«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ

- in Պաշտոնական

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ։ Այդ գումարից ծախսվել է 236 մլն դրամ, այս պահին առկա է 622 մլն դրամ մնացորդ։

Այս մասին այսօր հայտնեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի անցյալ ամիսների ամփոփման եւ հաշվետվության համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հակոբյանն ասաց, որ հիմնադրամի վեց ամսվա ընթացքում ունեցել են 2 գործուղում՝ նաեւ դրամահավաքի նպատակով։ Այդ գործուղումների վրա ծախսվել է 832 հազար դրամ, հավաքագրած գումարը եղել է 97 մլն 440 հազար դրամ, իսկ մյուս գործուղման ծախսը պահանջել է 3 մլն 642 մլն դրամ, եւ 75 մլն դրամ գումար է հավաքագրվել։

Աննա Հակոբյանը հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամն ունի 16 աշխատակից՝ գործադիր տնօրեն, սոցիալական եւ առողջապահական ծրագրերի համակարգող, կրթական ծրագրերի համակարգող, մշակութային ծրագրերի համակարգող, հանրային կապերի պատասխանատու, մամուլի քարտուղար, դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու, «Քայլ առ քայլ» ծրագրի փորձագետ, շինարարական ծրագրերի պատասխանատու, ծրագրերի գծով պատասխանատու եւ գործադիր օգնական։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, պատգամավոր Վահագն Թեւոսյանը, դերասան Արսինե Խանջյանը, երգիչ-երգահան Սերժ Թանկյանը եւ այլք։

Վարչապետի տիկինն իր խոսքում նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամը դեռեւս չունի տարածք, այս պահին վարձակալած տարածքում են, եւ բացի այդ՝ ձեռք չեն բերել որեւէ գույք, աշխատողներն էլ աշխատում են սեփական տեխնիկայով։

Ինչ վերաբերում է հիմնադրամի նվիրատուների քանակին՝ Հակոբյանը հայտնեց, որ դրանք 114-ն են՝ կազմակերպություն կամ անհատ։ Ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 մլն դրամ, որի նպատակը Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգումն է, իսկ ամենափոքր նվիրատվությունը՝ 1000 դրամ՝ անհատ քաղաքացուց։

Հիմնադրամի նախագահն ասաց, որ գործառնական ծախսերը կազմել են մոտ 24 մլն դրամ՝ աշխատավարձերի եւ գործուղումների համար։ Ի դեպ՝ այս ամիսների ընթացքում հիմնադրամը մուծել է մոտ 3 մլն դրամ հարկ։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության 5 ամիսների ընթացքում հիմնադրամի հաշվին մուտք է եղել 264 մլն դրամ։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների նախագահ Աննա Հակոբյանը՝ հիմնադրամների անցյալ ամիսների ամփոփման եւ հաշվետվության համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հակոբյանը հայտնեց, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը եղել է 51 մլն դրամ, ամենափոքրը՝ անհատից՝ 1000 դրամ։ Նվիրատվությունները ստացել են 85 անհատներից եւ կազմակերպությունից․ «Այս հիմնարդրամն ունի 100-ից ավելի շահառու երեխա, ինչպես գիտեք՝ հիմնադրամն այժմ ծածկում է միայն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծախսերը։ Այդ ծախսերի համար այս հինգ ամիսներին ծախսել ենք 70 մլն դրամ՝ դեղորայքի, վիրահատությունների, վիրահատական սարքերի, լաբորատոր հետազոտությունների, սննդի համար։ Տասից ավելի միջոցառում է կազմակերպվել ինչպես երեխաների համար, այնպես էլ՝ դրամահավաքի»,-ներկայացրեց հիմնադրամի նախագահը։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են նախագահ Աննա Հակոբյանը, «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ 100» բ/հ-ի նախագահ Տիգրան Գալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, մանկական ուռուցքաբան-արյունաբան Լիլիթ Սարգսյանն ու Գեւորգ Թամանյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը եւ այլք։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...