիքը (ի դեպ՝ լրատվամիջոցների ու սոցցանցերի աննախադեպ բուռն աջակցության ուղեկցությամբ) սա էր՝ «Նիկոլը խաբել է ժողովրդին ու շարունակում է խաբել, ժողովուրդը հիասթափված է, իսկ մենք կանգնած ենք ժողովրդի կողքին»: Մեկն այս նույն բանն ասում էր նվնվան ձայնով ու դեմքի մտահոգ արտահայտությամբ, մի ուրիշը՝ ագրեսիվ ժեստիկուլյացիայով, երրորդը՝ ավելի մեղմ ձեւակերպումներով, բայց ընդհանուր միտումն ակնհայտ էր:

Իսկ ինչո՞ւ է սա հիմքեր տալիս եզրակացնելու, որ ժամանակին հեղափոխությանն իբր աջակցածները մի կողմ են նետում դիմակներն ու անցնում բացահայտ պայքարի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում շարքային քաղաքացիների աջակցությունից բացի որեւէ այլ աջակցություն չունի ու չի էլ ունեցել: Պարզապես քանի դեռ այդ աջակցությունն անվերապահ էր՝ քաղաքական ուժերն իրենց ներկայացնում էին որպես հեղափոխության աջակիցներ, իսկ հիմա, համարելով, որ այդ աջակցությունը զգալիորեն թուլացել է, որոշել են, որ դիմակները հանելու ժամանակն է: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեպքում իրավիճակն այլ էր. նրանք երկրի ներսում շարքային քաղաքացիների աջակցությունը չունեին, բայց փոխարենն ունեին քրեաօլիգարխիկ համակարգի աջակցությունը, խոշոր բիզնեսի աջակցությունը, պալատական մտավորականության աջակցությունը եւ այլն, իսկ դրսից՝ Ռուսաստանի աջակցությունը (որովհետեւ հաճույքով էին ընդունել «ֆորպոստի» կարգավիճակն ու պարտքի դիմաց էլ գույք էին տալիս):

Իսկ ի՞նչ պիտի անեն քաղաքական ուժերը, եթե որոշել են, որ իշխանությունների դեմ բացահայտ պայքար սկսելու ժամանակն է: Ճիշտ է, պիտի փորձեն իշխանություններից խլել նրանց միակ զենքը (կամ՝ իշխանությունների «տակից քաշել» նրանց միակ հենարանը): Մինչեւ հիմա դրանով զբաղվում էին միայն ՀՀԿ-ն ու քոչարյանական լրատվամիջոցները, իսկ փետրվարի 12-ից սկսած՝ «գործընթացին» միացան նաև ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»: Ըստ երեւույթին ռեւանշիստները «մասնակի զորահավաք» են հայտարարել («համընդհանուր զորահավաքի» դեպքում երեւի նաեւ բողոքի հրապարակային ակցիաներ ու նախկինների հետ առնչություններ ունեցող հիմնարկների գործադուլներ կլինեն):

Ու որպեսզի նոր իշխանությունները հանկարծ դրսից որեւէ աջակցություն չստանան (նախկիններին թվում է, թե քանի որ իրենք դրանից չեն խորշել՝ նորերը նույնպես չեն խորշի), ակտիվորեն «աշխատում են» նաեւ «դրսերի» հետ: Տարբեր խողովակներով Ռուսաստանին ուղերձներ են հասցնում, թե «զգույշ եղեք, սրանք հերիք չի՝ Հայաստանում գունավոր հեղափոխություն են արել, հիմա էլ ուզում են դա արտահանել Ռուսաստան, սրանք ձեր թշնամիներն են», իսկ Արեւմուտքին այլ ուղերձներ են հասցնում՝ «տեսեք, սրանք ռուսական զորախմբի կազմում զորք են ուղարկում Սիրիա, այսինքն՝ զգույշ եղեք, սրանք Ռուսաստանի դաշնակիցներն են ու հետեւաբար՝ ձեր թշնամիները»: